10:32
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Մեզ համար կարևոր խնդիր է ապագա սերունդների համար ներդրում ունենալը»

2013-04-05 11:23

                               «Դե Ֆակտո»  82 (2013թ.)

Ժամանակակից հայկական ճարտարապետությունն աչքի է ընկնում նորակառույց շենքերով, նոր թաղամասերով, որոնք խորհրդանշում են ժամանակակից Երևանը, նոր շունչ ու բովանդակություն հաղորդում նրան։

«Էլիտ Գրուպ»-ի նախաձեռնությամբ կառուցված շենքերը նորօրյա Երևանի խորհրդանիշերի ցանկում, թերևս,առաջիններից են, որոնցից յուրաքանչյուրը ճարտարապետական և գեղագիտական արժեք է ներկայացնում։ Դրանցից ամենանորը և բացառիկն իր տեսակի մեջ  «Էլիտ Պլազա» «Ա» դասի բիզնես համալիրն է՝ կառուցված Համաշխարհային բանկի պահանջներին համապատասխան և միակն է տարածաշրջանում։

Արմեն Մկոյան, «Էլիտ Գրուպ» ՓԲԸ գլխավոր տնօրեն

-Պարո՛ն Մկոյան, վերջերս «Էլիտ Գրուպը» շահագործման հանձնեց «Ա» դասի «Էլիտ Պլազա» բիզնես համալիրը, որը միակն է տարածաշրջանում։ Ո՞րն էր նման խոշոր ներդրում կատարելու  դրդապատճառը։

-Պետք է նշեմ, որ մինչև «Էլիտ Պլազա» բիզնես համալիրի կառուցումը, մենք հիմնականում ներդրումներ էինք կատարում բնակարանաշինության ոլորտում, որը ռիսկային է համարվում՝ հատկապես ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում։ Ռիսկերը նվազեցնելու համար որոշեցինք դիվերսիֆիկացնել մեր պորտֆելը՝ կատարելով երկարաժամկետ ներդրումներ. ընդհանրապես, բնակարանաշինությունը համարվում է կարճաժամկետ ներդրում։ Սկսեցինք կառուցել առևտրային, գրասենյակային  տարածքներ, հյուրանոցներ։ Մուտք գործելով առևտրային այս ոլորտ և ուսումնասիրելով այն՝ մեզ համար գծագրվեցին շուկայի զարգացման միտումները, պահանջարկը, ինչպես նաև պարզեցինք՝ ինչպիսի առաջարկի պակաս կա։ Դա դարձավ դրդապատճառ մեր հետագա նախաձեռնության համար՝ ստեղծել մի կառույց, որը արժեքավոր ներդրում կլինի ՀՀ տնտեսության մեջ։

2009թ. սկսեցինք քայլեր ձեռնարկել նախագծի իրականացման ուղղությամբ։ Քանի որ մեր առջև բարձր պահանջներ էինք դրել, նախ ուսումնասիրեցինք տարբեր երկրների փորձը, մասնավորապես՝ Լոնդոնի, Փարիզի, Մոսկվայի, Դուբայի։ Այնուհետև նախագիծը ներկայացրեցինք Համաշխարհային բանկի խմբի անդամ միջազգային ֆինանսական կոորպորացիային (IFC) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին։

Ի միջի այլոց, մենք արդեն համագործակցության փորձ ունեինք ՎԶԵԲ-ի հետ մեկ այլ նախագծի՝ «Հյուսիսային ճառագայթ»-ի շրջանակներում, որի պարագայում թեև ճգնաժամի պայմաններում կառուցապատման ոլորտը համարվում էր խիստ ռիսկային, այնուամենայնիվ, բանակցությունների գործընթացն ավարտվեց  2009թ. պայմանագրի ստորագրմամբ։ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 61 գործընկեր երկրներից որոշեց վարկ հատկացնել միայն «Էլիտ Գրուպ» ընկերությանը՝ գերազանց կառավարման համակարգի, նորագույն տեխնոլոգիաների ներդրման, բարձր որակի, մրցունակ ու մատչելի գների և շուկայում առաջատար դիրք գրավելու համար։ «Էլիտ Գրուպը» և ՎԶԵԲ-ը պայմանագիր  կնքեցին երկարաժամկետ փոխառության վերաբերյալ, ըստ որի՝ «Էլիտ Հոլդինգ»-ին տրամադրվեց 5.5 մլն ԱՄՆ դոլարի վարկ և 130  հազար եվրոյի դրամաշնորհ՝ էներգախնայողության բնագավառում նորարարությունները խրախուսելու համար։ Պայմանագրի կնքման հանդիսավոր արարողությանը ներկա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ կնքվող պայմանագիրը մեծ նշանակություն ունի Հայաստանի տնտեսության համար։

Հաջորդ  տարում՝ 2010թ. հունիսին, «Էլիտ Պլազա» «Ա» դասի բիզնես համալիրի նախագծի իրականացմանն աջակցելու նպատակով ՎԶԵԲ-ի հետ ջանքերը միավորեց Համաշխարհային բանկի խմբի անդամ միջազգային ֆինանսական կոորպորացիան (IFC)։ Այս երկու հսկաների համատեղ ֆինանսավորումը նույնպես աննախադեպ երևույթ էր։ Ու քանի որ համատեղ ծրագրի համաձայնության եկանք, որոշվեց իրականացնել Համաշխարհային բանկի պահանջներին համապատասխան նախագիծ, որն առաջինը կլիներ տարածաշրջանում և կբարձրացներ մեր երկրի վարկանիշը։ Այդ գաղափարով ոգևորված՝ սկսեցինք աշխատանքները, որոնք վերահսկում և իրենց գնահատականներն էին տալիս Հայաստան ժամանած միջազգային փորձագետները։

-Համաշխարհային բանկի պահանջներն, անշուշտ, ավելի խիստ են և լրացուցիչ ծախսային միջոցներ կպահանջեին Ձեզանից։ Տեղյակ եմ, որ ներդրված անվտանգության համակարգը բոլորովին նոր մոտեցում է Հայաստանում։ 

-Ճիշտ նկատեցիք, Համաշխարհային բանկի պահանջները տարբերվում են հայաստանյան պահանջներից և դրանց բավարարումն առավել ծախսատար է։ Բյուջեն միայն անվտանգության և հակահրդեհային համակարգի ներդրման համար ավելացվեց ինը հարյուր հազար ԱՄՆ դոլարով։ Սեյսմիկ անվտանգության նորագույն համակարգերի կիրառման և ռետինե-մետաղական բարձիկների օգտագործման շնորհիվ շենքի սեյսմակայունությունը հասնում  է 9 բալի։

Այսօր, իհարկե, ուրախ ենք, որ ունենք միջազգային չափանիշերին համապատասխան «Ա» դասի բիզնես համալիր։ Դա լրացուցիչ հաղթաթուղթ է մեզ համար, ինչպես նաև հպարտություն, որն ամեն անգամ վերապրում ենք հատկապես միջազգային կառույցների հետ պայմանագիր կնքելիս։

 

Բնակելի շենքեր կառուցապատելիս մենք փորձել ենք դրանց հաղորդել ինքնատիպություն, ճաշակ, անհատականություն, ինչու ոչ նաև սոցիալական ստատուսի տարրեր։

 

-Հայաստանում «Ա» դասի բիզնես համալիրի պահանջարկ կա՞ր, արդյո՞ք հայ գործարարները նման բարձր պահանջներ են ներկայացնում։

-Այս կառույցը կարծես լակմուսի թղթի պես  ցույց է տալիս, թե ինչպիսի  բիզնես հեռանկար կա Հայաստանում, որովհետև այն ամբողջությամբ նախատեսված է բիզնես հատվածի համար։ Այսօր արդեն մենք տեսնում ենք, որ իսկապես հեռանկար կա, հետաքրքրությունը մեծ է և վստահ ենք, որ նախագիծը անպայման հաջողություն կունենա ու կնպաստի  բիզնես միջավայրի կուլտուրայի զարգացմանը։

Պետք է նշեմ, որ այս կարճ ժամանակահատվածում վարձակալության մոտ 21 տոկոս պայմանագրերը  կնքված են, ընթանում են ակտիվ բանակցություններ ևս 20 տոկոսի ներգրավման ուղղությամբ։

-Մենք տեղյակ ենք, որ նաև  ՀՀ նախագահն է ներկա գտնվել  «Էլիտ Պլազա»-ի բացման արարողությանը։ Ի՞նչ կարևորություն ունի Ձեզ համար այդ փաստը։

-Մեզ համար առաջին հերթին պատվաբեր էր, որ ՀՀ նախագահը մասնակցեց «Էլիտ Պլազա»-ի բացման արարողությանը։ Նա կարևորեց մեր նախագիծը, ինչը նշանակում է, որ այն կարևորվեց նաև երկրի համար։ Մենք համոզմունք ունենք, որ իսկապես կարևոր նախագիծ ենք իրականացրել, որն անպայման իր հետքը կթողնի և կդառնա քաղաքի խորհրդանիշերից մեկը։

-Պարո՛ն Մկոյան, «Էլիտ Գրուպ»-ի շենքերն աչքի են ընկնում ճարտարապետական յուրահատուկ լուծումներով, շքեղությամբ և բովանդակությամբ։ Դուք նման խնդիր դրե՞լ եք Ձեր առջև։

-Կարծում եմ՝ մարդու բնակարանը և այն շենքը, որտեղ այն գտնվում է, պետք է ունենա իր դեմքը, տեսակն ու բովանդակությունը։ Ինչպես հագուստը, ավտոմեքենան և այլ պարագաներն են բնորոշում մարդու անհատականությունը, այնպես էլ բնակարանի ընտրությունը։ Բնակելի շենքեր կառուցապատելիս մենք փորձել ենք դրանց հաղորդել ինքնատիպություն, ճաշակ, անհատականություն, ինչու ոչ նաև սոցիալական ստատուսի տարրեր։ Դա իր մեջ ունի և՛ կոմերցիոն, և՛ գեղագիտական նպատակ։

                                                Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի

 

 

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...