15:07
04/18/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Էռնա Էլիզբարյան

2013-03-01 11:12

«Դե Ֆակտո» 22 (2008թ.)

-Կնոջ արտաքին ամուր կեցվածքը կարող է ընդամենը պատրանք լինել

Հարցազրույց Էռնա Էլիզբարյանի հետ

-Ինչպիսի՞ն պետք է լինի կինը:

-Կինը պետք է լինի խելացի և ցանկալի` ճիշտ ժամին ճիշտ վայրում հայտնվելով: Դա է կնոջ հաջողության հասնելու միակ գրավականը: Կնոջ արտաքին տեսքը պետք է համահունչ լինի նրա մտավոր կարողությունների հետ: Ես կարծում եմ, որ գեղեցիկ կինը իրավունք չունի գեղեցիկ ներաշխարհ  չունենալ ու մտավոր կարողություններով չփայլել: Կնոջ արտաքին ամուր կեցվածքը կարող է ընդամենը պատրանք լինել. ցանկացած ուժեղ համարվող կին չափազանց փխրուն հոգի ունի: Կնոջը շատ հեշտ է համոզել, նրան տղամարդը կարող է մի քանի քնքուշ խոսքերով համոզել:

-Ինչպիսի՞ն չպետք է լինի կինը:

-Կինը միանշանակ չպետք է անբարոյական լինի: Կինը պետք է հարգանք ներշնչի, որպեսզի տղամարդիկ հիանան նրանով: Կինը պետք է սիրի, հարգի և գնահատի իրեն, այլապես տղամարդիկ նույնպես չեն հարգի իրեն: Կնոջ ամենամեծ զենքն իր բարոյականությունն է:

- Ո՞ւմ եք համարում կատարյալ կնոջ կերպար:

-Քաղաքականության մեջ շատ եմ համակրում Քոնդոլիզա Ռայսին: Բայց երբևէ չեն եղել այնպիսի կանայք, որոնք ինձ համար կուռք կլինեին ու ես կձգտեի նմանվել նրանց: Ես միշտ ձգտել եմ մնալ այնպիսին, ինչպիսին Աստված ինձ ստեղծել է: Ես շատ կանանցով եմ հիանում ու գնահատում եմ նրանց, բայց նմանվել նրանց չեմ ցանկանում:

-Ե՞րբ է կինն իրեն երջանիկ զգում:

-Կինն իրեն երջանիկ է զգում միայն այն դեպքում, եթե սիրած տղամարդն իր կողքին է: Որքան էլ կանայք երազեն գլխապտույտ հաջողությունների մասին, կինը երջանիկ է միայն իր ամուսնու և երեխաների կողքին: Կնոջ գլխավոր երազանքը մայրանալն ու ընտանիք կազմելն է:

-Ինչպիսի՞ն է  կնոջ դերը հայ հասարակական կյանքում:

-Կանայք այնքան էլ ներգրավված չեն հասարակական կյանքի մեջ: Այստեղ իր որոշիչ դերն է կատարում հայկական մենթալիտետը. կանայք չափազանց պասսիվ են: Ես կարծում եմ, որ պետության կայացման մեջ մեծ դեր կարող են ունենալ կանայք, պետք է կանանց ավելի մեծ տեղ հատկացնել հասարակական ու քաղաքական կյանքում: Կանայք կարող են այնպիսի հաջողությունների հասնել ու այնպիսի ներդրումներ ունենալ երկրի զարգացման գործընթացում, որոնց տղամարդիկ չեն կարող հասնել: Կինն ի ծնե պարտավորության մեծ զգացում ունի, որն էլ օգնում է ճանապարհ հարթել ու հաղթանակներ տանել: 

-Ինչպե՞ս է կինը հաջողությունների հասնում:

-Հաջողության կարելի է հասնել միայն աշխատասիրության շնորհիվ: Յուրաքանչյուրս նախ պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում ունենալ ու ինչի ենք ձգտում և այնուհետև սեփական ջանքերով գնալ դեպի մեր երազանքների իրականացումը: Չնայած որ մեծ դեր է խաղում նաև ճիշտ ժամանակին ճիշտ վայրում հայտնվելը, այնուամենայնիվ, հաջողությունը, ես կարծում եմ, աշխատասիրության փոխհատուցումն է:

-Ի՞նչ ճանապարհներով են հայ կանայք մուտք գործում շոու բիզնես:

-Ճանապարհները տարբեր են: Կան և° հեշտ, և° համեմատաբար դժվար ուղիներ, որոնք կարող են հաջողություններ ու ճանաչում բերել կնոջը հայկական շոու բիզնեսում: Թե որ ճանապարհն է ընտրում կինը, կապված է կնոջ բարոյահոգեբանական հատկանիշներից ու արժեքներից: Ես կարծում եմ, որ ընտրելով ամենադժվար ճանապարհները` հաջողությունն ավելի երկարատև է լինում, ու ավելի հաճելի է վայելել այդ ճանապարհով ձեռքբերված ճոխությունները, որովհետև այդ ամենի համար դու պարտական ես լինում միայն ինքդ քեզ: Շոու բիզնեսում, իմ կարծիքով, մեր երգիչների հիմնական մասը ճանաչում ձեռք են բերում ոչ իրենց ձայնային ու արտաքին տվյալների շնորհիվ: Շատ ավելի լավ տվյալներ ունեցող կանայք մնում են ստվերում, որովհետև կա մի սահման` անընդունելի սահման, որն անցնել ոչ բոլորն են կարող իրենց թույլ տալ: Բայց միևնույն ժամանակ շոու բիզնեսում կան նաև աղջիկներ, որոնց բախտը պարզապես բերում է. նրանք իրենց հաջողությունների համար ոչ մեկին պարտական չեն, չկա քավորասանիկական հարաբերություններ:

-Ընտանիքում կինը կարո՞ղ է ավելի մեծ դեր ունենալ, քան տղամարդը:

-Ես կարծում եմ, որ սեռային խտրականություն ոչ մի բնագավառում չպետք է լինի: Որպեսզի ընտանիքում լինի հաջողություն և համերաշխություն, բոլոր հարցերը պետք է միասին քննարկվեն և որոշումը պետք է միասին կայացվի: Ես կողմ չեմ մայրիշխանությանը, բայց դեմ եմ այն մտքին, որ կինը ծնված է միայն խոհանոցի համար, կարծում եմ, որ կնոջ ուսերին միշտ ավելի շատ հոգսեր են եղել ծանրացած: Երբ հետադարձ հայացք ենք գցում դեպի մեր պատմությունը, տեսնում ենք, որ գրեթե բոլոր պատերազմները եղել են կնոջ համար, կամ եղել են պատերազմներ, որտեղ կանայք որոշիչ դեր են ունեցել: Կանայք կարողացել են տղամարդկանց ճիշտ ղեկավարել ու ճիշտ ուղիով առաջնորդել նրանց: Շատ դեպքերում կինն ավելի խելացի ու ճիշտ որոշումներ կարող է կայացնել, քան տղամարդը:

-Իսկ ի՞նչ ճանապարհով եք ճանաչում ձեռք բերել Դուք:

-Ես ոչ մի ազդեցիկ բարեկամ չունեմ: Այն ամենը, ինչ ես և եղբայրս ունենք, եղել է միայն մեր կրթության և նպատակասլացության շնորհիվ: Ես 17 տարեկանից հայտնվել եմ Հանրային հեռուստատեսությունում ու վարել եմ ԿԻՐԱԿԻ երաժշտական ծրագիրը: Հեռուստատեսությունում հայտնվել եմ շատ պատահական: Տասը տարի առաջ ես պարապում էի մի դասախոսի մոտ, որի եղբայրն իմ արտաքին տեսքի մեջ հետաքրքիր գունային երանգներ նկատեց ու ինձ հարցրեց, թե արդյո՞ք ես կցանկանամ հաղորդավարուհի դառնալ: Ես համաձայնեցի: Ինձ թղթի մի կտոր տվեցին, ես սովորեցի բացումը, կարդացի` չիմանալով, որ այն արդեն եթեր է հեռարձակվելու: Այդպես սկսվեց իմ` հեռուստատեսային կարիերան: Ես նախընտրում եմ դանդաղ գնալ  դեպի հաջողություն, բայց հստակ քայլերով ու երկար վայելել այն: Այդ ճանապարհն ավելի խոստումնալից է:

-Բավականին երկար ժամանակ է, ինչ Դուք վարում եք ՙԺամը՚ լրատվական ծրագիրը: Երբևէ ցանկություն չի՞ առաջացել ունենալ հեղինակային քաղաքական ծրագիր ու վարել այն: 

-Քաղաքական մեկնաբան դառնալու համար տարիք, փորձ և երկար ճանապարհ է պետք անցնել: Ես վարել եմ մշակութային հաղորդում, իսկ այնուհետև ոստիկանական, իսկ քաղաքական ոլորտում ես ընդամենը չորս տարի եմ: Դա այնքան էլ մեծ փորձ չէ, որպեսզի ինձ համարեմ քաղաքական մեկնաբան և ունենամ իմ հեղինակային քաղաքական ծրագիրն ու վարեմ այն:

-Հաջողությունն ինքը կարո՞ղ է գտնել մարդուն, թե՞ անգամ ունենալով բոլոր համապատասխան գիտելիքներն ու ունակությունները և պարզապես երազելով հաջողությունների մասին` ոչնչի չես կարող հասնել:

--Նախ ես պետք է ասեմ, որ բոլորս ունենք մեր ճակատագիրը, և ինչ որ չափով արդեն նախապես սահմանված է, թե ով ինչպիսի հաջողությունների է հասնելու կյանքում: Բայց իմ գործունեության ընթացքում բոլոր դռները չեն, որ հեշտությամբ բացվել են իմ առջև, եղել են դռներ, որոնք ես ինքս եմ բացել: Շատ հաճախ ես պարզապես ստիպել եմ, որ ինձ լսեն, որովհետև իսկապես ասելու և ապացուցելու շատ բաներ եմ ունեցել: Չնայած որ եղել են նաև շատ անսպասելի ու կարևոր առաջարկներ, պարզապես նստել և սպասել, թե երբ է քո շնորհքը գնահատվելու ու երբ է քո կարիքն զգացվելու, չի կարելի: Յուրաքանչյուրս պետք է ձգտենք հայտնվել այն տեղում, որտեղ ցանկանում ենք հայտնվել և որտեղ իսկապես կարող ենք ինքնահաստատվել ու զբաղվել այն աշխատանքով, ինչով ուզում ենք զբաղվել:

Հասմիկ Մարտիրոսյան

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...