11:34
04/18/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Անհատը գաղափարների հեղինակ և համահեղինակ

2013-05-23 11:45

«Դե Ֆակտո» 54 (2010թ.)

Կան մարդիկ, ովքեր  ժամանակների մեջ   վայելում են սեփական ժողովրդի  սերն ու վստահությունը և  այն հստակորեն փոխանցվում է սերունդներին ու մտնում չծերացող պատմության մեջ, ովքեր, որ  կարծես հիմնարար առաքելությամբ  միշտ հայտնվում են  ցեղի ու երկրի դժվար պահերին։ Այդ եզակի երևելիներից է Կարեն  Դեմիրճյան հրաշալի ու բացառիկ մարդը, ով իր սիրելի ժողովրդի հիշողության մեջ մնում է որպես  արարողի  և հպարտության խորհրդանիշ։ Տաղանդավոր  քաղաքական և պետական գործիչը իր իսկ իրական գործերով էլ վաստակեց ժողովրդի կողմից հաստատած և այլևս կնքված «Շինարար»  անունը։ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի խոսքն էլ հաստատումն է ժողովրդի բնութագրի.«Հայ ժողովրդի պատմության մեջ Կարեն  Դեմիրճյանի անունը միշտ կմնա որպես  շինարար ղեկավարի, որպես մի մարդու, ով օրնիբուն հոգ է տարել երկրի  բարեկարգման  մասին»։ Կարեն Դեմիրճյան հրաշալի մարդը  ծնվել էր ազգին ու ժողովրդին ծառայելու, արարելու ցեղի համար և արարման մեջ էր գտնում  իր ինքնահաստատումը ու միշտ անդավաճան մնաց իր սկզբունքներին։ Նա  խորը լավատես էր, կառավարելով Խորհրդային շրջանում, սակայն խիստ ազատամիտ էր և դեմ էր բռնությանը ու ասում էր.  «Բռնությամբ հնարավոր չէ նպատակին հասնել։ Այն կարող է օգնել միայն ճանապարհի որոշ հատվածում։  Մարդկային հասարակության հարաբերություններում բռնության տևական  ազդեցության հետևանքը լինում է այն, որ դահիճը  և զոհը փոխվում են տեղերով, դահիճը ինքն է դառնում բռնության զոհ»։ Եվ հայտնի նկարիչներից մեկի հարցին թե`,- Կարեն Սերոբիչ, այս սոցիալիստական ռեալիզմն, ախր խեղդում է։                  -Լսի`ր,-ասաց Կարեն Դեմիրճյանը,-  քեզ ինչն է խանգարում, որ դու էլ Ռեմբրանդի նման մի ծերունի նկարես  ու տակը գրես ոչ թե «Ծերունին», այլ` «Կոլխոզնիկ Պողոսը»։ Այսքան ժամանակ էդ ի՞նչ եք նկարել, որ ես ասել եմ չի կարելի։ Ինչպես ուզում եք ձեր մտքերը արտահայտեք։

Նա բարձր էր գնահատում մշակույթի ու արվեստի մարդկանց ու իր խոսքով ու կեցվածքով հորդորում ու հովանավորում էր մտավորականներին ու արվեստագետներին։ Զուլում Գրիգորյանը, որ Կարեն Դեմիրճյանի մտերիմն էր նկարեց իր հայտնի կտավը`«Ռեքվիեմ-27 հոկտեմբերի», իսկ Հրանտ Մաթևոսյանը գրում էր. «Կարեն Դեմիրճյանը ստեղծում էր այն միջավայրը, որտեղ հայ մարդը իր կեցվածքով  էր կանգնում` սիրո, վստահության, ապագայի նկատմամբ համարձակ, հանդուգն հայացքով։ Դեմիրճյանի գոյությամբ առաջանում էր հայ մարդու և հայ մարդկանց, հայ հանրության այլ կեցվածք ապագայի առջև։ Ու  այդ կեցվածքի առաջ ծողովուրդն  այլ ժողովուրդ էր»։

Կարեն Դեմիրճյանի ղեկավարության շրջանում էր, որ Հայաստանում  կառուցվեցին եզակի ու մոնումենտալ կառույցներ. Արփա- Սևան  թունել, «Զվարթնոց» օդանավակայան, Երևանի մետրպոլիտեն, Մասիս-Նուռնուս և Հրազդան-Իջևան երկաթուղի, Մարզահամերգային համալիր, կամերային երաժշտության տուն, երիտասարդության պալատ, 200մլն խոր.մ տարածությամբ ստորգետնյա գազապահեստարան, տասնյակ ջրամբարներ, թանգարաններ, հարյուրավոր դպրոցներ, հիվանդանոցներ, մանկապարտեզներ։ 1981թ. ավարտվեց  Արփա-Սևան թունելի շինարարությունը և բացման առիթով իր ելույթում Կ. Դեմիրճյանն ասում է. «Արփա-Սևան թունելի ստեղծման էպոպեան մի սքանչելի առասպել է, միայն թե կենդանի, իրական առասպել։ Դա մի կառույց է, որը թունելաշինության համաշխարհային պրակտիկայում իր նմանը չունի»։ Իսկ երբ ավարտվեց  Մարզահամերգային համալիրի կառույցը, Կ. Դեմիրճյանը հուզված  ասում է.« Այսօր բացվող մարզահամերգային այս եզակի համալիրը Ծիծեռնակաբերդի այս բարձրունքից դեպի գալիք թևածող  հզոր թռչունի պես վեր է խոյացել մեր ժողովրդի ողբերգական անցյալի` եղեռնի զոհերի հուշարձանի կողքին որպես խորհրդանիշը նրա վերածննդի…։ »                                                             

          Տաղանդավոր պետական գործիչ, հրաշալի շինարար ու կազմակերպիչ Կարեն Սերոբի Դեմիրճյանը ծնվել է 1932 թվականին ապրիլի 17-ին, Երևանում, ծառայողի ընտանիքում։ Միջնակարգ կրթությունն ստացել է 26 կոմիսարների անվան դպրոցում։ 1949թ. ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական  ֆակուլտետը, որը գերազանցությամբ ավարտել է 1954թ.`ստանալով ինժեներ-մեխանիկի մասնագիտություն։ 1955թ. Կարեն Դեմիրճյանը ընդունվել է ՍՄԿԿ շարքերը։ Աշխատել է Երևանի   էլեկտրատեխնիկական գործարանում. նախնական շրջանում որպես  բաժնի տեխնոլոգ, հետո` ավագ վարպետ, այնուհետև ` պետ և  գլխավոր ինժեներ։ 1959-1961թթ. Կ. Դեմիրճյանը սովորում է ՍՄԿԿ  Կենտկոմին առընթեր բարձրագույն կուսակցական դպրոցում։ Ուսումն ավարտելուց հետո նա վերադառնում է Երևանի էլեկտրատեխնիկական գործարան և աշխատում որպես գլխավոր ինժեներ, իսկ 1962թ. սկսած` տնօրեն։ 1966թ. Կ. Դեմիրճյանը ընտրվել է Հայաստանի Կոմկուսի Երևանի քաղկոմի քարտուղար, այնուհետև 1971թ.` երկրորդ քարտուղար, իսկ 1972թ. ընտրվում է ՀԿԿ ԿԿ քարտուղար և բյուրոյի անդամ։ 1974թ. Կարեն Սերոբի Դեմիրճյանն ընտրվում է ՀԿԿ ԿԿ  առաջին քարտուղար։ Եվ բազմիցս ընտրվել է ՀԿԿՄ կենտկոմի, ԽՄԿԿ կենտկոմի անդամ, ԽՍՀՄ 9-րդ և 11-րդ  գումարումների և ՀԽՍՀ Գերագույն խորհրդի անդամ։ Պարգևատրվել է Լենինի երկու, Աշխատանքային Կարմիր Դրոշի երեք, Հոկտեմբերյան Հեղափոխության  մեկ շքանշանով, միութենական և այլ երկրների  կառավարական պարգևներով։ 1991թ. մինչև 1999թ.  Դեմիրճյանը ղեկավարել է «Հայէլեկտրամեքենա» ԱՓԲԸ-ն։

Երբ երկիրը խորհրդային փլուզումից հետո հայտնվեց ծանր իրավիճակում Կարեն Դեմիրճյանը  երկրի հոգսերը դարձրեց իր սեփականը և ազգային  արժանապատվության բարձր  ինքնագիտակցությամբ` վերադարձավ դարձյալ քաղաքական ասպարեզ, չմոռանանք` ժողովրդի խնդրանքով և 1998թ. նա առաջադրվեց  որպես արդեն նորանկախ Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու։ «Մեր երկրում մարդը մենակ է իր  պրոբլեմների հետ, նա անպաշտպան է, իշխանությունը կտրվել է անհատից, այնինչ իշխանությունը անհատի հետ պետք է լինի, իշխանությունը հնարավորություն պետք է տա, որ ժողովուրդը լինի գաղափարների հեղինակ ու համահեղինակ, որպեսզի գործընթացի մեջ լինի ու ձգտում ունենա, հիմա մենք բոլորս հավասար իրավունքներ ունենք, Խորհրդային շրջանում էր, որ պաշտոնը մարդու որակը փոխում էր,-ասում է Կարեն Դեմիրճյանն ու շարունակում,- ռեֆորմը  բարեփոփոխություն չի, այլ ընդամենը ձևի փոփոխություն, որը կարող է ունենալ նաև վատ հետևանք, մենք պետք է բարեփոխության կոնցեպցիան առաջնայինը դարձնենք։ Քննադատել կարելի է, բայց ոչ մերժելու միտումով»։

Նա  հմայիչ ու արտիստիկ էր, հարգանք ներշնչող արտաքինով, նրա խոսքը լեցուն էր հումորով և եթե խոսում էր գամված պիտի լսեիր, որովհետև խոսքը իմաստուն էր։ Կարեն Դեմիրճյանը իր սեփական երկրի տերն ու ծառան էր։ Մեծ հայրենասերին այսպես է բնութագրում Նիկոլայ Ռիժկովը,- Մարդ, որ խորապես պետական մտածող էր` առանց դոգմաների։ Նա նպաստեց Հայաստանում այնպիսի հոգևոր մթնոլորտի ստեղծմանը, որը ծնեց ու սնեց տաղանդների ամբողջ համաստեղություններ։

1999 մայիսին Կ. Դեմիրճյանը ընտրվում է Ազգային Ժողովի նախագահ։ Երկրի  վերականգման ծրագրերի իրականացման նպատակով տաղանդավոր պետական գործիչը կարճ ժամանակում իր շուրջը համախմբեց Հանրապետության գրեթե բոլոր առաջադեմ ուժերին և սփյուռքահայությանը։  «Ուժեղ, խելացի, վճռական. այս տեսակի մարդիկ նույնիսկ  պատմական ամենաթեժ խառնաշփոթների ժամանակ միշտ կմնան իր երկրի, իր ժողովրդի սիրելին ու նվիրյալը»,-այսպես է բնութագրում պատկառելի հայորդուն Եվգենի Պրիմակովը, իսկ Միխաիլ Ուլյանովը գրում է.«Եթե Կարեն  Դեմիրճյանը լիներ որևիցե մի եվրոպական երկրի ղեկավար, այլ ոչ թե Հայաստանի, նա կարող էր դասվել 20-րդ դարի խոշորագույն քաղաքական  գործիչների թվին, նույիսկ դառնալ ամենահզորը նրանցից»։                    

Երևելի հայորդին զգում էր դժվարությունների անասելի  ծանրությունը. նորանկախ Հայաստանի առաջին տարիներ, երկրաշաժի  դեռ չամոքված վերքեր, ղարաբաղjան պատերազմի հետևանքներ, համատարած շրջափակում, սակայն, այդ ամենով հանդերձ նա երազում էր,  այնպիսի պետություն, ուր իշխողը կդառնա սոցիալական  արդարությունը, քաղաքացիական  հասարակության  ժողովրդավարական  ազատությունը, երաշխավորված կլինի երկրի ու նրա քաղաքացիների  պաշտպանվածությունը, կհաստատվի օրենքի իշխանություն։ «Սակայն երկրի պատիվը սկսվում է առողջ ընտանիքից,- գրում է Կարեն Դեմիրճյանը ու շարունակում,-եթե ուզում  ենք ունենալ  մեզ պատիվ բերող հայրենիք, ապա պետք է սրբությամբ վերաբերվել հայկական սովորույթներին և ավանդույթներին»։     Թերևս այդ օրերին  էլ ծնվեց «Միասնություն» դաշինքը, որ երկու խարիզմատիկ առաջնորդների միություն էր։ Կարեն  Դեմիրճյան ու Վազգեն Սարգսյան  միասնությունը մի բացառիկ  իրադարձություն դարձավ  մեր երկրի պատմության մեջ, իշխանության եկավ մի ուժ, որը վայելում էր ժողովրդի վստահությունը, նաև  մեծ խորհուրդ կար այս իրողության մեջ` դարավերջին եկան ու միախառնվեցին փորձն ու իմաստությունը, քաջությունն ու կորովը։ Կարծես հույսի մի շող էր վերադառնում, որ աստիճանաբար կվերականգնվի  ազգային իղձերի  իրականացման և արժանապատիվ կյանք կառուցելու հնարավորությունը, այսինքն թե` երկրում արմատական  փոփոխությունների հիմք սկսվեց նախապատրաստվել,  երբ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մի շրջան ընդամենը դիտորդի կարգավիճակում էր հայտնվել։

«1999թ. խորհրդարանական ընտրություններից առաջ Հանրապետական և Ժողովրդական կուսակցությունների կողմից  ձևավորված «Միասնություն» դաշինքը տարավ համոզիչ հաղթանակ։ Դաշինքի ներկայացուցիչները զբաղեցրին 131 պատգամավորական տեղերից 71-ը։ «Միասնության» հաղթանակից հետո  կասկած չէր առաջանում, որ Վազգեն Սարգսյանի և Կարեն  Դեմիրճյանի դաշինքն առնվազն մոտակա չորս  տարիների ընթացքում կդառնա երկրի առաջատար քաղաքական ուժը»,- գրում էին թեթերը։

Այնպես եղավ, որ ես մի օր պատիվ ունեցա ինձ համար շատ հարգելի երկու մարդկանց` Կարեն Դեմիրճյանին ու Վազգեն Սարգսյանին հանդիպել «Գոյակ» ակումբում, երբ «ԱՐ» հեռուստատեսությունը երկու երևելի գործիչներին շնորհում էր ԱՐ-ի ասպեստ կոչումը, չնայած այդ օրերին նրանք դեռևս միասին և միասնական չէին։ Դա 1999-ի հունվար ամիսն էր։ Բայց մի քանի ամիս անց եղավ եղեռնաձայն գույժը` հոկտեմբերի 27-ը, որը մեր նորագույն պատմության մեջ ամենամեծ ոճրագործությունն է։ Սակայն Կարեն Դեմիրճյան  երանելի մարդն ապրելու է մեր մեջ հավերժ, քանի որ իր հարազատ ժողովրդին  ու երկրին տվեց իր ամբողջ սերը, իր իմաստությունը, իր կյանքը։ Այն ինչ  ազգին ու սեփական երկրին էր վերաբերվում նա շռայլ էր ու բոլորանվեր, թերևս «Երանի  ողորմածներին, քանզի նրանք ողորմություն պիտի գտնեն»։ Պատկառելի հայորդին  անմահացավ դեռևս կենդանության օրոք, երբ Արայի լեռան  հարակից ողջ դաշտերն ու այգիները նա հայ գյուղացու հետ միասին տնկեց, աճեցրեց և փայփայեց  յուրաքանչյուր խնձորենի և խնձորի մի քանի տեսակներ անվանվեց Դեմիրճյան խնձորներ։ Այսօր ով էլ անցնի այդտեղով, անթաքույց պիտի ուրախանա և մտովի պիտի դարձյալ ասի`օրհնվի ծնունդդ Կարեն Դեմիրճյան։

Հետմահու նրան շնորհվեց  Հայաստանի Ազգային Հերոսի կոչում և Հայրենիքի շքանշան։ Կարեն  Դեմիրճյանի հիշատակը  հավերժացնելու նպատակով  2001թ. ՀՀ կառավարության որոշմամբ հիմնադրվեց նրա թանգարանը։  Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ նրա շիրիմը Կոմիտասի, Տերյանի և Սարոյանի կողքին է այսօր և կմնա ընդմիշտ։

                                                                 ԱՆՆԱ  ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...