09:51
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՄԵԾ ՊԱՀՔ

2013-03-30 14:09

«Դե Ֆակտո» 70 (2012թ.)

          Մեծ պահքը, որ հաջորդում է Բուն բարեկենդանին, մի հոգևոր ճանապարհորդություն է, ինքնամաքրման մի ժամանակահատված, որի ընթացքում մենք մեր անձնական ներքին կյանքը և անձից անձ փոխհարաբերությունները ինքնաքննության ենք ենթարկում։

          Մեծ Պահոց այս օրերին  մեր եկեղեցու աղոթքները, շարականները, Աստվածաշնչյան  ընթերցումները, Ավետարանի քարոզչությունները  կենտրոնանում են մեր  անձի ներաշխարհի վրա։

          Մեծ Պահքի շրջանը բաղկացած է վեց կիրակիներից, որը կազմում է մի «Ոսկե շղթա», ուր յուրաքանչյուր կիրակի իր խորհուրդն ունի, որտեղ բոլորը միասին կարծես  ներկայացնում են Եդեմական պարտեզից մինչև Գողգոթա տանող ճանապարհը, այսինքն` մարդկային փրկագործության ուղին։ Մեծ Պահքի շրջանը աղոթքով, ապաշխարությամբ ու ծոմապահությամբ անցկացնելը եկեղեցու կարևորագույն  ավանդույթներից մեկն է։

          Մեծ Պահքը ավարտվում է Սուրբ Զատիկից մեկ օր առաջ, շաբաթ երեկոյան, Ճրագալույցի պատարագից հետո։      

          Այս շրջանը խորհրդանշում է մեր Փրկչի` Հիսուս Քրիստոսի քառասունօրյա  ծոմապահությունը։ Աստծո Որդին մկրտությունից անմիջապես հետո, որպես օրինակ մարդկանց, առանձնացավ անապատում` աղոթքով ու ծոմապահությամբ, որտեղ և սատանան փորձության տարավ Նրան ;

          Հայ Առաքելական եկեղեցու ծիսակարգում պահոց օրերը շատ են, բայց ամենամեծը Մեծ Պահքի շրջանն է, որը կոչվում է նաև ապաշխարանքի քառասունք, որովհետև պահոց  երկրորդ կիրակիից մինչև Տիրոջ վերջին ընթրիքը կազմում է քառասուն օր։ Քառասուն օր լինելը բազում խորհուրդ ունի.

          Քառասունօրյա պահքը  օրհնվեց ու սրբվեց  Աստծուց ու մարգարեներից, որովհետև գրված է. «Եղիան  քառասուն օր ու քառասուն գիշեր քայլեց մինչև Աստծո Քորեր լեռը»։

          Մովսես մարգարեն  քառասուն գիշեր ու քառասուն ցերեկ  պահք  պահեց և Տիրոջից ստացավ Տասնաբանյան, այսինքն թե` ովքեր  սրբությամբ պահում են պահքի քառասուն օրերը Աստծուց  օրենքներ ու պատվիրաններ են ընդունում։

          Մեղքով ապականված աշխարհն Աստված մաքրեց քառասունօրյա անձրևով ու ջրհեղեղով, և քանի որ մարդն էլ մի աշխարհ է, դրա համար քառասունօրյա պահքով պիտի մարդը մաքրվի  իր մեղքերից։

          Քրիստոս քառասունօրյա պահքով հաղթեց  փոձող սատանային և Հարությունից քառասուն օր հետո, առանց պահքի, քառասունօրյա վայելումով  համբարձվեց, որպեսզի մենք  էլ քառասունօրյա պահքով հաղթենք ու դիմակայենք մեր փորձությունները և մաքրվելով մեր մեղքերից`  կարողանանք մտքով բարձրանալ առ Աստված։ Այսպես կարելի է երկար թվել քառասունօրյա խորհուրդը…

          Մեծ Պահքի օրերին  եկեղեցին ծածկում է խորանը վարագույրով ու արգելում Ավետարանի համբուրումը, որովհետև մենք մի ամբողջ տարի, թերևս, մեղքեր գործեցինք ու ապրեցինք սխալ կյանքով, ինչպես Ադամին, որ պատվիրազանց եղավ, Աստված զրկեց Դրախտից ու Կենաց ծառից։ Ադամը մեղավոր դարձավ ու արտաքսվեց Դրախտից, իսկ մենք մեղավոր եղանք, թերևս, և՛ կերակրի, և՛ գործերի պատճառով, ուստի երկուսի համար էլ պահք ենք պահում։

          Մարդը ունենալով մարմնավոր ու հոգևոր բնույթ` հաճախ է մարմնավորը  ենթարկվում կերակրի հարկադրանքին, մինչդեռ Մեծ Պահքի օրերին  բազմանում է հոգևոր կերակուրը, որպեսզի հոգին արթուն մնա։

          Այս պահքը կոչվում է նաև «Աղուհացից», որովհետև նախկինում այս պահքի կերակուրն աղն ու հացն են եղել։ Այսպես  պահել են հավատացյալներն  առաքյալների  ու առաջին հայրապետների ժամանակներում, երբ դեռ ջերմեռանդ էին քրիստոնեական հավատքի մեջ։

          Թեպետ մենք նման  չենք մեր նախնիներին ոչ պահքով, ոչ էլ այլ սրբություններով, սակայն  նրանց այդ տեսակ պահքի կանոնակարգը մեզ  զանազան խրատներ է տալիս, որ ուտում էին ժամանակին ու աղոթքով, օրական մեկ անգամ  և չէին հագեցնում իրենց մարմինը զանազան խորտիկներով, ինչը ավելորդ է և միայն մարմինն է պարարտացնում, այլ միայն հաց, ջուր և բանջար էին ուտում, այն էլ ` չափավոր` ոչ հագենալու համար։

          Կերակրի պահքը բազում օգուտներ ունի, եթե այն սրբությամբ է կատարվում.

          Նախ` պահքով հաղթում ենք բոլոր տեսակի  փորձություններն ու գայթակղությունները, ինչպես սովորեցնում է Ավետարանը.«Այս տեսակն ուրիշ բանով չի ելնի, եթե ոչ ծոմապահությամբ ու աղոթքով»(Մատթ.9.25¤։

          Պահքը նաև ողջախոհության օգնականն է, իսկ որովայնամոլությունը նպաստում է ողջախոհությանը։ Բժշկներն ասում են, որ բնությունը հույժ իմաստուն է, և երբ մարդ կերակուր է ընդունում, դրանով նախ մարմինն է սնում, ապա, եթե անչափավոր է ու ավելորդ` զորացնում է  ողջախոհությունը։ Դրա համար էլ  ձմռանը թռչունները անծնունդ են, քանի  որ կերակուրը քիչ է, իսկ գարնանը, երբ եղանակը տաքանում է, կերը շատանում է, սկսում են  բույն շինել ու ձագ հանել և այլևս ողջախոհ չեն։

          Ինչպես հուրը բորբոքվում է փայտից ու յուղից, այդպես ցանկությունները բորբոքվում են տարբեր ու շատ  կերակուրներից։

          Պահքի գերագույն նպատակը ապաշխարանքն է, այսինքն մեղքերից ու հոգեկան ծուլություններից  ազատվելը։ 

           Մարդ էակը իր բնությամբ  չի կարող լիարժեք կատարյալ բարի և անմեղ լինել։ Եվ մեծ Պահոց այս շրջանում ինքնաճանաչման  ջանքով պիտի կարողանանք ընդունել մեր մեղքերը, ընդվզել, զղջալ մեր գործած մեղքերի համար ու  վերանորոգենք մեր  ներքին անձը, մաքրենք մեր սիրտը, միտքը, կամքն ու հոգին, այսինքն թե` ապաշխարենք։

          Մեծ Պահքի բուն իմաստը հոգևոր նկարագրի  նորոգումն է։ Եթե միայն որոշ տեսակի կերակուրներ  ուտելուց հրաժարվենք (մսեղեն կաթնեղեն, ձու)  և սակայն  մաքուր բարոյական կյանք չապրենք, մոլությունների փոխարեն առաքինություններին տեղ չտանք մեր կյանքում, պահեցողությունը   իր ճշմարիտ քրիստոնեական իմաստը չի ունենա։ Պահքի  խորհուրդը չի սահմանափակվում միայն կերակուրների ու ըմպելիքների վրա որոշակի արգելքներ դնելով, այլ պահոց օրերին մեր եկեղեցին պատգամում է սնվել նաև Կենդանի հացով` Աստծո խոսքով։

          Կարևորը կերակուրը չէ, այլ` կյանքը, մարդը, մարդկանց միջև սիրո, հաճության, բարության փոխհարաբերությունների հաստատումն է։

«Ոչ միայն  որպես  անհատ  անձ, այլ նաև որպես ազգ, հավաքական անձ, մենք պետք ունենք վերանորոգման։ Աշխարհում ոչ մի ազգ չի կարող խաղաղ ապրել և իսկական զարգացման և մեծության, առողջ տոկունության  և ստեղծագործական  նվաճումների հասնել առանց հոգևոր ու  բարոյական  ներքին զորության, ամուր նկարագրի և մաքուր կյանքի։ Մեղքը` Աստծուց  հեռացումը կաղքատացնի և կտկարեցնի այդ ազգին։ Մենք այս դասն ենք սովորել մարդկության  և մեր հայ ժողովրդի պատմությունից»,- գրում է երջանկահիշատակ Ամենայն Հայոց Վեհափառը` Գարեգին Առաջինը։

Մեծ պահքը տարվա ընթացքում մի կանչ է ուղղված բոլորիս, որպեսզի մի կողմ թողնելով մեր առօրյա հոգսերը` մի քիչ ավելի մտածենք մեր կյանքի ճշմարիտ արժեքների մասին, ու հընթացս Քրիստոսի սիրով նորոգելով ու մաքրելով մեր ներաշխարհը`դիմավորենք Աստվածորդու հրաշափառ Հարությունը` Սուրբ Զատիկը։ 

«Երանի հոգով աղքատներին, քանզի նրանցն  է երկնքի արքայությունը» (Մատթ. 5.3 )։  

ԱՆՆԱ ՏԵՐ- ԳՈԻԼԱՆՅԱՆ



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...