06:18
04/27/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՄԻ ԳՈՎԱԶԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

2013-05-24 11:17

«Դե Ֆակտո» 54 (2010թ.)

Ռուբեն Ծատուրյան, «Ստատուս Հոլդինգ» գովազդային  ընկերության  կրեատիվ տնօրեն

Տիգրան Բալոյան «Ստատուս Հոլդինգ»-ի տնօրեն

Դե Ֆակտո» ամսագրի խմբագրությունը շնորհավորում է Ձեզ «Պոպոք» գովազդի միջազգային փառատոնում ոսկե մրցանակին արժանանալու առթիվ։ Կարո՞ղ եք վերհիշել, որն էր առաջին զգացողությունը

-Շնորհակալությո՛ւն, շնորհավորանքի համար։ Ճիշտն ասած ամենաառաջին հույզը զարմանքն էր։

-Մի՞թե ձեր գովազդը «Պոպոք» փառատոնին ներկայացնելիս  չէիք մտածում հաղթելու մասին։

-Անկեղծ ասած. ոչ, առանձնապես հույս չունեինք, որ այն կշահի, որովհետև   համեստ բյուջեով նկարահանված, ազգային հենք ունեցող գովազդ էր, իսկ փառատոնին միջազգային հզոր գովազդային ընկերություններ էին մասնակցում, բազմաթիվ հետաքրքիր, ինքնաքտիպ ու թանկ աշխատանքներ էին ներկայացված, ժյուրին  էլ միջազգային էր։ Հաճելիորեն զարմացած ու ասեմ, որ մի քիչ էլ հպարտ էինք, որ մեր  հոլովակը ոսկե մրցանակ ստացավ, իսկ սոցիալական գովազդների շարքում արժանացավ  ‚Best of contestե մրցանակին։   

-Ի՞նչ եք կարծում, ո՞րն է Ձեր այս հաջողության գաղտնիքը։

-Գաղտնիք ըստ էության չկա. կա համախոհների խումբ, կա մասնագիտական մոտեցում և կա հավատամք, միայն պետք է կարողանալ պահպանել սեփական սկզբունքներն ու հավատարիմ մնալ հիմնական գաղափարներին։ Ասածիս վկայությունը հենց այս գովազդի ստեղծման նախապատմությունն է։

-Դուք հետաքրքրությունս շարժեցիք, կպատմե՞ք,  

-Սիրով… Ֆինանսատնտեսական ճգնաժամը նոր էր սկսվել, որ հայրենական արտադրանքի քարոզչության նպատակ ունեցող   գովազդային արշավ պատրաստելու պատվեր ստացանք։ Մեր կրեատիվ խումբն, ըստ իս շատ արդիական մոտեցում առաջարկեց. տարբեր ազգությունների մարդիկ` ավստրիացի, չինացի և թուրք, շնորհակալություն են հայտնում հայ ազգին իրենց արտադրանքը գնելու և ճգնաժամից դուրս գալու գործում  այդքան օգտակար լինելու համար։ Հատկապես տպավորիչ էր թուրք գործարարի ելույթը, ով շնորհակալ էր հայերին նաև Թուրքական բանակի հզորացման համար։ Ցավոք,  երկու ընկերություն չգնահատեցին մեր այս առաջարկը։  Որոշ ժամանակ անց մենք հայտարարված տենդերին մասնակցելուց և հաղթելուց հետո, ի թիվս այլ առաջարկների, «Աշտարակ կաթ» ընկերությանը   ներկայացրեցինք մեր` արդեն երկու անգամ մերժված այս գաղափարը։ Այդ ընկերության մարքեթինգային խումբն անմիջապես համաձայնեց, որ դա հայրենական բրենդ դառնալու ուժեղ քայլ է։   Պետք է նշեմ, որ «Աշտարակ կաթը» նման գովազդի կարիք առանձնապես չուներ, քանի որ դրսից ներմուծվող մրցակից ապրանքանիշեր ուղղակի չկան։ Սակայն ընկերութունը գնահատեց սոցիալական գովազդի մեր մոտեցումը մանավանդ, որ վերջում ցուցադրվում էր  ՀՀ քարտեզը` վրան պատկերված ՀՀ բոլոր ապրանքնիշերը։ Այս հոլովակն ակտիվ քննարկումների ու բանավեճերի նյութ դարձավ, իսկ «Պոպոք»  միջազգային փառատոնի մրցանակն,  ասես մեկ անգամ ևս հաստատեց մեր ստեղծագործական սկզբունքը` հակիրճ, տարողունակ և հնարավորինս ազգանպաստ։

-Հաղթեց գաղափա՞րը։

- Այո, հաղթեցին գաղափարն ու շնորհակալության ձևով հանրությանը դիմելու  մոտեցումը. այդ եղանակը մարդկանց համար շատ ավելի տեսանելի ու շոշափելի դարձրեց, թե ի վերջո ում գրպանում է հանգրվանում իրենց ծախսած դրամը։ 

-Կա՞ ինչ-որ բան, որ մրցանակը ստանալու պահին չկարողացաք ասել։

-Մրցանակը ստանալու պահին այնքան հուզված էինք, որ նույնիսկ չհասցրեցինք  շնորհակալություն հայտնել «Աշտարակ կաթ» ընկերության տնօրինությանը, մարքեթինգային խմբին, որն ըստ արժանվույնս գնահատեց  այս գաղափարն ու օգնեց այն իրականություն դարձնել։

-Մրցանակը Ձեզ համար որքանո՞վ էր կարևոր։

- Նման մասնագիտական մրցանակներն են, որ գնահատում և ապացուցում են ընտրածդ ճանապարհի, սկզբունքներիդ ու համախոհներիդ խմբի իրավացիությունը։ Բացի դրանից մեկ անգամ ևս համոզվեցինք, որ  գրագետ աշխատանքը, բրիֆ հասկացության ճիշտ իրականացումը, անկախ ծախսածդ գումարի չափից, լավ արդյունք է տալիս։ Մենք նախընտրում ենք հավատարիմ մնալ   մասնագիտական կանոններին, աշխատել գրագետ, և սկզբունքորեն հրաժարվում ենք համագործակցել այն ընկերությունների հետ, որոնք  չգիտեն, թե ինչ են ուզում, չեն պատկերացնում գովազդի ստեղծման և աշխատելու եղանակները։

-Իսկ մի՞թե նման դեպքեր հաճախ են լինում։ 

-Ցավոք, շատ ավելի հաճախ, քան կարծում եք։ 

-Եթե չեմ սխալվում, Դուք «Աշտարակ կաթի» ևս մեկ սոցիալական գովազդ եք նկարահանել։

 -Այո՜, շատ հետաքրքիր էր աշխատել «Մայր» գովազդի վրա, որ նվիրված էր  կանանց և մայրության տոներին` «Աշտարակ կաթ» ընկերությունը    չէր ուզում բավարավել միայն շնորհավորանքով, ցանկանում էր նվեր մարտուցել մայրերին։ Չնայած, Բեռնարդ Շոուն պնդում է, որ իր արվեստը, կարող է լավագույն դեպքում միայն իրեն փոխել, բայց և այնպես մենք բազմաթիվ շնորհակալական զանգեր ենք ստացել մայրերից, որոնց որդիներն այդ հոլովակից ազդված շատ ավելի ուշադիր են դարձել։

 -Ըստ Ձեզ, այսօր, կարելի է ասել, որ գովազդի ասպարեզն  արդեն կայացել է։

-Դժվար է միանշանակ պատասխանել, թերևս ավելի ճիշտ է ասել, որ կայանալու ճանապարհին է։ Մեզանում, իհարկե, հաղթահարվել է անցյալից մնացած` «եթե գովազդում են, ուրեմն վատն է» կարծրատիպը, բայց լիովին չի ձևավորվել գովազդի կուլտուրան, մարդիկ դեռ չեն ընկալում գովազդի ու հայտարարության տարբերությունը, դեռ չի դադարել գործել` «դրա եղածն ինչ է, որ, ես էլ կանեմ» պարզունակ մոտեցումը, գովազդի բարդ ու բազմաշերտ ոլորտին։ 

 -Որակյալ գովազդ նկարահանելու համար անհրաժեշտ է նաև լավ տեխնիկա ունենալ։ Ձեր ընկերությունը  զինվա՞ծ է արդի տեխնիկայով։

 -Այո՜, մենք տեխնիկապես լիովին ապահովված ենք, ունենք այն ամենն ինչ անհրաժեշտ միջազգային ստանդարտին համապատասխան որակ ստանալու համար։

-Կարող ենք արդյո՞ք  եզրահանգել, որ Դուք աշխատում եք հիմնականում  խոշոր և հայտնի ընկերությունների հետ, որոնք  լրջմիտ մոտեցում ունեն թե իրենց, թե՛ Ձեր աշխատանքին։

-Անշուշտ՜։ Մեր գործընկերներից են «Կենտրոնական Բանկը», «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, «Աշտարակ Կաթը», «Ագբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը», «Ամերիաբանկը», «Նաիրի Ինշուրանսը», «Ինգո Արմենիան», «WWF-ը» և բազմաթիվ այլ ծանրակշիռ ընկերություններ։ 

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...