02:58
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ստեղծագործական մոտեցում, անցյալը նորովի ներկայացնելու ընդունակություն

2013-04-11 11:32

                               «Դե Ֆակտո»  64 (2011թ.)

Սեպտեմբերի 15-ին «Peoplemeter» ընկերության հրավերով Երևան էր ժամանել գերմանահայ PR-մասնագետ Վազրիկ Բազիլը, ում ծառայություններից օգտվել է անգամ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ 45-ամյա Վազրիկ Բազիլը ներկայումս գլխավորում է Գերմանիայի Ճառագիրների միությունը։ 2003-2005թթ աշխատել է Բունդեսթագում։ Փիլիսոփայության դոկտորը մի շարք գրքերի հեղինակ է։

Վազրիկ Բազիլը Հայաստանում հանդես եկավ մի շարք դասախոսություններով Գևորգյան Ճեմարանում և Երևանի պետական համալսարանում, ինչպես նաև ասուլիսով, որը կազմակերպել էր «Slaq» մամուլի ակումբը։

Ասուլիսի ընթացքում պարոն Բազիլը հիմնականում անդրադարձավ այն խնդրին, թե ինչպես են հայերը Հայաստանը և իրենց ներկայացնում աշխարհին։ Նա գտնում է, որ պետք չէ կառչել անցյալից, պետք չէ լինել անցյալապաշտ, ինչպիսին հայերս ենք, անհրաժեշտ է լինել ավանդապահ, անցյալը չմոռանալով` նրա հիմքի վրա կառուցել նորը, նոր մոտեցումներով և նոր տեսանկյունից ներկայանալ աշխարհին։

Ասուլիսից հետո Բազիլը համաձայնեց պատասխանել նաև «Դե Ֆակտո» ամսագրի հարցերին։

-     Պարոն Բազիլ, մեր երկիրը միջազգային ասպարեզում ներկայացնելիս, ըստ Ձեզ, ո՞ր ասպեկտների վրա է անհրաժեշտ  շեշտադրում անել։

-     Կարծում եմ` գլոբալիզացիայի այս դարաշրջանում անհրաժեշտ է ներկայանալ աշխարհին` երկիրը համակողմանի ներկայացնելու միջոցով` մշակույթ, քաղաքականություն, պատմություն, տնտեսություն։ Սրանք բոլորը փոխկապակցված են և ազդակներ կարող են լինել միմյանց համար։ Հայաստանն աշխարհին ներկայանալիս պետք է հաշվի առնի, թե որ երկրում ինչպիսին է հասարակության տրամադրվածությունը, մտածելակերպը և ամեն երկրի յուրովի ներկայանա։ Եվրոպայում «դհոլ, շուրջպար և Արարատ»-ով ներկայանալով միջազգային մրցակցության մեջ էական արդյունքի չես հասնի։ Սա է խնդիրը։ Հայաստանը պետք է գիտակցի, որ իր բոլոր նախաձեռնություններում գլխավոր շեշտը պետք է դնել որակի վրա։ Իսկ որակի հասնելու համար անհրաժեշտ է որակյալ կրթություն, որը կապահովի զարգացում և առաջընթաց հասարակական կյանքի բոլոր բնագավառներում։

-     Դուք ասում եք, որ մենք` հայերս, անցյալապաշտ ենք, այլ ոչ ավանդապահ։ Կբացատրեք ինչու՞։

-     Խնդիրն այն է, որ մենք իրոք ապրում ենք անցյալով, շարունակ ներկայացնում ենք մեր անցյալը, առանց այն նորոգելու, առանց նրան կենդանություն, թարմություն հաղորդելու։ Մենք պետք է դուրս գանք թանգարանային կերպով ներկայանալու այս ավանդույթից։ Հայ անունը ներկայացնելու և բարձր պահելու համար ամենևին պարտադիր չէ պատմել 2000 տարվա պատմություն, կարելի է, օրինակ, մեկ համեստ արձանի` Կարաբալայի աչքերով ներկայացնել Երևանը, նրա կենցաղը, մարդկանց ու փողոցները, այլ ոչ հինգասղանի հյուրանոցներով, որոնցով ոչ մի եվրոպացու բնավ չես զարմացնի։ Այս ձևով վստահ եմ առավել դրական և մեծ կլինեն արձագանքներն ու հետքրքրությունը քաղաքի նկատմամ։

Անդրադառնանք Ձեր` ճառագրի մասնագիտությանը։ Ինչպիսի՞ խնդիրների եք հանդիպում Ձեր գործունեության ընթացքում։ Լինու՞մ են արդյոք անհամաձայնություններ ճառագրի և ճարտասանի միջև։

-     Խնդիրներ և հակասություններ լինում են, իհարկե։ Եթե ճարտասանի խնդիրը միայն իր հանդիսատեսին համոզելն է, ապա ճառագրի խնդիրը ճարտասանին և հանդիսատեսին համոզելն է։ Իսկ քաղաքականությունը, ինչպես Գերմանիայում են ասում հաստ փայտ փորելու նման մի բան է, ուստի դժվարություններ, տարաձայնություններ, անշուշտ, միշտ կան, որոնք փորձում եմ համատեղ քննարկումների և համաձայնեցված լուծումների միջոցով հարթել։

-     Կարծում եմ, միշտ չէ, որ Ձեր և Ձեր պատվիրատուի քաղաքական հայացքները համընկնում են։ Եղե՞լ է արդյոք այնպես, որ այդ գաղափարական տարաձայնությունների պատճառով հրաժարվեք համագործակցությունից։

-     Եթե տարաձայնությունները խորը գաղափարական խնդիրների շուրջ են, անշուշտ, ես չեմ համաձայնի աշխատել տվյալ քաղաքական ուժի հետ։ Թեև պետք է ասեմ, որ Գերմանիայում քաղաքական կուսակցություններն իրենց ուղղվածությամբ կենտրոնամետ են, ծայրահեղ աջ կամ ձախ քաղաքական ուժեր գրեթե չկան։ Ուստի նման խնդիրներ համարյա թե չեն լինում։

-     Որևէ հետաքրքիր դեպք, կապված Ձեր մասնագիտական գործունեության հետ, կարո՞ղ եք հիշել։

-     Գերմանիայում շատ հայտնի մի քաղաքական գործչի ելույթի համար ճառ էի պատրաստել, որը սկսվում էր այսպիսի տողերով. «Ձեզ իհարկե հայտնի է, որ իմ առջև դրված է թերթիկ, որտեղ այն մտքերն են, որոնք գրել է ճառագիրը, սակայն ես այսօր չեմ կարդա դրանք, անկեղծ կլինեմ ձեզ հետ և կասեմ այն, ինչ իրոք մտածում եմ», և սկսում է կարդալ, այն, ինչ նախապես գրել էինք ելույթի համար (ժպտում է)։ Սա Եվրոպայում ընդունված տեխնոլոգիա է, որն, ի դեպ, բավականին դրական ազդեցություն է գործում հանդիսատեսի վրա։

-     Ձեր գործունեության ընթացքում աշխատե՞լ եք որևէ հայ քաղաքական գործչի կամ ուժի հետ Հայաստանում կամ Սփյուռքում։

-     Հայաստանում ոչ, չեմ աշխատել, իսկ Սփյուռքում ոչ պաշտոնական կերպով ժամանակ առ ժամանակ օգնում եմ Գերմանիայում Հայաստանի դեսպանությանը, եթե որևէ նման հարցով դիմում են։

-     Եվ վերջում «Դե Ֆակտո» ամսագրի այս համարը նվիրված է ՀՀ անկախության 20-ամյակին։ Ձեր մաղթանքը հայ ժողովրդին։

-     Մեր ժողովրդին ես մաղթում եմ ստեղծագործության ունակություն և ցանկություն` սկսած մշակույթից մինչև տնտեսություն, քաղաքականություն, դիվանագիտություն։ Ստեղծագործությունը միայն արվեստ չէ, կառավարումն ու դիվանագիտությունը, և առհասարակ ամենի ինչ, ստեղծագործություն է։ Մաղթում եմ ամեն ինչին նորովի, նոր տեսանկյունից դիտելու կարողություն։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...