18:39
10/18/2019
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Անհրաժեշտ է առավել վճռական լինել սեփական ազգային շահերը պաշտպանելու, կարևորագույն որոշումներ ընդունելու գործում

2013-04-10 11:39

                               «Դե Ֆակտո»  64 (2011թ.)

Հարցազրույց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ավագ վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանի հետ

 -   Պարոն Խուրշուդյան, արդեն 20 տարի է,  ինչ ԼՂՀ-ն դե ֆակտո անկախ պետություն է, սակայն դեռևս չլուծված բազմաթիվ կարևոր խնդիրներ կանորոնց մասին կցանկանայինք խոսել Ձեզ հետ` որպես քաղաքական վերլուծաբանի։ Կա՞, արդյոք, որևէ առաջադիմություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում։ Ի՞նչ զարգացումներ կլինեն բանակցային գործընթացում։

-   Ակնհայտ է, որ բանակցային գործընթացը մտել է փակուղի և մոտ ժամանակներս որևէ իրական տեղաշարժի սպասելը ճիշտ չի լինի։ Եվ դա զարմանալի չէ, քանի որ Ադրբեջանի ղեկավարությունը դարձել է տարիներ շարունակ իր իսկ երկրի ներսում տարվող հակահայկական, անզիջող, անհանդուրժողական քարոզչության պատանդը։ Տարիներ շարունակ նա բացառել է Արցախի անկախության ճանաչումը և այսօր էլ շարունակում է դա անել` հույսը դնելով նավթային եկամուտների հաշվին Հայաստանի ու Արցախի հանդեպ ռազմաքաղաքական առավելության հասնելու վրա, ինչն իր կարծիքով հնարավորություն կտա ուժի դիրքերից պայմաններ  թելադրել։ Նման պայմաններում կառուցողական դիրքորոշում որդեգրելը և փոխզիջմանը համաձայնելը բավական բարդ, գրեթե անհնարին կարող է լինել այդ երկրի համար։

 

-   Ի՞նչ քայլեր են ակնկալվում միջնորդ երկրներից։

-   Միջնորդ երկրների տարածաշրջանային քաղաքականությունը ծանրացած է աշխարհաքաղաքական շահերով։ Եվ եթե այժմ նոր պատերազմի բռնկումը Հարավային Կովկասում նրանցից ոչ մեկին ձեռք չի տալիս, ապա չկա և ոչ մի երաշխիք, որ մի քանի տարուց նրանցից որևէ մեկը ինքը չի հրահրի նման պատերազմ։ Այսօր ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի բազմակի խախտումները, որի արդյունքում բազմաթիվ զոհեր են արձանագրվում, հայ գերիների և պատանդների սպանությունը, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Նախիջևանում և այլուր որևէ միջնորդ երկրի կողմից համարժեք գնահատականի չի արժանանում, էլ չեմ խոսում պատժամիջոցների կիրառման մասին։ Միաժամանակ, չգիտես ինչու, հայկական կողմը խիստ երկյուղում է, որ իր կողմից անգամ որևէ պայմանավորվածություն խախտելու հետ կապ չունեցող այնպիսի քայլ, ինչպիսին ազատագրված տարածքների բնակեցումն է, միանգամից միջնորդներին կմղի մեր դեմ պատժամիջոցներ կիրառելու։ Սա թույլ իշխանության վտանգավոր, պարտվողական քաղաքականություն է։

 

-   Ի՞նչ եք կարծում` ի՞նչ բնույթի տարաձայնություններ կան Ստեփանակերտի և Երևանի միջև բանակցությունների վարման մարտավարության հարցում։

-   90-ականներին Արցախի իշխանությունները շատ ավելի անկախ էին և հաճախ ունենում էին իրապես լուրջ տարաձայնություններ պաշտոնական Երևանի հետ, ինչը նաև շատ օգտակար էր լինում` ցույց տալու համար աշխարհին, որ պետք է հաշվի նստել հայկական երկու պետականությունների հետ էլ։ Դա նաև դիվանագիտական մեծ ճկունություն էր հաղորդում հայկական երկու կողմերին բանակցային գործընթացում։ Ցավոք, 1998թ.-ից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանի անխոհեմ համաձայնությամբ Արցախը դուրս մղվեց բանակցային գործընթացից, Ստեփանակերտը գնալով ավելի կրավորական դիրք է բռնում` զուրկ նախաձեռնողականությունից և ինքնուրույնությունից, ինչը լուրջ վտանգ է պարունակում։

 

-   Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի ԼՂՀ-ի անկախությունն ու փաստացի կարգավիճակը ճանաչվեն միջազգայնորեն։

-   Այդ ուղղությամբ կարևորագույն քայլը պետք է անի Հայաստանը, որ կարողանա նաև այլ երկրներից հայցել Արցախի ճանաչում։ Բացի այդ, Արցախը պետք է արմատական ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնի և դառնա տարածաշրջանի ժողովրդավարական կղզյակ։ Հայաստանի նյութական օժանդակությունը պետք է ավելացվի, իսկ ներդրումները էապես խրախուսվեն։ Ազատագրված տարածքները պետք է վերաբնակեցվեն մի քանի անգամ ավելի մեծ տեմպերով` տարեկան առնվազն 10000 մարդ։

 

-   Որոշ փորձագետներ հայտնում են այն տեսակետը, որ պատերազմի հավանականությունը գնալով աճում է։ Դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը։

-    Պատերազմի հավանականության աճը մեծապես կապված է Ադրբեջանի` Հայաստանի համեմատ շատ ավելի մեծ տեմպերով նյութական և դրանից բխող ռազմական կարողությունների ավելացմամբ։ Արդեն 2010թ.-ի արդյունքներով Ադրբեջանի ՀՆԱ-ն գերազանցում է Հայաստանի ՀՆԱ-ն ավելի քան 5 անգամ` համապատասխանաբար 51,8 մլրդ դոլար` 9,3 մլրդ դոլարի դիմաց։ 2011թ. հուլիսի դրությամբ Ադրբեջանի ռազմավարական արժութային պահուստները գերազանցել են 37,5 մլրդ դոլարը, մինչդեռ Հայաստանի պահուստները չեն հասնում 2 մլրդ դոլարի։ Ճիշտ է, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը նավթի գների անկման առումով մեծ հարված հասցրեց Ադրբեջանին, այլապես, ամենահամեստ հաշվարկներով, այդ երկրի պահուստներն արդեն գերազանցած կլինեին 50 մլրդ դոլարը։ Ամեն դեպքում, միջազգային որոշ հեղինակավոր փորձագետների կարծիքով առաջիկա 10 տարիների ընթացքում Ադրբեջանի ռազմավարական արժութային պահուստները կհասնեն 100 մլրդ դոլարի։  Սա կանխատեսելի էր վաղուց, և պատերազմը կանխելու միակ ելքը հնարավորինս շուտ Արցախի անկախության ճանաչումն էր նախ Հայաստանի, ապա աշխարհի շատ այլ երկրների կողմից, որի արդյունքում կձևավորվեր միջազգային երաշխիքների նոր համակարգ և Արցախը այլևս չի դիտվի որպես Ադրբեջանի ներքին տարածք, որտեղ կարելի է ռազմական գործողություններ իրականացնել։

        2007թ.-ի օգոստոսին, երբ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազգային Ժողովում հանդես եկավ Արցախի անկախությունը ճանաչելու մասին իր առաջին օրենսդրական նախաձեռնությամբ, Ադրբեջանի արտարժութային պահուստները չէին հասնում 5 մլրդ. դոլարի։ Երկու երկրների ռազմական բյուջեները ևս շատ թե քիչ համադրելի էին, և եթե հաշվի առնենք, որ բանակցային կողմերի կոշտ դիրքորոշման և միջնորդների առաջարկների մերժման արդյունքում 2007-ին Մինսկի խմբի եռանախագահող երկրները առժամանակ մի կողմ էին քաշվել բանակցություններից` հայտարարելով, որ նոր առաջարկներ մշակելու իրենց հնարավորությունները սպառված են համարում, հրաշալի պահ էր Արցախը ճանաչելու համար։ Սակայն անհեթեթ վախվորածության և անհեռատեսության արդյունքում դա չարվեց։

 

Անհրաժեշտ է ավելի հզորացնել մեր բանակները

աշխարհաքաղաքական ցանկացած զարգացումների պատրաստ լինելու համար

 

-   Ձեր մաղթանքը ԼՂՀ անկախության տարեդարձի կապակցությամբ։

-   Ես մաղթում եմ հայկական երկու պետությունների բոլոր քաղաքացիներին, ողջ հայությանը ավելի համարձակ և վճռական լինել սեփական ազգային շահերը պաշտպանելու, դրանց վերաբերող կարևորագույն որոշումներ ընդունելու գործում, էլ ավելի հզորացնել մեր բանակները աշխարհաքաղաքական ցանկացած զարգացումների պատրաստ լինելու համար։

 Հարցազրույցը` Թեհմինա Արզումանյանի

 



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2019-10-01 12:20

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց