09:58
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Տեր Շահե քահանա Հայրապետյան

2013-03-06 11:33

«Դե Ֆակտո» 81 (2013թ.)

Եկեղեցին երկնքի արքայությունն է, պատրաստված հարսն է, որ պետք է միանա իր փեսային՝ Հիսուս Քրիստոսին, իր երկրորդ գալստյան ժամանակ. սա է հարսն ու փեսայի խորհուրդը

Տերունի տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին: Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին կնոջ մաքրության  40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում և իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ՝ արդեն մի քանի տարի է, ինչ Տեառնընդառաջի պատարագից հետո Հայոց եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ: Տեառնընդառաջի տոնին Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սրբ. Պատարագ: Եթե Տեառնընդառաջի օրը համընկնում է Մեծ պահքի շրջանին, ապա բացվում են եկեղեցիների Սբ. խորանների վարագույրները, մատուցվում պատարագ:

Տեր Շահե քահանա Հայրապետյան, Երևանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի              

-Արժանապատիվ Տե՛ր Շահե, ո՞րն է Տեառնընդառաջի խորհուրդը:

-Տեառնընդառաջի դրվագը Աստվածաշնչում մենք ընթերցում ենք Ղուկասու ավետարանում: Նկարագրվում է, թե ինչպես Հովսեփ աստվածահայրն ու Մարիամ Աստվածամայրը 40-օրական Հիսուս մանկանը  պետք է ընծայաբերեին, տանեին տաճար: Նրանք մանուկ Հիսուսին Նազարեթից բերեցին Երուսաղեմ և մտան Սողոմոնի տաճար: Ըստ Ղուկասու ավետարանի՝ այնտեղ էին Սիմեոն ծերունին և Աննա մարգարեուհին, որոնք մարգարեական խոսքեր էին ասում Հիսուսի վերաբերյալ, Սիմեոն ծերունին գրկեց  Հիսուսին և ասաց.ՙԱրդ արձակի՛ր քո ծառային, որովհետև իմ աչքերը տեսան Իսրայելի փրկությունը, և լույս հայտնվեց հեթանոսներին և բոլոր ժողովրդին՚:

Սիմեոն ծերունու մասին մենք տեղեկանում ենք եբրայական հին աղբյուներից: Նա եղել է այն 70  թարգմանիչներից մեկը, որին Պտղոմեոս արքան հրավիրեց Իսրայելից, որպեսզի Սուրբ գիրքը հունարեն թարգմանի: Նրան բաժին ընկավ Եսայու  մարգարեությունը: Եվ երբ հասավ այն տողերին, թե ՙԿույսը պետք է հղիանա ու բերի մի զավակ, և նրա անունը պետք է դնեն Էմանուել՚, որ թարգմանվում է ՙԱստված մեզ հետ՚, կասկածեց, թե կույսը ինչպես կարող է երեխա ունենալ: Այդ ժամանակ Տիրոջ հրեշտակը հայտնեց նրան, որ նա մահ չի տեսնելու մինչև չգրկի այդ մանկանը:

Նազարեթից մինչև Երուսաղեմ բավականին  երկար էր ճանապարհը, և  առավոտյան դուրս գալով՝ իրենք հազիվ երեկոյան հասել էին տաճար: Դանիելի մարգարեության մեջ մի հատված կա, որտեղ նկարագրվում է, թե ինչպես  Տերը պետք է մտնի տաճար, և արևելյան փակ դուռը պետք է բացվի: Երբ նրանք մտան տաճար, և երբ դուռը բացվեց, դղրդաց ամբողջ Երուսաղեմը: Այդ դղրդոցը լսելով՝ ողջ ժողովուրդը, ճրագները վառած, վազեց դեպի տաճար՝ Տիրոջն ընդառաջ: Այստեղից էլ ծագում է Տեառնընդառաջի անվան և խորհրդի գաղտնիքը:

-Տեառնընդառաջը կապվում է հեթանոսական տոնի հետ, ո՞րն է տարբերությունը:

-Գրիգոր Լուսավորիչը աստվածային իմաստությամբ զարդարված մի մարդ էր, ով կարողանում էր հեթանոսական  որևէ պաշտամունք վերաձևել քրիստոնեականի: Ինչպես ինքը ջրհեղեղին նվիրված տոնը կամ վարդամատն Անահիտին նվիրված տոնը՝ Վարդավառը, վերափոխեց Աստվածորդու պայծառացման, բայց ժողովրդի մեջ մնաց ջուր ցանելու   սովորությունը, այնպես էլ Տեառնընդառաջի տոնն էր, որ վերածեց քրիստոնեկան տոնի, և որպես սովորություն՝ պահպանվեց կրակի վրայով թռչելը: 

ժողովուրդը պահպանել է այդ տոնը իր հիշողության մեջ: Երբ մենք նայում ենք քրիստոնեական օրացույցը, այնտեղ գրված է.ՙՀրով շրջելը խոտելի է՚: Այսինքն՝ կրակի վրայով թռնելը կամ պտտվելը կրակի շուրջը արգելված է: 14-րդ դարում Գրիգոր Տաթևացին ասում է.ՙՈ՛վ կրակ,  տե՛ս, դու հիմա ոչ թե Աստված ես, այլ սովորական արարած, և մենք քո վրայով թռչելով՝ կոխոտում ենք քեզ՚: Բայց ժողովուրդը ունի գենետիկ զարմանալի հիշողություն, որն անխախտ է մնում դարերով:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից  40 օր հետո` փետրվարի 14-ին: Հայ եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը:

-Տեառնընդառաջի տոնին բազմաթիվ  զույգեր են ամուսնանում: Ինչի՞ հետ եք դա կապում, արդյո՞ք ոգեղենն է այդ որոշման հիմքը:   

-Մարդիկ սիրում են Տեառնընդառաջի ավանդությունը, և որոշում են այդ օրը ամուսնանալ, հաճախ նաև նշանադրված մարդիկ են գալիս, ուզում են իրենք էլ տոնել, բայց մենք, իհարկե, խորհուրդ ենք տալիս ամուսնանալ, հետո նոր տոնել: 

Հաճախ մենք նկատել ենք նաև, որ այդ որոշումը կապված է մարդկանց սոցիալական վիճակի հետ: Այսինքն՝ կարողություն չունեն և՛ պսակադրության, և՛ Տեառնընդառաջի տոնի հետ կապված ծախսերը հոգալու, այդ պատճառով էլ ընտրում են այդ օրը, որ երկուսը մեկ օրում տոնեն:

-Հաճախ այս տոնը մարդիկ նշում են տանը՝ բակում կրակ վառելով ու թռչելով դրա վրայով: Արդյո՞ք առանց եկեղեցի այցելելու և օրհնություն ստանալու տոնը կարող է լիարժեք համարվել:

-Իհարկե, լիարժեք համարվել չի կարող: Ինչպես նշեցինք վերևում,  ժողովուրդը եկավ ճրագներով դեպի տաճար՝ տեսնելու, թե ով է եկել, և թե ինչպես տաճարի փակ դուռը բացվեց և տեսան մանուկ Հիսուսին: Այսօր Տեառնընդառաջի տոնին սուրբ խորանից իջնում  են կանթեղները, և ժողովուրդը Հիսուսի լույսն է տանում իր տուն: Խորհուրդը սա է:

-Որքանո՞վ է կարևոր երիտասարդ զույգերի համար եկեղեցու օրհնությունը ստանալը:

-Ընդհանրապես, Պսակի խորհուրդը Տիրոջ արարչության շարունակությունն է: Երբ կարդում ենք Ծննդոց գիրքը, արարչության վեցերորդ օրը Աստված օրհնում է՝ ասելով.ՙԱճե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը՚: Եվ տաճարը՝ եկեղեցին, այն տեղն է, որտեղ բնակվում է ինքը՝ Տերը, և միշտ մարմնանում է մեզ համար գինու և հացի կերպարանքով, իր մարմինն ու արյունը բաշխում մեզ, որը մեզ կյանք է տալիս, հավիտենականություն է տալիս, մեր փրկության հույսն է դառնում, և մենք նորոգում ենք մեր ուխտը Աստծո հետ:

Երիտասարդն ինքը պետք է հասկանա, որ երբ գալիս է օրհնություն ստանալու Տիրոջից, միանգամից գնում է դրախտ՝ դեպի այն հիշողությունը, երբ Աստված ստեղծեց ու դրախտում տեղավորեց մարդուն, որովհետև եկեղեցին ինքը դրախտն է: Եկեղեցին Նոյան տապանն է, որ փրկում է մեզ ջրհեղեղից, եկեղեցին երկնքի արքայությունն է, պատրաստված հարսն է, որ փեսային՝ Հիսուս Քրիստոսին, իր երկրորդ գալստյան ժամանակ պետք է միանա, սա է հարսն ու փեսայի խորհուրդը: Նույնիսկ Պողոս առաքյալը եփեսացիներին ուղղված հինգերորդ գլխում ասում է.ՙԽորհուրդը շատ մեծ է, բայց ես ձեզ այն ասացի եկեղեցու և Քրիստոսի օրինակով՚: Այսինքն՝ այդ խորությունն ամբողջությամբ ընկալելը հասու չէ մարդուն:

-Ի՞նչ տարբերություն կա այն երիտասարդ զույգերի միջև, որոնցից մեկը գալիս է իրոք Աստծո օրհնությունը ստանալու՝ խորապես կարևորելով այն, իսկ մյուսը՝ պարզապես ավանդույթից ու արտաքին բովանդակությունից ելնելով, օրհնությունը նրանք հավասարապես ստանո՞ւմ են:

-Դուք ինձ դարձյալ տարաք դեպի Սուրբ գիրքը, երբ Պողոս առաքյալը ասում է.ՙԱստծո խոսքը ճեղքում է ջլերը, ոսկորները հասնում մինչև ոսկրածուծը՚: Մարդն այդ պահին ընկալում է, թե ոչ, կապ չունի, օրհնությունը ստանում է: Այն կարող է մեկ տարի հետո ծլարձակել կամ տաս տարի հետո, այն կարող է հենց այդ պահին մարդու սիրտը բացել և դարձնել նրան քրիստոնյա:

Քրիստոսի առակներից մեկն ասում է.ՙՍերմնացանը եկավ և սերմը ցանեց, մի սերմը ընկավ ճանապարհի եզրին, մյուսը՝ փշերի մեջ, մյուսները թռչունները կերան, մեկը ժայռի վրա ընկավ, բայց կան սերմեր, որոնք ընկնում են բարեբեր հողի վրա և տալիս են հարյուրավոր պտուղներ: Ես կուզենայի, որ ով գալիս է տաճար, այդ հարյուրավոր պտուղները տանի, մենք անհրաժեշտություն ունենք, որ պտղաբեր դառնա մեր ազգը, որովհետև իր նկարագիրը հենց ավետարանական նկարագիրն է: Հայ ընտանիքը կերտված է Աստվածաշնչի հիմքի վրա:

-Նորապսակները եկեղեցում միմյանց ասում են՝ ՙՏեր եմ, հնազանդ եմ՚: Կուզենայի փակագծերը բացեիք՝ ի՞նչ բովանդակություն կա այս խոսքերի հիմքում:

-Սուրբ գիրքն ասում է.ՙՈվ սիրում է իր կնոջը, պետք է զգեստավորի նրան, պետք է կերակրի նրան, պետք է սիրի նրան. ով սիրում է իր կնոջը, իր անձն է սիրում՚:

Հնազանդ լինել երբեք չի նշանակում ստրուկ լինել, այլ նշանակում է չհակադրվել, չստեղծել խնդիրներ, լինել սիրո, խաղաղության  աղբյուր ընտանիքում:

Ինչպես ասում էր Պողոս առաքյալը՝ ՙԿին արարածը տկար արարած է՚, այսինքն՝ միշտ նեցուկի կարիք ունի:  Նա նաև ասում է, որ տղամարդու մարմնի տերն ինքը չէ, այլ կինը և կնոջ մարմնի տերն ինքը չէ, այլ տղամարդը: Եթե նորապսակները կարողանան փոխադարձ զոհաբերություններ անել, հաշտեցնել իրենց մտածողությունները միմյանց հետ, կկարողանան ամուսնության լուծը խաղաղ տանել:

Այսօր բիրտ կերպարներ կան, ովքեր իբրև թե գիտեն Սուրբ գիրքը և ընկալում են այդ խոսքերն այնպես, թե կնոջ տերն են և  կարող են վարվել նրա հետ այնպես, ինչպես ցանկանում են, բայց դա բոլորովին էլ այդպես չէ:   

-Ինչպե՞ս պետք է մարդը վերաբերվի իր ես-ին, որպեսզի ճիշտ ապրի և՛ իր, և՛ շրջապատի համար:

-Ամբողջ ՙՀայր մերը՚ իր կառուցվածքով բաժանվում է երկու խոշոր մասերի: Առաջին մասը վերաբերվում է Երկնքին, երկրորդ մասը՝ Երկրին: Այնտեղ հետաքրքիր մի արտահայտություն կա՝ ՙՔո կամքը լինի՚: Եթե մենք կարողանանք այդ պահը ընկալել, թե ինչ է նշանակում Աստծո կամքը, ապա կհասկանանք՝ ինչպես վերաբերվել մեր ես-ին:  Որպեսզի Աստծո կամքը իմանանք, պետք է ընթերցենք Սուրբ գիրքը: 118-րդ սաղմոսում շատ պարզ ասում է.ՙԻնչով ուղղվի երիտասարդը, Տե՛ր, եթե ոչ քո խոսքով՚: Ընթերցենք Սուրբ գիրքը և կտեսնենք, որ Աստծո ճշմարտությունները դառնում են մեր սեփականը, և հակարծ մարդը ագրեսիվ վիճակից վերափոխվում է խաղաղ վիճակի, կարողանում է իր սկզբունքները դնել մի կողմ և համաձուլվել հասարակության հետ, հակադրություներ չորոնել ծնողների հետ, այսինքն՝ մարդը սկսում է իմաստնանալ:   

-Ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, ովքեր ուզում են ընտանիք կազմել կամ նոր են ամուսնացել:

-Սեր, առատորեն սեր իրենց, որպեսզի կարողանան հաղթահարել բոլոր դժվարությունները, որովհետև եթե իրենք չունենան անհրաժեշտ սիրո քանակը մեկը մյուսի հանդեպ, ապա հաստատ սկեսուրի մեկ ծուռ նայվածքը կամ հարևանի բամբասանքը բուն կդնի իրենց սրտում և կսկսի ավերը: Նրանց սերը պետք է կերտվի բարոյական նկարագրի, փոխադարձ խոնարհությունների հիման վրա: Սերը լավ դպրոց է երիտասարդ զույգերի համար, որովհետև ՙԱստված սեր է՚:

Հարցազրույցը՝  Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...