08:45
05/24/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
-Փողը ես հարստություն չեմ համարում…

2013-02-28 11:27

«Դե Ֆակտո» 20 (2008թ.)

Հարցազրույց Հայբիզնեսբանկ ՓԲԸ վարչության նախագահ Արա Կիրակոսյանի հետ

-Ինչպիսի՞ ճանապարհ է անցել Հայբիզնեսբանկը, կներկայացնե՞ք նրա պատմությունը, ովքե՞ր են սեփականատերերը:

-Բանկը ստեղծվել է դեռևս 1991թ. դեկտեմբերին Հայինվեստբանկ  ՓԲԸ անվանումով: 2006թ. բանկում կատարվեց բաժնետերերի փոփոխություն, որի արդյունքում բաժնետերեր դարձան ԲԲԸ Ուկրպրոմբանկը, Ալֆա Գարանտ  ապահովագրական  և Քրիստի մենեջմենթ  ընկերությունները:

Այս փոփոխության արդյունքում էլ փոխվեց բանկի ընդհանուր քաղաքականությունը, ինչպես նաև անվանումը և 2006թ. օգոստոսից բանկը սկսեց գործել որպես Հայբիզնեսբանկ ՓԲԸ:

2006թ. առաջին հերթին խնդիր դրվեց կտրուկ ավելացնել մատուցվող բանկային ծառայությունների քանակը և տեսակները, ինչպես նաև շուկայում ներկայանալ տարածքային ստորաբաժանումներով: 2006թ. նոյեմբերին բացվեց առաջին` Կենտրոն մասնաճյուղը, իսկ 2007թ. ընթացքում ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցվել են 13 մասնաճյուղ, որոնցից ութը գտնվում են Երևանում, իսկ հինգը` Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզերում և ԼՂՀ-ում:

2008թ. ընթացքում շարունակելու էնք ընդլայնել բանկի մասնաճյուղային ցանցը, մասնաճյուղերի քանակը հասցնելով 23-ից 25-ի:  

-Որքա՞ն էր բանկի կապիտալը և որքա՞ն է աճել մեկ տարվա ընթացքում:   

-2007թ հունիսին բանկի բաժնետերերի կողմից կանոնադրական կապիտալը համալրվել է 2 մլրդ. 700 մլն. դրամով և այժմ կազմում է 5 մլրդ դրամ, իսկ բանկի ընդհանուր կապիտալը` 6 մլրդ-ից ավելի:

Նշված ներդրումը նպաստեց ՀՀ բանկային շուկայում բանկի բավականին ակտիվ մասնակցության  ցուցաբերմանը, որի հետևանքով հնարավոր դարձավ իրագործել մեր կողմից որդեգրված քաղաքականությունը:

Պետք է նշել նաև, որ բանկի քաղաքականության մեջ փոփոխություններ կատարվեցին և° ծառայությունների, և° վարկային ապրանքատեսակների առաջարկի մասով: Սկսեցինք տրամադրել տարատեսակ վարկեր` առևտրային, սպառողական, ինչպես նաև հիփոթեքային վարկեր: Մեր հիփոթեքային վարկերի պորտֆելն արդեն կազմում է 1 մլրդ դրամ: 2008թ. պլանավորել ենք ավելացնել հիփոթեքային վարկերի մեր պորտֆելը և առավել ակտիվ գործել ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում և ԼՂՀ-ում: 

Ի դեպ բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովում որոշում է կայացվել համալրել  բանկի  կանոնադրական կապիտալը նաև 2008թ ընթացքում:

-Այսօր վարկ վերցնելու գործընթացն այնքան էլ մատչելի ու դյուրին չէ, բավական խոչընդոտների են հանդիպում մարդիկ: Բանկերը չե՞ն վստահում հասարակությանը:

-Ցանկացած երկրում էլ վարկ տրամադրելը ներառում է  որոշակի գործընթաց: Վարկն իր մեջ ռիսկ է պարունակում, և բանկը պարտավոր է այդ ռիսկը գնահատել: Ռիսկի գնահատման արդյունքում էլ որոշվում է վարկ տրամադրե՞լ, թե՞ ոչ: Խոչընդոտները չէի ասի, որ շատ են, բայց որոշակի խնդիրներ կան զուտ փաստաթղթային մասում, որոնք կապված են օրինականության հետ: Թեև պետք է նշեմ, որ գնալով ավելի  թափանցիկ է դարձել ՀՀ տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը: Նման ձեռնարկությունների վարկունակությունն ավելի հեշտ է գնահատել:

-Ձեր բանկը մեծ հաջողությունների հասավ, բայց բացի Հայբիզնեսբանկից, բազմաթիվ առևտրային բանկեր են գործում այսօր Հայաստանում: Հասարակությունը վստահություն ունի՞ այդ բանկերի նկատմամբ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այն երևույթը, որ շատ հաճախ նախապատվություն է տրվում արտասահմանյան բանկերի մասնաճյուղերին: Հասարակությունը չի՞ վստահում մեր բանկերին:

-Հայաստանում արտասահմանյան բանկերի մասնաճյուղեր չկան, կան ուղղակի արտասահմանյան կապիտալով բանկեր: Իսկ ինչ վերբերվում է վստահությանը, ապա կարող եմ արձանագրել, որ այսօր ՀՀ բանկերի հանդեպ վստահությունը բավականին բարձր է:

Դրա մասին է վկայում նաև մեր բանկի օրինակը. ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդային պորտֆելը մոտ մեկ տարվա ընթացքում 400 մլն դրամից աճել է հասնելով մինչև 4.9 մլրդ դրամի: Այսինքն` մեկ տարվա ընթացքում 12 անգամ ավելացել է ավանդային պորտֆելը ֆիզիկական անձանցից ներգրավված միջոցների գծով:

Շնորհակալությունս եմ  հայտնում մեր հաճախորդներին վստահության համար: Մեր հանդեպ ցուցաբերված վստահությունը պարտավորեցնում է` առաջարկվող ծառայությունների բազմազանությամբ, որակով, սակագնային ճկուն քաղաքականությամբ գոհացնել մեր հաճախորդներին:

-Ձեր հաջողությունը ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Հավաքվեց թիմ, որը  բավական սրտացավ մոտեցավ իր աշխատանքին: Ի սկզբանե մեր առջև խնդիր դրեցինք բանկը ճանաչելի դարձնել Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Կարծես թե ստացվեց` սակագնային ճկուն քաղաքականություն, սպասարկման որակի բարձրացում և բազմազան ծառայությունների առաջարկ, որոնք բերեցին նշված խնդրի իրագործման:

2006թ. մեր բանկը դարձավ ԱՐՔԱ վճարային համակարգի լիիրավ անդամ: Սկսեցինք թողարկել ԱՐՔԱ պլաստիկ քարտեր: 2007թ-ից արդեն թողարկում ենք MasterCard  պլաստիկ քարտեր, առաջարկում ենք նաև քարտային այլ ծառայություններ: Բավականին սերտ համագործակցություններ սկսվեցին արտասահմանյան բանկերի հետ: Մասնավորապես` AMERICAN EXPREXX BANK LTD, MASHREQBANK PSC, CB RUSSLAVBANK, UKRPROMBANK, SAVINGS BANK OF RUSSIAN FEDERATION  բանկերի հետ: Բանկում գործում են Western Union   և ԱՆԵԼԻՔ  վճարային համակարգերը: Բացի դրանից, ստորագրել  ենք  համապատասխան պայմանագրեր միջազգային այլ բանկերում նոր թղթակցային հաշիվներ բացելու համար:

2007թ. կարողացանք պայմանագրեր կնքել Արմենթել, Վիվասել, Հայռուսգազարդ, Հայաստանի էլեկտրական ցանցեր, Երևան-Ջուր կազմակերպությունների հետ: Այսինքն` կարողացանք մեր հաճախորդներին  ապահովել նաև կոմունալ վճարների ամբողջական փաթեթի  առաջարկով, որը բավականին բարդ էր, քանի որ բանկը բավականաչափ ճանաչված չէր, չուներ տարածքային ստորաբաժանումների լայն ցանց: Սակայն մեր կողմից մատուցված որակյալ բանկային ծառայությունների արդյունքում կարողացանք հասնել նրան, որ հաճախորդները վստահեցին մեզ և ընդունեցին մեր ծառայությունները:

Բանկային ի՞նչ ծառայություններ եք կիրառում, որը միայն Ձեր բանկն է առաջարկում:

Այսօր բանկային համակարգի ծառայությունների շուկայում մեր կողմից ներդրվել է ծառայության նոր տեսակ, որի սպասարկումն իրականացվում է բացառապես Հայբիզնեսբանկի կողմից: Դա` արտարժույթի փոխանակման ավտոմատ սարքերի միջոցով արտարժույթի փոխանակման ծառայությունն է:

Նման ծառայություն մատուցող քսան սարքավորում ենք ներկրել Հայաստանի Հանրապետություն, որոնցից 13-ը արդեն տեղադրված են և գործում են` Երևանում, Գյումրիում և Ստեփանակերտում: Առաջիկա ամիսներին նախատեսում ենք ներկրել ևս 20 սարք:

USAID-ի հետ կնքած համագործակցության պայմանագրի շրջանակներում նախատեսվում է շուկայում հանդես գալ նոր լիզինգային ծառայություններով:

-Արդյո՞ք այսօր հայաստանյան բանկերի միջև կա առողջ մրցակցություն: Եթե, այո, ապա ինչո՞ւ են առաջարկվող տոկոսադրույքներն ու ծառայությունները  նույն ժամկետներում իրականացվում: Բանկերի միջև ներքին պայմանավորվածությու՞ն կա:

-Բացարձակապես ներքին պայմանավորվածություն չկա: Բանկային շուկայում մրցակցելը բավականին դժվար է, և շատ  հետաքրքիր: Հետաքրքիր է նաև աշխատելն այդ պայմաններում: Բանկերից յուրաքանչյուրն ինքն է իրականացնում իր մարքեթինգը և որոշում բանկային ծառայությունների սակագներն ու ժամկետները: Ելնելով արդեն շուկայում գործող սակագներից և ժամկետներից` մրցակից բանկերը սկսում են ավելի բարենպաստ պայմաններ առաջարկել` ապահովելով առողջ մրցակցություն: Այսինքն, շուկան է ձևավորում ներկայիս գործող ծառայությունների սակագներն ու ժամկետները:

Այժմ շուկայում ծառայությունների սակագների և ժամկետների ավելի արագ փոփոխման միտում է նկատվում: Օրինակ` մեր բանկում յուրաքանչյուր ամիս ամփոփվում են բանկային համակարգում գործող և՛ սակագները, և՛ ժամկետները, և՛ ընդհանրապես առաջարկվող ծառայությունների ցանկը: Այս պահին մենք ունենք համապատասխան մասնագետներ, որոնք զբաղված են նաև համաշխարհային բանկային համակարգում գոյություն ունեցող բանկային նոր ծառայությունների ուսումնասիրությամբ և այդ ծառայությունները մեր բանկային շուկայում ներդնելու գործընթացով:

-Ամբողջ քաղաքակիրթ աշխարհում փոքր և միջին բիզնեսը կարողանում է գոյատևել, զարգանալ, բանկային վարկերի միջոցով: Հայաստանում կա՞ այդպիսի նախաձեռնություն` աջակցել փոքր և միջին բիզնեսին: 

 -Բնականաբար, կան: Օրինակ` մեր բանկն առաջարկելով վարկավորման բազմապիսի տեսակներ, առավել մեծ ուշադրություն է դարձնում հատկապես փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ու վարկավորմանը, որովհետև դա ամենահետաքրքիր զարգացող ոլորտն է այսօր: Դա այն ոլորտն է, որը բավականին թերի է, և լրացնելու տեղ կա, բացի դրանից նաև այն ոլորտն է, որից բանկը կարող է ակնկալել առավել մեծ եկամուտներ, քան կորպորատիվ բիզնես ներկայացնող հաճախորդներից: Եվ, ի վերջո, փոքր և միջին բիզնեսը վարկավորելով` նպաստում ենք տվյալ բիզնեսի զարգացմանը: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում այս ոլորտի զարգացմանը և առաջիկայում նախատեսում ենք  հենց փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը նպաստելու համար բանկի միջոցների հաշվին վարկային նոր ծառայություն մշակել և ներդնել: Նոյեմբեր ամսին մենք մասնաճյուղ բացեցինք Քաջարանում: Այդ նախագծի շահագրգռվածությունը այն էր, որ քաղաքում գործում էր ընդամենը մեկ բանկի մասնաճյուղ, և մինչև մեր մուտք գործելը, մրցակցություն չկար, առաջարկների տարբերակում չկար: Բացի այդ` տվյալ տարածաշրջանում է տեղակայված  մեր խոշորագույն լեռնահանքային արդյունաբերական ձեռնարկությունը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որին սպասարկում են շուրջ 100-ից ավելի փոքր և միջին ձեռնարկություններ, որոնք էլ բիզնեսը զարգացնելու և իրենց կողմից առաջարկվող ծառայություններն առավել հետաքրքիր դարձնելու նպատակով որոշակի վարկային միջոցներով ապահովվելու կարիք ունեն: Եվ Քաջարանում մասնաճյուղ բացելով` հիմնականում այդ ուղին ենք բռնել, որը չի խանգարում նաև պղնձամոլիբդենային կոմբինատի հետ համագործակցելուն, որի համար  շնորհակալ  եմ պղնձամոլիբդենային կոմբինատին: Մեր քաղաքականությունն ուղղված է փոքր և միջին բիզնեսը զարգացնելուն, Քաջարանում հիփոթեքային վարկավորումը զարգացնելու, ֆիզիկական անձանց տարբեր տեսակի ծառայություններ մատուցելուն:

-Իսկ գյուղատնտեսությանը աջակցելու նախագծեր ունե՞ք:

-IFAD (գյուղատնտեսական զարգացման միջազգային ծրագիր) գրասենյակի հետ մենք ունենք կնքած մինչև 150.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի գյուղատնտեսության զարգացմանն ուղղված վարկավորման պայմանագիր, համաձայն որի վարկեր տրամադրվում են անասնապահության, այգեգործության, գյուղատնտեսական մթերքների վերամշակման, այլ կերպ ասած` գյուղատնտեսության ամբողջ սպեկտորին:  Բնականբար, մինչև 150.000 դոլար վարկային ծրագիրն ենթադրում է, որ պետք է ֆինանսավորել փոքր տնտեսություններին: Ի դեպ` պայմանները բավական մատչելի են: Անցած 2-3 ամիսների ընթացքում նշված ծրագրի շրջանակներում մեր բանկի կողմից արդեն տրամադրվել են վարկեր: Վարկավորման տեսակետից գյուղատնտեսությունը տնտեսության բավականին ռիսկային հատվածներից է, որն ինքնին պահանջում է ռիսկերի առավել ուշադիր և խստորեն գնահատում, բայց դա չի նշանակում, որ տվյալ ծրագրի շրջանակներում վարկավորումն ոչ մատչելի պետք է դառնա մեր հաճախորդների համար: Բանկի կողմից տվյալ ծառայության իրականացման որակից է կախված, թե հաճախորդին որքանով է հետաքրքիր այդ բանկի հետ համագործակցելը: Մենք աշխատում ենք հնարավորինս մատչելի դարձնել այդ գործընթացը:

-Այսօր ԲՈՒՀ-երը բազմաթիվ կադրեր են պատրաստում: Արդյո՞ք համալսարան ավարտ մեր մասնագետները որակական առումով բավարարում են աշխատանքային պահանջները:

- Այսօր մենք ունենք կադրային լուրջ խնդիր, ունենք մասնագետների մեծ պահանջարկ, որը որոշեցինք լուծել հետևյալ կերպ. դիմեցինք Երևանի պետական տնտեսագիտական համալսարան և ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետ, որոնք ներկայացրեցին իրենց չորրորդ և մագիստրատուրայի առաջին կուրսի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին, որոնց հետ անցկացվեց հարցազրույց: Ներկայումս ընտրվել են ութ ուսանողներ, որոնց համար արդեն նշանակվել է ամենամյա կրթաթոշակ: Մենք ընտրված ուսանողներին կհրավիրնք պրակտիկաների, նրանց համար կկազմակերպենք սեմինարներ բանկում, USAID-ի հետ պայմանավորվածության շրջանակներում ուսանողներին կուղարկենք  համապատասխան թրեյնինգների: Մեր կողմից կկազմակերպվեն նաև դասախոսություններ ԲՈՒՀ-երում և կփորձենք նրանց լիարժեք մասնագետներ դարձնել մինչև ԲՈՒՀ-ն ավարտելը: ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո այդ ուսանողները կդառնան մեր աշխատակիցները: Այս նախաձեռնությունը շարունակական է լինելու և իրականացվելու է յուրաքանչյուր տարի, քանի որ այսպիսով մենք և՛ ձեռք ենք մեկնում ԲՈՒՀ-ին, և՛ նաև մյուս ուսանողների մոտ իրենց գիտելիքները խորացնելու ձգտում ենք առաջացնում: 

-Առջևում նախագահական ընտրություններն են, նման գործընթացները որքանո՞վ են ազդում Ձեր գործունեությանը: 

-Որևէ ընտրություն` լինի նախագահական, թե ԱԺ-ի, որևէ ազդեցություն չունի բանկի գործունեության վրա:

-Դոլարի փոխարժեքի անկումը ինչպե՞ս է ազդում Ձեր աշխատանքի վրա և, ըստ Ձեզ,  որքա՞ն ժամանակ այս իրավիճակը կշարունակվի:

-Դրամի արժևորումը բերել է տնտեսությունում ազգային արժույթի նկատմամբ վստահության բարձրացման, որը առավել նախընտրելի է դարձրել դրամով գործառույթները և վարկերի տրամադրումը: Օրինակ` մենք դրամային ավանդների  տոկոսադրույքները սահմանել ենք ավելի բարձր, քան դոլարայինը: Մենք մտածված ենք գնացել այդ քայլին, հաշվի չենք առել այն հանգամանքը, որ արժևորվում է դրամը, պետք է այս դեպքում հակառակը լիներ` արժևորվում է դրամը, դրամով տոկոսադրույքը ավելի ցածր լիներ, քան դոլարով: Այսօր մեր ավանդային պորտֆելի 90%-ը դրամային ավանդներն են կազմում: Վստահությունը դեպի ազգային դրամը բավականին դրական երևույթ է օտար արժեքներից ազատվելու համար: Ինչ վերաբերվում է դոլարի արժեզրկմանը, չեմ կարող ասել, թե որքան ժամանակ այն կշարունակվի:

-Դրամի Ձեր սիրած կուպյուրը ո՞րն է:

-Հազար դրամանոցն է, որովհետև մենք հիմա այն շենքում ենք, որը  պատկերված է 1000 դրամանոցի վրա: Դա մեր բանկի շենքն է:

-Ինչպե՞ս եք տնօրինում Ձեր ազատ ժամանակը:

-Ազատ ժամանակն այնքան քիչ է, որ հիմնականում այն անցկացնում եմ ընտանիքիս, ընկերներիս հետ: 

-Ի՞նչ եք կարծում կյանքում հաշվարկները ճիշտ են:

-Գործում` հաշվարկները ճիշտ են, կյանքում` ոչ: Կյանքում` մարդկային հարաբերություններում, հաշվարկներով չի կարելի առաջնորդվել: Եթե փողին որպես փող նայես, ապա շատ  վատ հետևանքներ տեղի կունենան:

-Փողը Ձեզ համար արժե՞ք է:

-Փողը ընդամենը ապրելու միջոց է: Կան արժեքներ, որոնք ես համարում եմ հարստություն` ծնողները, հայրենիքը, ընտանիքը, աշխատակիցները: Փողը ես հարստություն չեմ համարում:

 

                                                                  Հարցազրույցը` Ս. Թամազյանի

 

   



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...