05:30
11/16/2018
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Աբել Աբելյան

2013-04-30 11:18

Սեփական նախագծի հաջողությունները՝

5 տարի անց

«Դե Ֆակտո» 69

Մեծ ուրախություն եմ ապրում, երբ լուրերի, տարբեր հաղորդումների  հաղորդավարների, սերիալների  դերասանների շարքում տեսնում եմ մեր սաներին, ովքեր բարձր են պահում մեր ուսումնական կենտրոնի անունը:

Աբել Աբելյան, Casting School հեռուստատեսության և ռադիոհաղորդավարների ուսումնական կենտրոնի  և Առաջին պրոֆեսիոնալ դերասանական ստուդիայի  հիմնադիր և դասախոս

-Հարգելի՛ Աբել, նախ շնորհավորում եմ Ձեզ  Casting School -ի 5-ամյակի  առթիվ: Ամփոփելով անցած 5 տարիները՝ ի՞նչ ձեռքբերումներ կառանձնացնեք:

-Շնորհակալությո՛ւն: Այո՛, այս տարի մեր դպրոցը դառնում է  5 տարեկան: Ինձ համար իրոք տոն է, քանի որ հետ նայելով՝ տեսնում եմ բազում ձեռքբերումներ և հաջողություններ, որոնցով ոգևորված՝ այսօր շարունակում եմ ավելի մեծ եռանդով աշխատել: Մեծ ուրախություն եմ ապրում, երբ լուրերի, տարբեր հաղորդումների  հաղորդավարների շարքում տեսնում եմ մեր սաներին, ովքեր բարձր են պահում մեր ուսումնական կենտրոնի անունը. 54 շրջանավարտ միայն հաղորդավարական բաժնից այսօր աշխատում է տարբեր ԶԼՄ-ներում:

Արդեն մեկ տարի է, ինչ գործում է նաև դերասանական ստուդիան, որը նույնպես մեծ հաջողությամբ տալիս է որակյալ կադրեր, որոնց մենք այսօր տեսնում ենք սերիալներում հատկապես գլխավոր դերեր կատարելիս: Արդյունքն իրեն սպասեցնել չտվեց, հենց 7-րդ ամսից արդեն մեր ուսանողները նկարահանվում են սերիալներում:

-Ինչպե՞ս ստացվեց այս նախագծի իրականացումը:   

-Պետք է ասեմ, որ շատ դժվարությունների միջով անցնելով եմ իրականացրել այս նախագիծը, քանի որ բիզնես առումով ես ոչինչ չէի հասկանում, ինձ համար կարևոր էր այն գաղափարի իրականացումը, որն ընկած էր այս նախագծի հիմքում: Այսօր էլ առանձնապես այդ առումով չեմ փայլում:

Ինձ մոտ հասունացավ պահը իրականացնելու  սեփական նախագիծ, աշխատել իմ սկզբունքներով և ներդնել իմ գիտելիքներն ու փորձը այդ գործում. անել մի բան, որից ես հասկանում եմ, ինչու ոչ, որի մասնագետն եմ: Պարզապես մեկ պայման դրեցի ինքս իմ առջև՝ եթե շրջանավարտների առաջին իսկ հոսքը ավարտելուց հետո չունենա հաջողություն հեռուստատեսությունում կամ այլ ԶԼՄ-ներում,  ապա ես իմ ձեռնարկը կհամարեմ ավարտված: Սակայն փորձը ցույց տվեց, որ առաջին իսկ հոսքից երեք հոգի աշխատանքի ընդունվեցին հեռուստատեսությունում: Հետագայում դիմորդների թիվը գնալով ավելացավ, նրանց ներգրավվածությունը ԶԼՄ-ներում՝ նույնպես: Իհարկե, պետք է նշեմ, որ ես խստապահանջ կերպով եմ ընդունում դիմորդներին, և եթե նրանց կողմից նկատում եմ անլուրջ վերաբերմունք դասընթացի նկատմամբ, ապա հեռացնում եմ ուսումնական կենտրոնից (պայմանագրում նման կետ եմ ներառել):  Ինձ համար կարևոր է ոչ թե նրանց քանակը, այլ որակյալ կադրեր պատրաստելը:

-Քանի՞ առարկա է ընդգրկված ուսումնական գործընթացում:

-Հաղորդավարները սովորում են 6 ամիս, իսկ դերասանները՝ 1 տարի: Նրանք անցնում են շուրջ 9-10 առարկա. ես փորձել եմ հավաքել բոլոր այն երազանքները, որոնք ունեցել եմ ուսանող ժամանակ և դրանք իրականացնել ընդգրկված առարկաների շրջանակներում: Կարծես թե ստացվեց: Ընտրել եմ այնպիսի առարկաներ, որոնք դերասանին հնարավորություն են տալիս բազմակողմանի  կրթություն ստանալ, և ցանկացած դեր կատարելուն պատրաստ լինել: Օրինակ, մասնագիտական առարկաներին զուգահեռ, հրաձգարանում սովորում են բոլոր տեսակի զենքերից կրակել՝ ամենապարզից մինչև ամենաբարդը, անցնում են կասկադիորական արվեստ, սուսերամարտ, պար և այլն: Շուտով մեքենավարում և ֆոտոսեսիա էլ պիտի ավելացնենք ու, կարծում եմ, այդքանը բավական է:

Մասնագիտական առարկաները՝ դերասանի վարպետություն, հաղորդավարություն, ես եմ դասավանդում: Կարծում եմ՝ ում էլ հրավիրեի, պետք է քննադատության արժանանայի, այդ պատճառով որոշեցի ինքս վերցնել այդ պատասխանատվությունը: Ինձ էլ են քննադատում: 

 Մեր դերասանական դպրոցի մասին ֆիլմի սցենար  է գրվել  ՙԱռաջին   պրոֆեսիոնալները՚ վերնագրով, որում յուրաքանչյուրը խաղում է գլխավոր դեր:

-Ձեր ուսումնական կենտրոնը ի՞նչ հնարավորություններ է տալիս դերասանին, հաղորդավարին ներկայանալի լինելու համար: 

-Թե՛ հաղորդավարները և թե՛ դերասանները նկարահանվում են հենց երկրորդ դասից: Ուսումնական գործընթացի վերջում հաղորդավարներին տրվում է տեսասկավառակ, որտեղ ընդգրկված են իրենց բոլոր հաղորդումները տարբեր ժանրերում՝ լրատվական,  ժամանցային և գեղարվեստական:  Դրանք նայելով՝ երևում են նրանց և՛ առավելությունները, և՛ թերությունները: 

Մեր դերասանական դպրոցի մասին գրվել է ֆիլմի  սցենար, որը կոչվում է ՙԱռաջին պրոֆեսիոնալները՚, որում յուրաքանչյուրը խաղում է գլխավոր դեր: Դերասանները, ավարտելով ուսումնական կենտրոնը, ունենում են այդ ֆիլմի  տեսասկավառակը: Դա մեծ երջանկություն է յուրաքանչյուր երիտասարդի համար, ով նոր է սկսում քայլեր կատարել այդ ասպարեզում: Ես չէի  կարող նույնիսկ երազել այդ մասին:

-Ի՞նչ եք կարծում, այսօր դերասան, հաղորդավար դառնալը նորաձև չի՞ դարձել: 

-Այսօր շատ է խոսվում այն մասին, որ ներկայիս սերունդը աշխատասեր չէ, չի սիրում կարդալ, ձգտում է հեշտությամբ հասնել բարձունքների: Բայց ես այլ կարծիք ունեմ: Այսօրվա սերունդն ինձ դուր է գալիս իր նպատակասլացությամբ, սովորելու ձգտումով:  Իհարկե, լինում են նաև կրթությանը անլուրջ վերաբերվող մարդիկ, որոնց ես ուղղակի հեռացնում եմ: Իսկ նրանք, ովքեր եկել են սովորելու, իսկապես սովորում են:

-Ապագա ի՞նչ ծրագրեր ունեք:

-Իմ նպատակները կապված են դպրոցի և ուսանողների հետ: Ուզում եմ մեր շրջանավարտների մասնակցությամբ թատերական ներկայացում նախաձեռնել, նրանց հնարավորություն տալ նաև բեմում հանդես գալ և, ինչու ոչ, նաև գումար վաստակել:

Ֆիլմի հետ կապված՝ ծրագրում եմ այն դարձնել սերիալ, որը կցուցադրվի որևէ հեռուստաընկերության եթերով: Ինչպես նաև մեծ ցանկություն ունեմ կազմակերպել փորձի փոխանակում մեր և մոսկովյան ստուդիաներից մեկի ուսանողների միջև:

ժամանակ առ ժամանակ կարիք եմ ունենում ինքս ինձ հետ մենակ մնալու և մտորելու, զրուցելու Աստծո հետ, ինքնամաքրվելու:

-Անդրադառնանք Ձեր կարիերային: Կարծես թե ամբողջությամբ նվիրվել եք դպրոցին, ինչո՞ւ Ձեզ չենք տեսնում սերիալներում:  

-Պետք է ասեմ, որ ես, որպես դերասան, կայացել և շատ գիտելիքներ եմ ձեռք բերել սերիալում: Սակայն սերիալում խաղալը նաև շատ ժամանակատար է, պետք է ողջ ժամանակդ նվիրես նկարահանումներին:   Այսօրվա մեր պրոֆեսիոնալ դերասանները, ովքեր նկարահանվում են սերիալներում, հերոս են, որովհետև շատ բարդ է այդ տեմպով նկարվել ու այդքան էներգիա և հույզեր տալ:

Այսօր իմ բոլոր ձգտումները, նպատակներն ուղղված են դպրոցի կայացման ու զարգացման գործին, ինձ այդտեղ եմ տեսնում:

Ֆիլմերում նկարահանվում եմ. Ռուսաստանից առաջարկ ունեցա ֆիլմում նկարվելու, որը մեծ հաճույքով ընդունեցի, բայց տևական ժամանակով նկարահանվել չեմ ուզում:

-Ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք:

-ՙԿյանքում անել այն, ինչի համար չես փոշմանի և չես ամաչի՚: Կա ևս մեկ հայտնի ճշմարտություն, որին հավատում եմ. ՙՔո ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է ուրիշի ազատությունը՚: Կարծում եմ՝ եթե ամեն ոք այդպես ապրի, մեր կյանքը որակապես կփոխվի: 

-Ձեզ հաջողվո՞ւմ է այդպես ապրել:

-Չամաչել արածներիս համար՝ այո՛, իսկ փոշմանել… կարծում եմ, ուշ է, թեև  ես շատ ինքնաքննադատ եմ և ձգտում եմ մտածել, հետո գործել:

-Մենության ժամեր ունենո՞ւմ եք, ի՞նչ հարց եք Ձեզ հաճախ տալիս:

-Այո՛, ժամանակ առ ժամանակ կարիք եմ ունենում ինքս ինձ հետ մենակ մնալու,  մտորելու, զրուցելու Աստծո հետ, ինքնամաքրվելու: Երևի թե  այդ մենության և լուռ մենախոսության պահերին ձգտում եմ հասկանալ՝ արդյո՞ք չեմ արել մի բան, որի համար պետք է ամաչեմ կամ փոշմանեմ:

                                               Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2018-11-15 11:19

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր

Ավելի


Պահոց