





2013-03-22 11:16
«Դե Ֆակտո» 60 (2011թ.)
Հոգուս մեջ ես դու ամենուր,
Ի՜մ ուսուցիչ, ի՜մ անգին,
Դու հարատև լույսի աղբյուր,
Մտքի զանգակ առաջին:
Մարգարիտա Գասպարյան
Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի
Անգնահատելի է ուսուցչի նվիրումն ու սերը, որոնք, մասնագիտական բարձր որակների հետ մեկտեղ, ամբողջացնում են նրա կերպարը, հաղորդում նրան անմոռանալի փայլ, որն անջնջելի հետք է թողնում մեզանից յուրաքանչյուրի կյանքում:
Այս իմաստով առանձնանում է առաջին ուսուցիչը, ով նվիրյալ մանկավարժ լինելուց զատ, դրսևորում է նաև մայրական քնքշանք, հոգատարություն, սեր: Եվ, թերևս, երջանիկ է այն երեխան, ով փոքր-ինչ առանձնանալով մայրական խնամքից, առաջին անգամ դպրոցում զգում է նույնքան փաղաքշանք, սեր ու ջերմություն, որոնք միաժամանակ ուղեկցվում են գիտելիքների յուրացմամբ, ունակությունների և կարողությունների ձեռքբերմամբ:
Երջանիկ պատահականությո՞ւն անվանենք, թե՞ նախանշված հանդիպում Մարգարիտա Գասպարյանի հետ, ով իր եզակի անհատականությամբ, մանկավարժի իր կոչմանը հավատարիմ, դիմավորեց և ընդունեց երեխաներին, ովքեր առաջին անգամ էին ոտք դնում դպրոցական կյանք: Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցի 3-րդ գ դասարանի աշակերտները, այս տարի փոխադրվելով 4-րդ դասարան, պետք է բաժանվեն իրենց սիրելի ուսուցչուհուց, ում անձնվեր կերպարը երեք տարիների ընթացքում այնքան մեծ ազդեցություն է թողել իրենց ես-ի ձևավորման վրա, որ նրանք խոր թախիծ են ապրում սիրելի ուսուցչուհուց հեռանալու մտքից: Լոկ շնորհակալություն հայտնելը չի բովանդակում երախտագիտության այն զգացումը, որն ունեն աշակերտներն ու ծնողները Մարգարիտա Գասպարյանի հանդեպ.
ՙՄտնելով դպրոց` առաջին օրվանից մենք հասկացանք, որ խաղալիքների կողքին այսուհետ կլինեն գիրքն ու տետրը, որ մենք մեր առաջին ուսուցչուհու` ընկեր Գասպարյանի օգնությամբ պետք է սովորենք գրել ու կարդալ:
Անմոռանալի էր դպրոցական առաջին օրը, երբ հանդիպեցինք մեր առաջին, բարեհամբույր և ջերմ ուսուցչուհուն: Հանդիպումը շատ հուզիչ էր: Առաջին իսկ օրվանից հասկացանք, որ հարազատ վայրում ենք, ուր մեր կողքին է մի մարդ, ով կարող է մեզ տալ գիտելիքների անսահման պաշար, լինել ջերմ և սրտացավ, բայց միևնույն ժամանակ` շատ խստապահանջ՚,-պատմում են աշակերտները:
Երբ սիրում ես ուսուցչուհուդ, պատրաստ ես բոլոր ջանքերդ ներդնել սովորելու համար: Այդպիսին պետք է լինի մանկավարժը, ում անշահախնդիր, բարի ու պահանջկոտ էությունը ազգային արժեքներով ու հայրենասիրությամբ կարող է բազմաթիվ սերունդներ կրթել ու դաստիարակել:
ՙԵրեք տարվա դպրոցական կյանքը եղել է շատ բովանդակալից: Կապը մեր ուսուցչուհու հետ սերտացավ հենց առաջին իսկ պահից, նա կարևորում էր ոչ միայն դասերը, այլ նաև արտադասարանային միջոցա-ռումները` այբբենարանի հանդես, երբ ստացանք առաջին գիտելիքները, հրաժեշտ տվեցինք այբբենարանին` բեմը վերածելով հեքիաթային աշխարհի: Հիշարժան էր մեր այցելությունը Օշական, անմոռանալի էր այցը Ազգային ժողով` նշելու Երեխաների իրավունքների մասին Կոնվենցիայի ընդունման օրը, ինչպես նաև ծննդյան տոներ, որոնք ավելի համախմբեցին մեր դասարանը, ոչ միայն երեխաներին, այլև ծնողներին՚:
Մեր ուսուցիչը կերտել և արարել է տարիներ շարունակ` չխնայելով սեփական ուժերն ու առողջությունը` շարունակելով մոտ 90 տարի առաջ հիմնած այս ուսումնական դարբնոցի ավանդույթները:
Տասնամյակների պատմություն ունեցող Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը հարուստ կենսագրություն ունի: Այն հիմնադրվել է 1921 թվականին: Դպրոցի տնօրենը` Հասմիկ Ղարիբյանը, շարունակում է իր նախորդների սկսած գործը նորովի` շարունակելով լույս արարել իր սաների մեջ: Տիկին Ղարիբյանն արարում է, ապրում դպրոցով և ուրախանում իր սաների հաջողություններով: Դպրոցում դասավանդում են վաստակավոր ուսուցիչներ, որոնց թվում մեր ուսուցչուհին` ընկեր Գասպարյանը, որն առանձնանում է իր անկոտրում կամքով, ծով համբերությամբ, անմնացորդ նվիրումով: Նա ոչ միայն լավ մանկավարժ է, այլ նաև` լավ հոգեբան: Յուրաքանչյուր աշակերտին ցուցաբերում է անհատական մոտեցում: Շատ սիրված է աշակերտների կողմից:
ՙԱհա մոտեցավ պահը հրաժեշտ տալու և́ տարրական դպրոցին, և́ մեր առաջին ուսուցչուհուն, ով հարստացրեց մեզ գիտելիքներով: Այսօր մենք կանգնած ենք դպրոցական կյանքի հաջորդ փուլի շեմին…
Շնորհակալությո՜ւն Ձեզ, մեր առաջի՜ն Ուսուցչուհի, մենք Ձեզ երբեք չենք մոռանա, չէ՞ որ Դուք Ձեր հոգու խորքում պահում եք մեր անաղարտ մանկությունը…՚:
Հ.Գ.
Նման դեպքեր քիչ են պատահում, երբ իսկապես նվիրված աշխատանքն այնքան ցայտուն է և շնորհակալությունն այնքան սրտաբուխ, որ ՙԴե Ֆակտո՚ ամսագրի խմբագրությանը դիմում են սիրելի ուսուցչուհուն նման կերպ անակնկալ շնորհակալություն հայտնելու համար:
ՙԴե Ֆակտո՚ ամսագրի խմբագրությունը շնորհավորում է Ձե’զ, սիրելի’ մանուկներ, ինչպես նաև Ձե’զ, հարգելի տիկի’ն Գասպարյան, նման անձնվեր աշխատանքի համար:
Վերադառնալ