05:22
11/16/2018
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Վարորդները պետք է հիշեն ռուսական հայտնի ասացվածքը` « Береженного Бог бережет

2013-03-29 11:57

 «Դե Ֆակտո» 63 (2011թ.)

Անդրանիկ ՆորեկյանՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի  խորհրդի նախագահ

Հասարակությունը արագորեն ընդգրկվել է  թե՛ ապահովագրվելու, և թե՛ ապահովագրական հատուցումներ ստանալու գործընթացներում։

-Պարո՛ն Նորեկյան, կարճ ժամանակահատված է, ինչ ԱՊՊԱ համակարգը  ներդրվել է Հայաստանում։ Ինչպե՞ս կգնահատեք ներկա փուլը։

-Հայաստանում ԱՊՊԱ համակարգի ներդրման առաջին փուլը կարելի է համարել հաջողված և կայացած։ Դրա մասին են վկայում հետևյալ իրողությունները` Հայաստանում հաշվառված ավտոտրանսպորտային միջոցների 80-ից 85 տոկոսի վերաբերյալ առկա են կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագրեր, ապահովագրական հատուցումների մակարդակը համապատասխան հաշվարկներով տատանվում է 40-ից 50 տոկոսի սահմաններում։

Հասարակությունը արագորեն ընդգրկվել է թե՛ ապահովագրվելու, և թե՛՛ ապահովագրական հատուցումներ ստանալու գործընթացներում։ Այսօրվա դրությամբ ապահովագրական ընկերություններն ԱՊՊԱ համակարգում արդեն իսկ հատուցել են շուրջ 1,8 մլրդ ՀՀ դրամի ապահովագրական հատուցումներ, իսկ կարգավորման փուլում գտնվում են շուրջ 800 մլն դրամի հատուցումներ։ Ճանապարհատրանսպորտային պատահարների իրական թվաքանակի հետ կապված մեր կանխատեսումներում էական շեղումներ չունենք։

 

ԿԲ-ն և բյուրոն պատշաճ կերպով անդրադարձել են իրենց ներկայացված բոլոր բողոքներին` զգալի մասին տալով անհրաժեշտ լուծումներ։

 

-Բյուրոյի  գործունեության նպատակներից  է  տուժած անձանց շահերի պաշտպանությունը։ Ձեր  տվյալների  համաձայն` այսօր մասնավորապես ավտովթարների հետևանքով առաջացած խնդիրներով որքա՞ն հաճախ են դիմում բյուրոյին և ինչպիսի՞ խնդիրներ են դրանք։

-Առ այսօր, բյուրոն ստացել է 44 դիմում, որոնց հետ կապված արդեն իսկ հատուցվել է 13 մլն դրամ, իսկ 70 մլն դրամի հատուցումները գտնվում են կարգավորման փուլում։ Դեպքերի մեծ մասը կապված է տուժողներին պատճառված անձնական վնասների հատուցման հետ, որոնք պայմանավորված են անհայտ անձանց կողմից վրաերթով և փախուստով։  Ինչ վերաբերում է բողոքներին, ապա ԱՊՊԱ համակարգում տարբեր խնդիրների հետ կապված բողոքները զգալիորեն քիչ են։ Այնուհանդերձ, ԿԲ-ն և բյուրոն պատշաճ կերպով անդրադարձել են իրենց ներկայացված բոլոր բողոքներին` զգալի մասին տալով անհրաժեշտ լուծումներ։ Բացի դրանից` ԱՊՊԱ համակարգի գործարկման օրվանից սկսած` ԿԲ-ն և բյուրոն իրականացրել են ԱՊՊԱ համակարգի վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացմանն ուղղված լայնածավալ միջոցառումներ` նկարահանվել են համապատասխան տեսահոլովակներ, թողարկվել են տեղեկատվական գրքույկներ և այլն։

-Արդյո՞ք ապահովագրական ընկերությունները  լիարժեք  փոխհատուցում են պատճառված վնասը։

-Ապահովագրական ընկերությունները հատուցում են պատճառված վնասը  օրենքով սահմանված պատասխանատվության շեմերի` ապահովագրական գումարի շրջանակներում։ Նման հատուցումները մեր գնահատականներով ապահովում են գրեթե 90 տոկոս պատահարների արդյունքում պատճառված վնասների լիարժեք հատուցումը, իսկ մյուս 10 տոկոսինը` մասնակի հատուցումը։

 -Ըստ Ձեզ` ավտովթարների գրեթե ամենօրյա բնույթը ինչի՞ հետ է կապված։  Կարո՞ղ ենք ԱՊՊԱ համակարգի ներդրման հետ  կապել, քանի որ տեսակետ կա, որ վարորդներն իրենց ապահովագրված են զգում և ավելի  անփույթ են վարում մեքենան։

-Ապահովագրության առկայությունը, իհարկե, մարդկանց մոտ խթանում է ավելի ազատ և վստահ գործելու հնարավորությունը և համապատասխանաբար մեծացնում է պատահարների ռիսկայնության աստիճանը։ Սակայն սա չէ այն հիմնական պատճառը, որ ԱՊՊԱ համակարգի ներդրումից հետո յուրաքանչյուր օր մենք ականատես ենք լինում բազմաթիվ պատահարների։ Պատահարների իրական վիճակագրությունը, մեր կարծիքով, էական փոփոխություններ չունի ԱՊՊԱ համակարգի ներդրմամբ։ Ներկայումս ցանկացած պատահարի դեպքում վարորդները ավտոմեքենաները չեն տեղաշարժում և սպասում են ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների` պատահարի վայր ժամանելուն։ Արդյունքում` մարդիկ տեսնում են տեղի ունեցած պատահարները։ Նախկինում վարորդները խուսափում էին դեպքերը գրանցելուց և դեպքից անմիջապես հետո ավտոմեքենաները դեպքի վայրից տեղափոխում էին։ Այս ամենը վթարների թվի զգալի աճի ընդամենը տեսողական տպավորություն է ստեղծում։

Ընդ որում, 2013 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է ներդնել Բոնուս-Մալուս համակարգը, որը իրենից ներկայացնում է ապահովադրի (վարորդի) ռիսկի գնահատման մեխանիզմ, որի միջոցով փոփոխության է ենթարկվում ապահովագրավճարը՝ կախված տվյալ անձի վարորդական պատմությունից։ Այսինքն՝ նշված համակարգի ներքո լավ պատմություն ունեցող վարորդները հնարավորություն կստանան ստանալու բոնուսներ, այսինքն՝ վճարելու ավելի ցածր ապահովագրավճար, իսկ առավել ռիսկային վարորդները կստանան մալուսներ և ստիպված կլինեն ԱՊՊԱ պայմանագիր ձեռք բերել ավելի թանկ գնով։ Նշված համակարգի ներդրման արդյունքում վարոդներն իրենք շահագրգռված կլինեն  հնարավորինս խուսափել պատահարների առաջացումից։

-Տղամարդիկ ավտոմեքենա վարելու երկարամյա փորձ ունեն, իսկ կանայք` ոչ, սակայն ավելի շատ տղամարդիկ են հայտնվում  ավտովթարային իրավիճակներում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք, ինչո՞ւ է այդպես։

-Առայժմ նման ամփոփ վիճակագրություն չունենք, ուստի պատճառների մասին ևս խոսել չեմ կարող։ Գուցե կանայք իրենց էությամբ ավելի զգուշավոր են։

Պետությունը ձեռնարկում է համակարգային միջոցառումներ` ուղղված երթևեկության ոլորտում անվտանգության ապահովմանը։

-Պարո՛ն Նորեկյան, բյուրոյի մյուս գործառույթը ԱՊՊԱ համակարգի կայունության և զարգացման ապահովումն է։ Ինչպիսի՞ հեռանկար եք տեսնում, որո՞նք են  լինելու զարգացման հաջորդ փուլերը։

-ԱՊՊԱ համակարգի կայունության և զարգացման ապահովման համար բյուրոյի կողմից արդեն իսկ հաստատվել և ԿԲ-ի կողմից գրանցվել են  թվով 34 կանոն, որոնք ուղղված են ԱՊՊԱ համակարգի բնականոն գործունեության ապահովմանը և արդյունավետ զարգացմանը։  Ներկայումս  բյուրոն ձեռնամուխ է եղել իր  կողմից մշակված կանոնների կիրառման ապահովման և վերահսկման գործընթացին, ինչպես նաև ԱՊՊԱ ոլորտի ներդրմամբ պայմանավորված ապահովագրական համակարգի և տարբեր ոլորտների փոխգործակցության ընթացքում ծագած անհարթությունների ու խնդիրների շտկմանը։

Առաջիկայում բյուրոյի կողմից իրականացվող քայլերն ուղղված են լինելու ԱՊՊԱ համակարգի հետագա կատարելագործմանը, մասնավորապես` ԱՊՊԱ ոլորտում վնասի գնահատման մեթոդաբանության կատարելագործմանը, վնասների գնահատման և պատահարի պատճառների փորձաքննության ինստիտուտի զարգացմանը, Green card-ի համակարգին անդամակցությանը, որը հնարավորություն կտա, առանց լրացուցիչ պայմանագիր կնքելու, մեքենան վարել Green Card-ի անդամ երկրներում։   

Պետությունը ձեռնարկում է համակարգային միջոցառումներ` ուղղված երթևեկության ոլորտում անվտանգության ապահովմանը, սակայն մեր վարորդներն էլ պետք է հիշեն ռուսական հայտնի ասացվածքը` Береженного Бог бережет։

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի

 



Վերադառնալ








Խմբագրական
ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2018-11-15 11:19

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր

Ավելի


Պահոց