05:54
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Երբ կորցնում ես մարմինդ` չգտնելով հոգիդ

2013-04-29 11:35

«Դե Ֆակտո» 12 (2007թ.)

Թվում է` խոսքը, որ ծնվում է մեկին ուղղված, պետք է խորապես երջանկացնի նրան, հատկապես, երբ այն մարդու ողջ էություն- մարմնի տեսք է ընդունում, որը  Նրանն է և պիտի պահի հավերժության մեջ։ Խոսքի մարմնացումն  այդ Նրան հաղորդել և հաղորդակցել նամակի՞, հեռախոսի՞, թե՞ SMS – հաղորդագրության միջոցով։ Նամակը, թերևս, առաջին հնարավոր տարբերակն էր, որ մարդուն թույլ տվեց առանց անմիջական շփման, առանց միմյանց աչքերի մեջ նայելու, հոգու խորքը թափանցել ու գուցե ասել ավելին, Անկեղծը, քան դեմ առ դեմ հանդիպման ժամանակ էր հնարավոր։ Այն հաղթահարեց նաև ժամանակի ու տարածության արգելքը, ու հոգիների կապը ամուր պահեց։ Ձեռագրով ուղղված խոսքը կարծես մերկ հոգու հանդերձարան լինի, և ինչ բովանդակություն էլ այն հագնի, չի կարողանա ծածկել հոգու լուսամփոփը։  Այս խորհրդավոր ու գեղեցիկ ձևով էին զգում միմյանց հոգիները, երբ ծնվեց հեռախոսը։ Այն հաղթահարեց ոչ միայն տարածությունն ու ժամանակը, այլև հնարավորություն տվեց առանց միմյանց տեսնելու, ապրել զգացմունքներ ու հույզեր` լսելով հարազատ ձայնի հնչյունները, որոնք կարող են մերթընդմերթ խլանալ հուզումից, բոցկլտալ արցունքախառն ձայնով ու լռել մտքի անկարությունից։ Թվում է, թե լռությունը  լուռ է, բայց այն երբեմն կարկաչող խոսքից էլ մեծ էներգիա ու մտքեր է ճառագում, որ բառերն անզոր են խոստովանել։ Հեռախոսի ծնունդից հետո նամակը, ասես, զիջեց իր տեղը, սակայն այն հավետ մնաց` որպես անմիջական շփման ամենամնայուն ու ժամանակների մեջ պահպանվող հաղորդակցություն։ Գեղարվեստական գրականության բազմաթիվ ստեղծագործություններ գրվեցին նամակի ժանրով, գրողների նամակները դարձան գրական հանճարեղ ստեղծագործություններ, որոնք կարդալով` դառնում ես հեղինակի զրուցակիցը, երբեմն էլ նույնանում անձով։ Բայց նամակին փոխարինած հեռախոսն էլ փոխարինվեց։ Երևի թե ճիշտ է, որ անփոխարինելի ոչինչ չկա կամ… գրեթե ոչինչ։ Ծնվեց SMS-ը, որը նույնպես քանդեց ժամանակի ու տարածության հանգույցները ու նույնիսկ անհասանելիության դեպքում տեղ հասավ։ Օրվա ցանկացած պահի ու իրադրության մեջ գտնվելով` SMS-ը թույլ տվեց հաղորդակից լինել հոգիներին` վայրկյանների ընթացքում։ Թույլ տվեց նամակ հղել ու ստանալ,  առանց փոստատարի օգնության, առանց միջնորդի։ Թվում է` անթերի է, երևի անփոխարինելի տարբերակ  շփման։ Բայց  մի՞թե…

  Թևեր եմ ուզում, որ գրկեն հոգիս, 

Ձեռքեր եմ ուզում, որ կորցնեմ մարմինս,

  Սիրտ եմ  ուզում, որ գողանա ինձ,

  Միտք եմ ուզում,որ տրվեմ նրան։

   …Թվում է` այս խոսքերը կեսգիշերի  մեջ պետք է թակեին Նրա Հոգին, Մարմինը, Միտքը ու ինչ-որ կերպ արձագանքվեին։ Սակայն  Կեսգիշերի հոգին հուսախաբ ու վիրավոր սրտով մեռավ։ Հայտնաբերեց, որ այս SMS- ստեղծագործությունը կարդացվել է ու ջնջվել, մինչդեռ  թվում էր` այն պետք է հավերժության պահի մեջ երբևէ չլքեր Նրան, ավելին` երջանկացներ։  Գուցե այս SMS-ը Նա կարդաց այն պահին, երբ գործո՞վ էր զբաղված ու բառերի խո՞ւմբ տեսավ միայն։  Այնուհետև գուցե հեռախոսը բողոքեց, որ SMS-ները խեղդում են իրեն, ջնջել է պետք։…Ու բառերի խումբը, բացի անպատասխան մնալուց, հույսից, որ երբևէ ուշադրության կարժանանա,  ջնջվեց, ու Նա այդպես էլ չիմացավ, որ երբ անձրև է գալիս, արևը պետք է ծագի, երբ սիրում է, դեպի հավերժը պետք է ձգտի։ Չիմացավ…Կեսգիշերի հոգին, թեև կոտրվեց, բայց նաև մտածեց, թե արդյո՞ք SMS-ը լավագույն ուղին է էություն- մարմինն  արտահայտելու, թե՞ գուցե նամակ գրեր, որը եթե անգամ  չպատռվեր, ապա մի օր, Նրա կյանքի ինչ-որ խաչմերուկում, հավերժի ոգին կտիրեր նրան ու երբեմնի բառախումբը կվերածնվեր բառակրքի։

 Հ.Գ. Այս իրական պատմությունը ստիպեց մտածել, որ մի քայլ առաջը նաև երկու քայլ ետ է, բայց մի քայլ առաջը Ներկան է, իսկ երկու քայլ ետը Անցյալը։ Ապրել անցյալը նորովի ձևակերպմա՞մբ, թե՞ նորը անցյալի արտացոլմամբ` անձի ընտրությունն է։

Սուսաննա Թամազյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...