08:53
09/21/2021
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Լարիսա Մուրադյան

2013-04-10 11:10

                               «Դե Ֆակտո»  82 (2013թ.)

«Մեր պետության ողնաշարը ընտանիքն է, իսկ ընտանիքի պատվարը` կինը, մայրը. մաղթում եմ մեր կանանց մնալ այնպիսին, ինչպիսին միշտ եղել է հայ կինը` համբերատար, մեծահոգի, աշխատասեր, նվիրված»

Լարիսա Մուրադյան, ՀՀ Արմավիրի փոխմարզպետ

«Դե Ֆակտո» ամսագիրը ՀՀ Արմավիրի մարզում է, փոխմարզպետ Լարիսա Մուրադյանի հետ հանդիպելու և կանանց միամսյակի կապակցությամբ հարցազրույց կազմակերպելու նպատակով։ Սակայն նախասրահում մենք ականատես եղանք մի միջադեպի, որից հետո հարցազրույցը կարծես կորցրեց իր իմաստը, քանի որ այդ միջադեպով բացահայտվեց Լարիսա Մուրադյան պաշտոնյան, բժիշկը, կինը... Այն հոգատարությունը, համբերատարությունն ու ըմբռնողականությունը, որ դրսևորեց բժշկուհի Լարիսան /Արմավիրում այսպես են դիմում փոխմարզպետին/ իրեն բողոքելու եկած կնոջ նկատմամբ, զարմացրեց և հիացրեց մեզ։ Կինը բողոքում էր իրեն մատուցված բուժսպասարկման որակից, բժշկի անհատական վերաբերմունքից։ Լարիսա Մուրադյանն անմիջապես զանգահարեց պոլիկլինիկայի բուժող բժշկից մինչև Արմավիրի բժշկական կենտրոն, հիվանդի գանգատները  անհապաղ բավարարելու պահանջով։ Կնոջ հետ երկար զրուցելուց և հոգեպես հանգստացնելուց հետո միայն Լարիսա Մուրադյանն ընդունեց մեզ։

-Տիկի՛ն Մուրադյան, առաջին հարցս, որ պետք է տամ, հետևյալն է։ Նախ` փոխմարզպետ, մեծ պատասխանատվություն, մի ամբողջ մարզի սոցիալական և առողջապահական խնդիրներ, զարգացման ծրագրեր, այսքանով հանդերձ` անհատական վերաբերմունք յուրաքանչյուր քաղաքացուն, սրա հետ մեկտեղ նաև մեծ ընտանիք. ինչպե՞ս է հաջողվում համատեղել, և արդյո՞ք մեկնումեկը չի տուժում։

-Գիտեք, ծնողներս մանկուց իմ մեջ ներարկել են պատասխանատու, պարտաճանաչ լինելու, ամեն ինչում լավագույնս ինքնադրսևորվելու զգացումը։ Այդպես եմ մեծացել ես, այդպես եմ դաստիարակել իմ զավակներին և նաև իմ թոռնիկներին։ Այդ սկզբունքներով եմ առաջնորդվում և՛ կյանքում, և՛ աշխատանքում։ Ընտանիքն ինձ համար միշտ էլ առաջին տեղում է եղել, սակայն սա չի նշանակում, որ աշխատանքը երկրորդական պլան պետք է մղել, երբե՛ք։ Համատեղելն, անշուշտ դժվար է, բայց եթե ունես ընտանիք, որը ցանկացած պարագայում կողքիդ է, ապա ամեն ինչ կարողանում ես համատեղել։ Ես սիրում եմ իմ աշխատանքը, իր բոլոր դժվարություններով և պատասխանատվությամբ հանդերձ։ Երբ ծանր աշխատանքային օրվա ավարտին ես տուն եմ մտնում, երբեք ինձ հետ այդ խնդիրները տուն չեմ տանում, ամեն դեպքում տանը ես առաջին հերթին մայր եմ, կին, տատիկ, և այստեղ էլ աշխատում եմ իմ գործը լավագույնս կատարել։ Բայց երբ, այնուամենայնիվ, ինչ-որ բան այն չի լինում, ընտանիքիս անդամները անմիջապես զգում են դա, հասկանում իմ հոգեվիճակը, ինչի համար շնորհակալ եմ նրանց։ Աշխատանքային խնդիրներս չեմ սիրում վերլուծել ընտանիքիս հետ, բայց այդուհանդերձ կարող եմ ասել, որ միակ մարդը, ում հետ ես կարող եմ լիովին անկեղծ խոսել, կիսվել ու խորհուրդ հարցնել, ամուսինս է։ Ամուսինս շատ առավելություններ ունի, որոնցից առաջնայինն ու ամենակարևորն ինձ համար նրա առողջ հոգին է։ Իհարկե, որոշ հարցերի շուրջ խոսում եմ նաև ընտանիքիս անդամների հետ, խորհրդակցում եմ դուստրերիս և որդուս հետ մասնագիտական հարցերի շուրջ։ Աղջիկներս բժշկուհիներ են, որդիս` իրավաբան ու նաև մաքսային գործի մասնագետ։

-Դուք համակարգում եք Արմավիրի մարզի առողջապահական և սոցիալական ապահովության խնդիրները։ Այս ոլորտներում ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ մարզը 2012-ին։

- 2012-ը Արմավիրի մարզի համար բավականին հաջող տարի էր այս ոլորտներում։

 Առողջապահության ոլորտում`

  • 2012-ի ընթացքում շեշտը դրվել է հիմնականում կանխարգելիչ միջոցառումների աշխատանքներին, որի հետևանքով մարզում չի արձանագրվել վարակիչ և սննդային թունավորումների զանգվածային հիվանդությունների դեպքեր։
  • Պրոֆիլակտիկ պատվաստումներում բարձրացել է երեխաների` հատկապես 0-1 տարեկան, ընդգրկվածության տոկոսը` մինչև 97- 98 տոկոս։
  • Մոտ 30 տոկոս իջել է 0-18 տարեկան երեխաների մահացությունը։ Վերջին 5 տարիներին չի արձանագրվել մայրական մահացության ոչ մի դեպք։
  • Առաջընթաց է արձանագրվել կադրերի վերապատրաստման և համալրման աշխատանքներում` գյուղական 52 բժշկական ամբուլատորիաներում ավարտվել է ընտանեկան բժշկության ինստիտուտի ներդրումը, և Համաշխարհային բանկի առողջապահության ծրագրի շրջանակներում բոլոր բժիշկները անցել են վերապատրաստման դասընթացներ ընտանեկան բժշկության գծով։
  • Բարելավվել են գյուղական բժշկական ամբուլատորիաների շենքային պայմանները։ Տարբեր ծրագրերով մարզի բոլոր 43 բուժակ մանկաբարձական կետերը ենթարկվել են վերանորոգման, իսկ դեռևս վերանորոգման-վերակառուցման ենթակա 12 ԳԲԱ-ներից 3-ը ընդգրկվել են Համաշխարհային բանկի առողջապահության բնագավառի 2013 թ. ծրագրում։

Սոցիալական ոլորտում`

  • Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում մարզպետարանի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցված աշխատանքի շնորհիվ հանրապետական գործադիր մարմիններց էլեկտրոնային տարբերակով առցանց ստացված անհատական տվյալների համադրման արդյունքում զգալիորեն մեծացել է պետական նպաստներից օգտվող ընտանիքների հասցեականությունը։
  • 2011 թվականի համեմատ միջինը 200-ով աճել է նպաստառու ընտանիքների թիվը և դրան համապատասխան փաստացի վճարումը։
  • Մարզի զբաղվածության գործակալություններում հաշվառված աշխատանք փնտրող 3185 անձանցից աշխատանքի է տեղավորվել 474 մարդ։
  • 2012թ. ընթացքում Արմավիրի մարզպետարանում հաշվառված, բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող արցախյան պատերազմում զոհված զինծառայողների /ազատամարտիկների/ ընտանիքներին տրամադրվող օգնության ծրագրի         շրջանակներում, բնակարանային պայմանները բարելավելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն է տրամադրվել 7 ընտանիքի` 53 մլն. 536 հազ. դրամի չափով։

Այո՛, ձեռքբերումներն ու զարգացումներն ակնհայտ են, այնուամենայնիվ, անելիքներ դեռ շատ կան, և ես  վստահ եմ, որ միասնական ու հետևողական աշխատանքի դեպքում շատ բանի կարելի է հասնել։

-2013-ը ՀՀ-ի համար կարևոր էր նաև այն իմաստով, որ տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որի արդյունքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ստանալով ընտրողների ձայների 58 տոկոսը, ևս 5 տարի կղեկավարի մեր երկիրը։ Ձեր կարծիքը այս առումով։

-Նախագահական ընտրությունները մեր մարզում անցան բնականոն ընթացքով, խաղաղ և թափանցիկ։ Ես վստահորեն կարող եմ ասել, որ այս հաղթանակը նախորդ 5 տարիների աշխատանքի հանդեպ ժողովրդի կողմից տրված գնահատականն է և վստահությունը, որ, այո՛, Սերժ Սարգսյանը առաջնորդելու է մեզ դեպի ապահով ապագա` սոցիալապես, տնտեսապես և տարածքային անվտանգության առումով ապահով և կայուն Հայաստան։ Նախորդ 5 տարիների համար նախատեսված ծրագիրն ամբողջությամբ և մեծ պատասխանատվությամբ կյանքի են կոչվել ՀՀ բոլոր մարզերում, իրական զարգացման ու առաջընթացի համար ամուր հիմքերը ստեղծված են։ Այս տեսանկյունից ես հանգիստ եմ մեր սերունդների, իմ թոռնիկների ապագայի համար։

-Խոսենք նաև Լարիսա Մուրադյան կնոջ մասին` աշխատանքից դուրս։  Շատ կանանց համար այսօր Դուք երջանիկ կնոջ օրինակ եք։ Կկիսվե՞ք նրանց հետ Ձեր հաջողության բանաձևով։

 -Կարծում եմ` կյանքումս հաջողության հասել եմ կատարողական կարգապահության ու պարտաճանաչության  շնորհիվ։ Ես բավականին խստապահանջ եմ, առաջին հերթին, իհարկե, ինքս իմ հանդեպ։ Կարծում եմ` յուրաքանչյուր մարդ պիտի նախ լսելու ու  ճիշտ վերլուծելու ունակություն ունենա։ Ողջ կյանքում ես արել եմ այն, ինչ ճիշտ եմ համարել։

-Իսկ ի՞նչն եք համարում Ձեր ամենամեծ ձեռքբերումը։

-Ամենամեծ գնահատականն ու աշխատանքային ձեռքբերումս մարդկանց սերն է ու հարգանքը։ Դա իմ հարստությունն է։ Ինձ համար շատ կարևոր է, որ  ընդառաջ եկող մարդիկ  ինձ անկեղծ են ժպտում։ Իսկ կյանքում` կյանքում ամենակարևորն ընտանիքս է, նայելով նրանց, ես  ավելի եմ ամրանում։

-Եթե այսօր սկսեիք նորից, կա՞ մի բան, որի համար զղջում եք, կամ կցանկանայիք փոխել, թե՞

-Ո՛չ, որևէ բանի համար այսօր չեմ զղջում, և եթե անգամ նման զգացողություն երբևէ առաջանում է, ապա ոչ թե արածի, այլ չարածի համար։

-Կին լինելը ավելի շատ օգնո՞ւմ, թե խանգարում է ղեկավար աշխատանքում։

- Սկզբնական շրջանում գուցե խանգարել է, քանի որ որպես կին զգացմունքային եմ եղել, սակայն կյանքը կոփում է, այսօր ավելի սթափ եմ։ Կին լինելն այս տարիներին ինձ  ավելի շատ օգնել է, քան խանգարել։ Իրականում կարևոր չէ` կին ես, թե տղամարդ. կարևորը լավ մասնագետ լինես։

-Եվ վերջում, տիկի՛ն Մուրադյան, Ձեր բարեմաղթանքը հայ կանանց` գարնանային տոների կապակցությամբ։

-Ես նախևառաջ բոլորիս մաղթում եմ քաջ առողջություն, մեր երկրին` կայունություն և խաղաղություն, սա ամեն կնոջ ու մոր ցանկությունն էլ է, վստահ եմ։ Մեր պետության ողնաշարը ընտանիքն է, իսկ ընտանիքի պատվարը` կինը, մայրը. մաղթում եմ մեր կանանց մնալ այնպիսին, ինչպիսին միշտ եղել է հայ կինը` համբերատար, մեծահոգի, աշխատասեր, նվիրված։ Թող, որ փոխհատուցվի նրանց նվիրվածությունն ու անսահման սերը պատասխան սիրով և հոգատարությամբ։

Հարցարույցը Թեհմինա Արզումանյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...