21:27
08/12/2022
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Նա ևս արարում էր, և արարում էր ամենաթանկը մարդու կյանքում` առողջությունը…

2013-04-15 11:04

«Դե Ֆակտո» 65 (2011թ.)

                            Գործն է անմահ, լա՛վ իմացեք, որ ապրում է դարեդար,

   Երնե՜կ նրան, որ իր գործով կապրի անվերջ, անդադար

 Մեծ Լոռեցու` հանճարեղության աստիճան պարզ ձևակերպված անմահության այս բանաձևի դասերով է, անշուշտ, գիտակցական ողջ կյանքի ընթացքում առաջնորդվել ճանաչված վիրաբույժ Համլետ Թամազյանը, ում, իսկապես, հաջողվեց բարի ու մնայուն հետք թողնել կյանքում, շատերին իր իսկ անձնական օրինակով խոսքը գործի վերածելու դասեր ցուցանելով։ 2003-ին Ազգային ժողովի պատգամավորի թեկնածության կենսագրական գրքույկում մի ամբողջ էջը հազիվ է բավականացնում նրա գիտական ու պատվավոր կոչումների ոչ լրիվ ցանկի` միայն թվարկման համար. դրանց մասին, և առհասարակ նրա մասնագիտական գործունեության մասին շատ է գրվել. այն կարելի է պատկերավոր ներկայացնել իր վաղեմի գործընկեր և համախոհ, անեսթեզիոլոգ, Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանի խոսքերով, ում հետ Թամազյանը Ախթալայում մասնագիտական առաջին քայլերն է կատարել. «…Առաջին իսկ օրը կատարվեց չորս վիրահատություն։ Նրա մատների շարժումները այսօր էլ դրոշմված են իմ հիշողությունում, դրանք պրոֆեսիոնալի ձեռքեր էին, նման վիրտուոզ երաժշտի, քանդակագործի ձեռքի շարժումներին։ Ես հենց սկզբից զգացի, որ գործ ունենք արդեն իսկ կազմակերպված, բարձր որակավորման վիրաբույժի հետ։ Ու մինչև վերջ նա մնաց այդպիսին… նա ևս արարում էր, և արարում էր ամենաթանկը մարդու կյանքում` առողջությունը…»։

  Իսկ ահա նրա բարի գործերի մասին լոռեցիների շրջանում գրեթե լեգենդներ են շրջանառվում, որոնց, թերևս, արդարացիորեն նպաստել են դրանց բազմաթիվ լինելու հանգամանքն ու  անսահման սերը հայրենի երկրամասի հանդեպ։ Եվ որ ամենակարևորն է, ինքն էլ, իրապես, փորձում էր ապրել շատերի համար անհասանելի թվացող լեգենդը, երազանքը իրականության վերածելու մեծ ձգտումով…

Հարազատների, նրան մոտիկից ճանաչողների պատմությունների համադրությունը մի փոքրիկ փորձ է ամբողջացնելու կյանքից անժամանակ հեռացած մտավորականի, իր երկրի իսկական քաղաքացու կերպարը։

 

Առաջին հանդիպումը

«Ես բժշկականի առաջին կուրսում էի սովորում, ծնողներից, հարազատներից հեռու, չէի հարմարվում Երևանին։ Ամեն օր դասերից հետո «Նաիրի» կինոթատրոնի դիմացի փոստն էի գնում մերոնց հետ խոսելու։ Մի անգամ այդպես լացակումած գնում էի զանգելու, երբ մի անծանոթ երիտասարդ մոտեցավ, հետաքրքրվեց, թե ինչո՞ւ եմ տխուր, ինչո՞ւ եմ լացում։ Չոր և կոպիտ պատասխանելով հեռացա, բայց երբ քիչ անց հանրակացարան էի վերադառնում, նա ինձ նորից մոտեցավ, անկեղծորեն, առաջին անգամ ինձ համար այդ օտար քաղաքում, հարազատություն և ջերմություն զգացի…Քայլեցինք, զրուցեցինք… Այդպես սկսեցինք հանդիպել։  Ծնողներս խիստ էին, պատվարժան ընտանիք մեր քաղաքում և նա կարողացավ նաև նրանց համակրանքը շահել։ Իր ճանապարհը այդպես ողջ կյանքի ընթացքում հարթեց ինքնուրույն, իր ուժերով, մարդկային բարձր նկարագրով, անձնական հմայքով»,-հիշում է Թամազյանի կինը` բժշկական գիտությունների թեկնածու, ՀՀ վաստակավոր բժիշկ Անժելա Թամազյանը։

«Լոռին իր թուլությունն էր… Ֆրանսիայում, որտեղ բուժվում էր,  հաճախ էր կրկնում` իմ հողն եմ ուզում, իմ սարերի ջուրն եմ ուզում, իմ Լոռվա ձորերն եմ ուզում…

Եթե մի փոքր ժամանակ էր ունենում, մեկնում էր Օձուն, գյուղի տան հողամասում իր իսկ ձեռքով տնկած ծառերն էր խնամում, անհանգստանում էր ամեն ծառ ու թփի համար։ Ալավերդի գնալիս ամբողջ ճանապարհին լուռ, լարված էր լինում, հենց Վանաձորն անցնում էինք, անկախ իրենից, սկսում էր երգել, ասես հատուկ կենսաէներգիա էր ստանում։ Կարողացավ իմ մեջ էլ սեր արթնացնել, ինձ էլ հարազատ դարձնել Լոռին»,- շարունակում է վաղուց Լոռվա բարբառով խոսող գյումրեցի զրուցակիցս։ «Հիշում եմ, երբ  Ալավերդու պատվավոր քաղաքացի կոչումը ստացավ, ուրախացել էր անչափ։ Տարբեր պարգևներ, առիթներ բազմիցս ունեցել է, բայց դա մի ուրիշ զգացմունք էր, ուրիշ հույզեր էին համակել իրեն։ Երբ որևէ տեղ իր հարազատ բարբառով խոսողի էր լսում, անպայման զրույցի էր բռնվում, հետաքրքրվում` ով է, ինչով է զբաղվում, և եթե իր օգնության կարիքը լինում էր, անպայման փորձում էր օգտակար լինել։ Հիշում եմ, մի անգամ տեղատարափ անձրև էր, Լոռիում էինք, ճամփեզրին մի տղա երեխա էր կանգնած։ Իջավ մեքենայից, հետաքրքրվեց թե ով է, ու երբ իմացավ, որ հեռու խոտհարքում խոտը բլրող մորն էր սպասում, շատ հուզվեց. գումար տվեց նրան, ապա ոգևորված ավելացրեց դրա չափը, երբ իմացավ, որ տղայի անունն էլ էր Համլետ։ Հորդորեց, որ գումարը անպայման մորը հանձնի։ Գնահատում էր, երբ հայ կինն իր ընտանիքը թեև չարչարանքով, բայց ազնիվ ճանապարհով էր պահում։ Այդպես շատ ընտանիքների էր օգնում Ալավերդիում և ոչ միայն առողջապահական հարցերի հետ կապված։ Շատ բարձր էր գնահատում իր արդար քրտինքով աշխատող մարդուն և իր վերջին գումարը կարող էր տալ, օգնել կարիքի մեջ գտնվողին»։ 

 

Անակնկալների վարպետը

 «Շատ էր սիրում ճանապարհորդել։ Տարիներ առաջ, իսկական արկածներով լի մի ճանապարհորդության մեկնեցինք Պյատիգորսկ. ընկերները ցեղական հովվաշան ձագ էին խոստացել։ 90-ական թվականներն էին, չուզեցի իրեն այդ դժվարին ժամանակներում մենակ թողնել։ Մեզ հետ այդ ճանապարհն անցած մեր ծանոթներից մեկը, տարիներ անց հիացմունքով էր խոսում մեր մասին, որպես նվիրված, միաբան զույգի, համերաշխ ընտանիքի. հիշեցրեց, թե ինչպես լեռնային հեղեղներից կիսաքանդ կամուրջով, որ ոչ մեկը չէր համարձակվում անգամ ոտքով անցնել, Համլետը մեքենայով անվարան, և կարելի է ասել, ինչպես կինոյում, բառացիորեն թռչելով անցավ։ Ի դեպ մյուս ափ հասնելուն պես կամուրջը հիմնովին քանդվեց… Սիրում էր հատկապես մեքենայով ճանապարհորդել, ինքն էլ վարում էր։ Ֆրանսիայում բուժման վերջին կուրսը ստանալուց հետո վերադարձանք, մեր թոռնիկների հետ գրեթե ողջ Եվրոպան շրջագայելով. ասում էր` մեկ էլ երբ եմ երեխաներիս որևէ տեղ տանելու։ Իտալիայից, հատկապես Վենետիկից տպավորված` նկարչական աշխատանքների մի ողջ շարք արեցի։ Նկարելն էլ իր հորդորով եմ սկսել… Պարզվում է մի անգամ վաղ առավոտյան, արթնանալով ասել եմ, թե որքան սիրուն է մեր պատուհանից երևում Մասիսը և որ եթե վրձին լիներ ձեռքիս, կնկարեի, թեև մինչ այդ երբևէ նկարելու փորձ չէի արել։ Որոշ ժամանակ անց Լուսինեն` դուստրս, նկարակալ նվիրեց ինձ։ Առաջին փորձն էլ հենց յուղաներկով արեցի, ինձ դուր եկավ. այն էր, ինչ զգում էի ու ցանկանում էի պատկերել։ Ինձ համար ամենակարևորը Համլետի առաջին արձագանքն էր. որոշ մտավախությամբ նրան ցույց տվեցի, բայց նա հավանություն տվեց։ Սկզբում համարում էի, թե չի ուզում ինձ թևաթափ անել, բայց երբ մասնագետներն էլ դրվատանքով խոսեցին, որոշ կարևոր խորհուրդներ էլ տվեցին, վստահություն ձեռք բերեցի։ Զուլում Գրիգորյանը փարատում էր իմ մտահոգությունը նկարչական կրթություն չունենալու առումով և վստահեցնում, որ մասնագիտական կաղապարներից ազատ իմ երևակայությունը  բնատուր շնորհի հետ միասին կարող է ցանկալի արդյունք տալ։ ՀՀ ժողովրդական նկարիչը գնահատում էր ինձ որպես ինքնուս նկարչի, համարում էր, որ իմ հույզերը ինքնաբուխ են, որևէ մեկին որևէ բան ապացուցելու նպատակ չունեն, և որ կտավին հանձնված անկեղծ հույզեր են։ Դրվատանքով են արտահայտվել նաև Իսաբեկյանը, Իգիթյանը։ Անգամ առաջարկեցին ցուցահանդես կազմակերպել, ինչն ինձ համար իսկական անակնկալ էր, թեև դա էլ իրականություն դարձավ։ Այդպես ներկապնակը դարձավ իմ կյանքի անբաժան մասը, և Համլետը այդ հարցում մշտապես ոգևորում էր ինձ»։

 

Ուղղամիտ էր և անմիջական

«Ինստիտուտում հայրիկի հուշատախտակի կառուցման հարցերով վերջերս Գյումրիում էի։ Վարպետը, որը զբաղվում էր այդ հարցերով, երբ իմացավ, որ Համլետ Թամազյանի որդին եմ, իր հուշերում տպավորված մի պատմություն պատմեց։ Գյումրիում անցկացվող ամենամյա բիենալեի բացմանը, հրապարակի անկյուններում սպասող մուրացկաններից մեկին, ով մոտեցել է բարձրաստիճան պաշտոնյաների շքախմբին, հայրս խոշոր գումար է տվել. իրեն ճանաչողները գիտեն, որ երբեք չէր մերժում որևէ մեկին, և դա հավուր պատշաճության ժեստ չէր։ Պաշտոնյաներից մեկի դիտողությանը, թե չարժե այդպես վարվել, նա, ձևականություններն անտեսող իր սովորության համաձայն, պատասխանել է. «Փող վերցնելը գիտեք, տալն էլ սովորեք»,-պատմում է Թամազյանի որդին` Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի տնօրեն Արթուր Թամազյանը։   

  Դուստրը` Մալայան և Ավագյան բուժկենտրոնների աչքի լազերային բաժնի վարիչ  Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը լրացնում է եղբոր պատմածը. «Իր մահվան հացը այն ռեստորանում տվեցինք, ուր հայրիկը հաճախ էր լինում։ Մատուցողը մեզ մոտեցավ, իր ցավակցությունը հայտնեց, ապա պատմեց, որ երբ նոր էր աշխատում, մատուցման ձևի մեջ իր թույլ տված մի քանի սխալները հայրս խստորեն մատնանշել էր, ինքն էլ հուզվել էր, լացել ու որոշել, որ էլ չի աշխատելու այդտեղ։ Բայց բժիշկը նստեցրել է կողքին ու ասել` սա կյանքի դաս է, ավելի լավ է հենց սկզբից ճիշտ վարվես, քան թե սխալ սովորես ու մշտապես դիտողություն ստանաս։ «Հիմա ես ամեն անգամ սպասարկելիս հիշում եմ նրա խոսքերն ու մտովի շնորհակալություն հայտնում իրեն»,- ասաց մատուցողուհին։ Անգամ դիտողությունը հենց այնպես չէր անում, ուզում էր դրանով էլ օգտակար լինել դիմացինին։ Համարում էր, որ մարդիկ կարող են դաս քաղել, ուղղել սխալները, աշխատել իրենց վրա»։

  «Հեռուստացույց նայելիս հաճախ էր ջղայնանում, ասում էր` ինչքան կարելի է սուտ խոսել, շատ բուռն էր արձագանքում, ամեն ինչ շատ խորն էր վերապրում, ի սրտե ազդվում էր, ու չէր կարողանում իր ասելիքը չասել, որը միշտ խիստ էր ու հատու, եթե անգամ դա իրեն մտերիմ որևէ պաշտոնյայի էր վերաբերում։ Վերջին տարիներին հիվանդության պատճառով ավելի դյուրագրգիռ էր դարձել։ Շատ բան վերագնահատեց, վերարժևորեց իր համար, շատերին իր «ցուցակից» բառացիորեն ջնջեց, մնացին նրանք, ում իսկապես սիրում ու գնահատում էր։  Զուլումին այդպես վերագտավ, թեև մի՛շտ էր նրան սիրել և հարգել։ Նրա մասին ասում էր, թե դատարկ տեղը չի խոսի, շատ խորը մարդ է։ Կես բերանից իրար հասկանում էին։ Փարիզից ժամերով խոսում էր հետը, երբեմն կատակով հարցնում էինք, թե ինչ եք այդքան խոսում, ու նաև հասկանում էինք, որ Զուլումը բարերար ազդեցություն էր թողնում իր վրա։ Ասում էր, թե Զուլումը այնքան բարի, ջերմ աուրա ունի, որ իր հետ սովորական զրույցն անգամ նյարդերը, սիրտը հանգստացնում է, հոգին մաքրում։ Դա մի աննկարագրելի զգացում է, ասում էր, որ հեռվից էլ ջերմացնում է»,-շարունակում է Լուսինեն։

 

 

Փորձության բովով ամրացած ընկերություն

«Վերջին անգամ, երբ Ֆրանսիայում էր, ուշ ժամի հեռաձայնեց, ասելով թե մտքով ինձ հետ է ու չի կարողանում քնել։ Ինձ նվիրված մի բանաստեղծություն էր գրել, կարդաց հեռախոսով, շատ գեղեցիկ մտքեր էին` հուզիչ, մարդու տեսակը բնորոշող։ Չէի կարող պատկերացնել, որ այդ հոգեվիճակում կարող էր նման մտքեր արտահայտել»,-պատմում է ՀՀ ժողովրդական նկարիչ Զուլում Գրիգորյանը, ապա փորձությունների բովում կոփված ընկերության գզրոցից ուշագրավ մի դեպք հիշում, երբ Թամազյանը իրեն «առևանգել» ու Լոռի էր հասցրել։«Հաճախ անսպասելի կարող էր գալ կամ զանգել` թե «Ա՛յ բիձա, հերիք է տանը փակվես, գնանք որևէ տեղ հանգստանալու, համ էլ բնության գրկում նոր մտահղացումներ կունենաս։ Այդպես մի օր տնից ինձ զոռով հանեց. մտածեցի թե Երևանի մոտակայքում մի տեղ է ընտրել, երբ Աշտարակն անցանք, կարծեցի Արագածի փեշերին կհանգրվանենք… Բայց նա առանց ձայն անգամ հանելու, մեքենան քշեց ուղիղ Լոռվա իր սիրելի վայրերը, Վանաձոր-Ալավերդի հատվածում հենց ձորի բերանին գտնվող «Անուշ» ռեստորանի տարածքը։ Դեբեդը վշշում էր, գետի ափին. հսկա ծառի տակ կարճ ժամանակում սեղան բացել տվեց, հավաքեց իր մտերիմների գրեթե ողջ բանակը. իսկական թումանյանական պատկեր…ու ասաց, որ ուզում էր ինձ հետ այդ ծառի տակ հաց կտրել։ Այդպիսի առանձնահատուկ սիրով պաշտում էր Լոռին…»։  Նրանց մեծ ընկերության պատկերն ամբողջացնում է Լուսինեն. «Հիշում եմ մի անգամ Զուլումի մոտ էինք, նա Օմար Խայամ էր կարդում, հայրիկը, որ արդեն լուրջ հիվանդ էր, հանկարծ առաջարկեց գուշակություն անել. ասաց` գիրքը բացենք, տեսնենք, թե ինչ է ընկնում յուրաքանչյուրիս։ Եվ իրեն մի շատ տխուր քառատող ընկավ, ծանր կորստի մասին… կարդաց, մի պահ ծիծաղեց, ապա հուզվեց ու բարձրաձայն լացեց… Այդպես, իրար սիրող ու ջերմորեն գնահատող, բայց և սպասվող դաժան իրողությունը գիտակցող երեք հարազատ ու հասուն մարդիկ` մանկան նման սկսեցինք լացել,-պատմում է Լուսինեն, հավելելով,- նույն կերպ ժամանակին շատ մտերիմ էր Ֆրունզիկ Մկրտչյանի հետ, նրա կյանքն էր մի քանի անգամ վիրահատությամբ փրկել։ Ու կապվել էին միմյանց, հաճախ էին հանդիպում, կիսվում. Ֆրունզիկը վհատված էր իր որդու առողջական վիճակով, իր առողջությունն էլ այն չէր,-շարունակում է Լուսինեն, ցույց տալով լուսանկարը, որտեղ «Հացթուխի կինը» ներկայացման պրեմիերայից հետո հոր հետ լացակումած գրկախառնվել էր Ֆրունզիկ Մկրտչյանը, -այդպես անկեղծ մաքուր ընկերություն էր սիրում, ազնիվ ու մաքուր զգացողություններից փոքրի նման կարող էր հուզվել, արտասվել»։

 

«Հրեշտակների» ծառուղին

Մի պատմություն, թերևս, բոլորովին այլ լույսի ներքո է ներկայացնում Համլետ Թամազյանին, ասես վրձնի վերջին ուրվագիծ` ամբողջացնում նրա կերպարը։ «Որպես երիտասարդ մասնագետներ, 1978-ին Համլետի հետ գործուղվեցինք Ալժիր։ Աշխատում էինք դժվարին պայմաններում, բնակչության կենսամակարդակը շատ ցածր էր, ծննդաբերություններն էլ հիմնականում տանն էին արվում, բժշկի դիմում էին միայն ծայրահեղ ծանր` պաթոլոգիկ վիճակներով, երբ, ասենք, վիրահատական միջամտության անհրաժեշտություն էր առաջանում։ Աշխատանքը շատ էր, մասնագետները` քիչ, գիշեր ցերեկ, անքուն, մեծ պատասխանատվությամբ, աշխատում էինք... Բայց մյուս կողմից` վիրաբուժական մեծ փորձ ձեռք բերեցինք, Համլետը որպես ընդհանուր վիրաբույժ, ես որպես մանկաբարձ գինեկոլոգ։ Առհասարակ բժշկին դիմելու ավանդույթ գոյություն չուներ, ստիպված էինք մեծ ջանք թափել կանխարգելիչ ստուգումներն ու բուժումները որպես մշակույթ ներդնելու ուղղությամբ»,-պատմում է Թամազյանի կինը, վերհիշելով Ալժիրում աշխատած տարիների հետ կապված մի ուշագրավ դեպք, որը պատահել էր անցած տարի, երբ Ֆրանսիայում էին Թամազյանի բուժման նպատակով։ «Համլետը, իր անբռնազբոս սովորության համաձայն, բակում, որտեղ վարձել էինք բնակարանը, զրույցի էր բռնվել կոշկակարի հետ, ով, պարզվեց, ալժիրցի երիտասարդ էր։ Հետաքրքրվելով, պարզեցինք, որ նա ծնվել է հենց այն տարիներին և այն նույն քաղաքում, որտեղ մենք աշխատել էինք` Սուք-Ահրազում, 1979 թվականին։ Համլետն իմ կողմը նայելով, ոգևորված և կատակով հենց հայավարի ասաց, թե իր «տատմերն» եմ, ապա բացատրեց թե ինչ է նշանակում դա։ Հետաքրքրվեցինք` գործո՞ւմ է արդյոք, հիվանդանոցը։ Երիտասարդը պատմեց, որ ըստ իրենց մեծերի` մի բժիշկ իր կնոջ ծննդյան երեսուներկու ամյակի առիթով հիվանդանոցը բժիշկների տանը միացնող ճանապարհի եզրերով 32 եղևնի է տնկել ու նորաստեղծ ծառուղու անունն էլ կնոջ` Անժելայի անունով, կնքել «Ըսպÿ ԸվչպսՈ»` «Հրեշտակի ծառուղի»։ Ի դեպ դա հենց Համլետի նախաձեռնությունն էր, և որը, փաստորեն, մինչ օրս պահպանվում է։ Տեսնել էր պետք, թե ինչպես էր հուզվել Համլետը, լսելով այդ մասին»,-եզրափակում է  Անժելա Թամազյանը։ 

 Ռուզան ՊԵՊԱՆՅԱՆ



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...