





2013-04-13 11:24
«Դե Ֆակտո» 65(2011թ.)
Բազմաթիվ իրադրություններում օտարազգիների մոտ միշտ էլ կարողացել ենք հպարտանալ մեր ամուր և կայացած հայ ընտանիքներով և այդ ամրությանը նպաստող ուժեղ ավանդույթներով։ Սակայն ժամանակի հետ պատկերը փոխվում է. ամուսնալուծությունների քանակի ավելացում, սոցիալական խնդիրներ, սոցիալական տարբեր շերտերի փոխհարաբերությունների ազդեցությունն ամուսնության վրա, ավանդականի և նորի բախում, ընտանիքի տարբեր մոդելներ։ Ո՞րն է ճիշտը, նպատակահարմարը։ Շատերին հուզող հարցեր, որոնց պատասխանները փորձեցինք ստանալ ԵՊՀ սոցիալական հոգեբանության ամբիոնի դոցենտ Վլադիմիր Միքայելյանից։
-Պարո՛ն Միքայելյան, ո՞րն է ամուսնության նշանակությունը, ինչպիսի՞ն պետք է լինի ամուր ընտանիքը։
-Ամուսնությունը սոցիալական ինստիտուտ է, որն ունի հազարամյակների պատմություն և այդ տարիների ընթացքում, բնական է, ենթարկվել է որոշակի փոփոխությունների՝ ինչպես բովանդակային, այնպես էլ ձևական կողմով։ Որպես սոցիալական ինստիտուտ՝ ամուսնությունը կարգ ու կանոն է ներդնում մարդկային հասարակության մեջ, ձևավորում է բարոյականության մեկ այլ մակարդակ և, ամենակարևորը, ապահովում է հասարակության զարգացումը։ Որքանո՞վ է ամուր ընտանիքը այսօր, ինչու՞ է ամուր և ի՞նչ է ընդհանրապես նշանակում ընտանիք, ի՞նչ մեխանիզմների և գործոնների հիման վրա է նա դառնում ամուր ընտանիք։ Ամուր է համարվում այն ընտանիքը, որտեղ առկա են ծնողները, երեխաները, որտեղ չկա կոնֆլիկտային միջավայր, հիվանդագին վերաբերմունք երեխաների և միմյանց նկատմամբ, որտեղ իշխում է բարությունը և միմյանց նկատմամբ փոխհասկացողությունը։ Սակայն ցանկացած սոցիալական ինստիտուտ միֆ է, և այդ միֆի մեջ մտնում է այն գաղափարը, որ կայուն ընտանիքը պետք է լինի այդպիսին։ Հասարակության մեջ ընտանիքի ամուր լինելու մասին կան երկու տարբեր տեսակետեր՝ սոցիոլոգիական և հոգեբանական։ Ըստ սոցիոլոգիական տեսակետի՝ ընտանիքի ամրության մասին վկայում են զուտ չոր վիճակագրական տվյալները. եթե 100 ընտանիքի մեջ կա ամուսնալուծության նվազագույն տոկոս, ուրեմն համարվում է, որ այդ հասարակությունն ունի ամուր ընտանիք։ Հոգեբանական տեսանկյունից ընտանիքի ամրությունը պայմանավորված է ներքին հարաբերություններով և դրանց առանձնահատկություններով, ավանդական մտածելակերպով և այլն։ Մենք առանձնացնում ենք կնոջ և ամուսնու սոցիալական դերեր և ամեն դերն ունի իր բովանդակությունը։ Տարբեր մշակույթներում այդ բովանդակությունը տարբեր է, բայց ցանկացած մշակույթում այն կա։ Սոցիալական դերի երկու հիմնական գործոններն են իրավունքը և պարտականությունը։ Մշակույթի մեջ ձևավորված են ամուսնության սոցիալական դերի վերաբերյալ որոշակի պատկերացումներ, որոնք կիսվում են մեծամասնության կողմից։ Ամուսնու և կնոջ դերերը մեզ մոտ նույնպես ընդունված են։ Թե որ տեսակի ընտանիքն է ամրապնդվում տարբեր մշակույթներում՝ պայմանավորված է նրանով, թե որքանով է նա արդյունավետ։ Այլ մշակույթներում մենք չենք տեսնի նույն սոցիալական դերերը, բայց եթե մեզ մոտ նման սոցիալական դերեր կան, նշանակում է, որ այդ սպասելիքները ինչ-որ ձևով արդարացված են, դրա համար էլ կան։
-Ո՞րն է ավանդական ընտանիքը, ընտանիքի ինչպիսի՞ մոդելներ կան, ավանդական և ոչ ավանդական ամունությունների ինչպիսի՞ ձևեր։
-Փորձենք հասկանալ,թե ինչ է նշանակում ամուր ընտանիք ավանդական տեսակետից։ Եթե ամուսինների ընտրությունը պայմանավորված է ծնողների ընտրությամբ, հարաբերություններն էլ՝ ծնողների ազդեցությամբ, եթե ամուսինները կրկնում են ծնողների ընտանեկան մոդելները, ապա իրենք ոչինչ չեն ստեղծում, այլ յուրացնում են ծնողներինը։ Երեխան փոքր տարիքից տեսնում է մորը, նույնականանում է մոր հետ, վերցնում է վարքային մոդելները և՛ վերաբերմունքը հոր նկատմամբ, և՛ կենցաղային վարքը, և այդ ամենը նա տեղափոխում է իր ապագա սեփական ընտանիք։ Այդ իմաստով մեր ավանդական ընտանիքի մոդելները ժառանգված են, մեզանից ոչ ոք չի ձևավորում սեփական ընտանիքի մոդել։ Ամեն մարդ իր ընտանիքից բերում է իր մոդելը և եթե ընտանիքի մոդելները ամուսինների մոտ համընկնում են, ապա այստեղ մենք կարող ենք կանխատեսել նորմալ հարաբերություններ։ Եթե հակադրվում են, այստեղ մենք տեսնում ենք կոնֆլիկտներ։ Եթե տղան մեծացել է ընտանիքում, որտեղ գերիշխում է մայրական սկզբունքը, ապա այդ տղան ևս, նույնականանալով հոր կերպարի հետ, իր սեփական ընտանիքում հակում կունենա ընկնել կնոջ ազդեցության տակ։ Եթե աղջիկն է մեծանում նման ընտանիքում, ապա նա ևս իր սեփական ընտանիքում կփորձի իշխել ամուսնու վրա։ Եվ դա յուրացված ընտանեկան մոդելների բախում է։ Մարդը, որ կա դրանց հետևում, կարծես արտամղված լինի։ Այստեղ գործ ունենք երկու մոդելների փոխհարաբերությունների, բախումների և համերաշխության հետ։ Եվ ընտանեկան կոնֆլիկտները կարող են բացատրվել այս մոդելների կոնֆլիկտից ելնելով։ Բայց կա նաև այսպիսի մի խնդիր. ենթադրենք աղջիկը մեծացել է ավանդական ընտանիքում, տղան նույնպես, ունեն ընդհանուր աշխարհայացք, բայց տարիներ անց գալիս է մի պահ, որ մարդ կարող է կանգ առնել և մտածել, թե ինչու է ինքն այդպես ապրում։ Եվ այստեղ տեղի է ունենում արժեքների վերանայում։ Սովորաբար ընտանիքի ռիսկային գոտին մինչև 10 տարին է, երբ կա ամուսնալուծությունների վտանգ։ Եթե 10-ից հետո ընտանիքը շարունակվում է պահպանվել և հասնում անցնում է 25 տարվա ժամկետը, այստեղ կարող են ձևավորվել ներանձնային կոնֆլիկտներ, որոնք հետո դուրս են մղվում միջանձնային դաշտ։ Մարդը սկսում է մտածել, որ նա սխալ է ապրել, կամ ուզում է ինչ-որ բան փոխել իր կյանքում։ Ընդհանրապես մարդու համար օրինաչափություն է կյանքի առաջին կեսում սխալներ կուտակել, իսկ երկրորդ կեսում այդ սխալները ուղղել։ Հենց դա էլ նշանակում է ճգնաժամ։ Ընտանեկան կյանքի ճգնաժամը բերում է նրան, որ մարդը ուզում է վերանայել իր կյանքը, սկսում է հասկանալ, որ իր ապրած ընտանեկան կյանքը ծնողական ընտանիքի կրկնությունն է, և նա ուզում է ստեղծել իր սեփական ընտանիքը, ոչ թե շարունակել վերարտադրել ծնողական մոդելը Եվ շատ ժամանակ այդ նոր հարաբերությունների սկիզբը դնում են երեխաները, ովքեր հասունանալով՝ սկսում են ծնողներին ինչ-որ բան սովորեցնել։ Եթե մարդ չլինի մեծամիտ, նա կսկսի ուշադիր լսել երեխաների կարծիքը ընտանեկան կյանքի մասին։ Երեխան իր կյանքի հայեցակարգով սկսում է ծնողների մոտ ձևավորել ուրիշ վերաբերմունք ընտանեկան դերերի նկատմամբ։ Իսկ եթե մարդիկ ուղղակի շարունակում են ապրել միայն նրա համար, որ նրանք ընտանիք են և պարտավոր են ապրել միասին, ապա դա կբերի նրան, որ ոչ մի անձնական վերաբերմունք ընտանեկան կյանքի հանդեպ չի ձևավորվի, ոչ մի փոփոխություն չի լինի, և մարդը կապրի, քանի որ այդպես ընդունված է ապրել։ Ավանդական ասածը վերաբերում է նրան, որ մենք չենք փորձում քննադատական մտքով մոտենալ դրան, այլ դա ընդունում ենք որպես պատրաստի կյանքի ձև, և շատ մարդիկ ապրում են այդպես։ Մենք ապրում ենք սոցիալական սցենարով, որը շատ սահմանափակ է. Երեխան պետք է ծնվի, գնա մանկապարտեզ, դպրոց, ինստիտուտ, ամուսնանա, աշխատի և այլն։ Սակայն քանի որ ժամանակները փոխվում են, հոգեկանը զարգանում է այլ ձևով, հոգեկանի մակարդակը մարդու մոտ չի մնում նույնը, ցանկացած սոցիալական ինստիտուտ ժամանակի ընթացքում իր միջից սկսում է ձևափոխվել։ Քանի որ ընտանիքը ամբողջ սոցիալական համակարգի մաս է, ապա առաջինն ինքն է ենթարկվում փոփոխությունների։ Եվ քանի որ փոփոխություններն ամեն դեպքում անցավ չեն անցնում, մենք ունենում ենք այնպիսի երևույթ, ինչպիսին է ամուսնալուծությունը։
-Դուք ներկայացրեցիք երևույթները և հնարավոր տարբերակները։ Իսկ փաստացի ի՞նչ վիճակ է տիրում այսօր ընտանիքի ամրության, ամուսնության ու ամուսնալուծության առումով։ Ո՞ր մոդելներն են այսօր գերիշխում։
-Ավանդական մտածողությունը այսպես թե այնպես պահպանվում է երկար դարերի ընթացքում։ Ամենադժվարը փոփոխության են ենթարկվում կարծրատիպերը, և մեզ մոտ դա ավելի դժվար է տեղի ունենում, քան ուրիշ ազգերի մոտ, որովհետև մենք կարծես թե ավելի ավանդական ենք։ Այսօրվա ժամանակակից ընտանիքը իրենից ներկայացնում է ավանդական և ժամանակակից մոդելների մի խառնուրդ։ Այսօրվա երիտասարդը գտնվում է միաժամանակ և ավանդական մտածողության, և նոր վարքի մոդելների ազդեցության տակ։ Նաև պետք է հաշվի առնենք, որ այսօրվա ամուսնացողներն արդեն այն ավանդական մտածողությունը չունեն, որն ունեցել են նրանց պապերը, և կամաց կամաց փորձում են նրանցից հեռանալ, բայց որքան էլ հեռանում են, միևնույն է՝ ավանդական դիրքորոշումները պահպանում են։ Դրա համար այսօրվա ժամանակակից երիտասարդ ընտանիքները նոր մոդել են ձևավորում։ Այդ նոր մոդելները իրականում արտահայտում են անհրաժեշտաբար սոցիալական զարգացման ընթացքը։ Եվ եթե առաջ ավանդական մոտեցումը ընտանիքներին թույլ էր տալիս խուսափել ամուսնալուծություններից, այսօր այդ վիճակը չէ, քանի որ դեռ չկա սեփական ձևավորված ու կայուն նոր մոդել, նորի հիմքերը դեռ ամրապնդված չեն։ Մի կողմից՝ չեն ուզում ապրել ավանդական ձևով, ուզում եմ անկախ լինել, մյուս կողմից՝ չգիտեն, թե ինչպես ապրել։ Դեռահասության վիճակ է։ Ժամանակակից ընտանիքը դեռ հասուն չէ, բայց երեխա էլ չէ։ Ձևավորման փուլում է, բայց քանի որ հիմքը ձևավորված չէ, ամուսնալուծություններն առայժմ շատ կլինեն։ Մեկից հրաժարվել են, մյուսը չի ձևավորվել։ Բայց ժամանակի ընթացքում կձևավորվի նոր մոդել և ընտանիքները կդառնան ամուր։ Դա էլ արդեն կդառնա ավանդույթ։
- Մարդկային հասարակության շերտավորումը և սոցիալական խավերի բախումը կապ ունի՞ այդ ամենի հետ։ Որքանո՞վ են ամուսնալուծության պատճառ հանդիսանում տարբեր խավի մարդկանց միությունները։ Եվ ինչու՞ են հարուստները ձգտում ամուսնանալ հարուտների հետ և հակառակը։
-Իրականում մարդկանց շերտավորումը հազարավոր տարիների պատմություն ունի։ Դա նոր բան չէ, որ հարուստը ձգտում է ամուսնանալ հարուստի հետ, իսկ աղքատը՝ իր խավի մարդու հետ։ Բայց, բացի հարստության չափանիշից կա նաև սոցիալական չափանիշ, ինտելեկտուալ չափանիշ, զարգացման չափանիշեր։ Հարստության չափանիշն էլ կա, մարդիկ ուզում են մնալ նույն շերտի մեջ, դա ինչ-որ տեղ ապահովութուն է, մարդիկ ուզում են ապահովել իրենց և իրենց սերունդների կյանքը։ Իհարկե, եթե չունևորն ամուսնանա ունևորի հետ, հասարակության մեջ դա չի դատապարտվի, բայց ներքուստ ձևավորվում է լարվածություն իրենց մեջ, որովհետև տարբեր շերտեր տարբեր աշխարհայացք ունեն, տարբեր կյանքի մոտեցումներ, հուզական դաշտեր։ Մարդկության պատմության սկզբից կա այն չափանիշը, որ նմանը ընտրում է նմանին։
-Հակառակ երևույթը, երբ տարբեր խավերի նեկայացուցիչներ են ընտրում իրար, ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել։
-Այստեղ առաջանում են այդ կարծրատիպերից բխող խնդիրներ։ Նախ կարող են առաջանալ թերարժեքության բարդույթներ. ցածր խավի ներկայացուցիչը ամուսնանալով բարձր խավի ներկայացուցչի հետ՝ կարող է ապրումներ ունենալ, որ ինքը ցածր է եղել, ու չնայած զգացմունքային դաշտ կարող է լինել, բայց ինքն անընդհատ կարող է թունավորված լինել այդ թերարժեքության զգացումով։ Հակառակ դեպքում սոցիալական խավի ներկայացուցիչը կարող է վերևից նայել իր զույգին։ Իսկ թե ինչպիսի հարաբերություններ կձևավորվեն՝ արդեն կախված է անհատական մարդուց. կարող է լինել երջանիկ ընտանիք և հակառակը։ Բայց ընտանիք ստեղծելու համար առաջին անհրաժեշտ հատկությունը ոչ թե գումարն է, այլ հասունությունը, սոցիալական, հոգեկան հասունությունը, որը իրականում հազվադեպ հանդիպող երևույթ է։ եվ սովորաբար ամուսնալուծությունների պատճառը ոչ թե կոնկրետ կենցաղային է, այլ դա հասունության պակասի հետևանք է։ Դրա համար մարդիկ, ովքեր ուզում են ամուսնանալ, նախ պետք է անցնեն որոշակի հոգեբանական դասընթացներ ամուսնական կյանքի վերաբերյալ և հասկանան շատ բան, նոր փորձեն որոշում կայացնել՝ պատրա՞ստ են իրենք ամուսնության, թե՞ ոչ։ Մտածել թե պատրաստ է՝ մի բան է, իսկ իրական կարողությունների գնահատական տալը՝ մեկ այլ բան։ Հասունությունն է հիմնական չափանիշը ամուսնության համար, և հասունությունն է, որ կարող է ապահովել ամուր ընտանիք։
-Այսօրվա կենսաձևի համար նշված մոդելներից ո՞րն եք ավելի ճիշտ համարում ամուր ընտանիք պահելու համար։
-Որքան էլ եվրոպացիները ներմուծեն ընտանեկան կյանքի իրենց մոդելները, մեր ազգում գործում են շատ խորը ավանդական դիրքորոշումներ, արմատական, որը իրենք չեն կարող փոխել։ Իհարկե ունենք մոդայիկ դարձած քաղաքացիական ընտանիքներ, մարդիկ, ովքեր ապրում են միասին, բայց իրավաբանորեն ամուսնացած չեն։ Բայց դրանք եզակի դեպքեր են։ ես կարծում եմ, որ իդեալականը մեր համար կլինի, իհարկե, պահպանել ավանդական մոտեցումը, ոչ թե ծեսերը, այլ ավանդական մոտեցումը ընտանիքին՝ որպես կարևոր սոցիալական ինստիտուտի պարտականությունների կատարման իմաստով։ Բայց, իհարկե, այստեղ որոշ չափով կարող են վերանայվել ամուսինների դերային բովանդակությունը և վերանայվում են։ Ավանդական մտածելակերպ դա չի նշանակում միանշանակ բացասական։ Ավանդականն ունի պաշտպանական լուրջ ֆունկցիաներ։ Եվ եթե չլիներ այդ ավանդական մոտեցումը, ես չեմ կարծում, որ հայկական ընտանիքն իսկապես կարող էր տարբերվել ուրիշ ընտանիքներից։ Դա ապահովում է ընտանիքի ամրությունը և հասարակության ամրությունը։ Ավանդական դիրքորոշումները պետք են, բայց պետք չի մարդուն դարձնել ավանդական դիրքորոշումների ստրուկ։ Դրանք ուղղակի պետք է թույլ տան մարդու ազատ զարգացում։ Այդ երկու կարևոր գործոնների համադրությունը կլինի իդեալական ընտանիք։
Կարեն Վարդանյան
Վերադառնալ