





2013-01-23 11:32
«Դե Ֆակտո» N 57
ՙՀայկական հարցի լուծման համար, այսինքն հայկական պատմական հայրենիքի ամբողջ տարածքում հայ ժողովրդի ինքնորոշման համար աշխատելը ես համարում եմ իմ առաջին և ամենակարևոր պարտականությունը,-գրում է Մոնթե Մելքոնյանը և շարունակում,-ես Միացյալ Նահանգներից եկած հայ եմ և այստեղ պայքարում եմ նույն պատճառով, ինչի համար պայքարում են մնացյալ բոլորը: Ես հայ եմ, այս հայրենիքը պատկանում է ինձ նույնքան, որքան որևէ ուրիշ հայի և կրում եմ նույնքան պատասխանատվություն, որքան ցանկացած հայ՚:
Մոնթե Մելքոնյանը իր ողջ գիտակից կյանքում պայքարել է իր ժողովրդի` հայ ազգի իրավունքների, հայոց ցեղասպանության ճանաչման, մեր հայրենիքի տարածքային վերամիավորման համար: Մեծ հայրենասերը հնագիտության պրոֆեսոր էր, ուրարտագետ և տիրապետում էր ութ լեզուների ու ժամանակին հրաժարվել էր Օքսֆորդի համալսարանում իր կրթությունը շարունակելուց. հանուն հեղափոխական Իրանում և պատերազմից բզկտված Լիբանանում իր հայրենակիցների պաշտպանության համար կռվելու:
Մոնթե Մելքոնյանը ընտանիքի երրորդ զավակն էր: Նրանք չորսն են` երկու քույրիկ, երկու եղբայր: Եղբայրը` Մարգարը Մոնթեից մեկ տարով մեծ է, ով և այսօր նրա կենսագիրն է: Մոնթեն ծնվել է 1957թ. նոյեմբերի 25-ին, ԱՄՆ-ի Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում: Մայրը` Զաբել Մելքոնյանը տարրական դպրոցի ուսուցչուհի էր, խիստ և ավանդապահ հայուհի, հայրը`Չառլի Մելքոնյանը կահույքագործ էր: Ծնողները բնիկ ամերիկահայեր են, իսկ պապերը Օսմանյան կայսրությունից ԱՄՆ են եկել 1883թ.: Նրանք առաջին հայերից են, որ հաստատվել են Ֆրեզնոյի շրջանում:
Փոքրիկ Մոնթեն անչափ հետաքրքրասեր էր, միշտ պատրաստ նոր բաներ սովորելու: Նա շատ էր սիրում զարմանալի փաստերի մասին խոսել, օրինակ` ՙմոնարխ՚ թիթեռները թռչում են Խաղաղ օվկիանոսի մի ափից մյուսը, կամ` Չինաստանում կապիկի ուղեղ են ուտում և այլն: Տարիներ անց նա բանտից հարսնացուին գրում է. ՙՄարդը պետք է անդադար սովորի. դա է հավանաբար կյանքում ամենից շատ հուզում ու բավարարություն պատճառում ` չհաշված, իհարկե, իրար սիրելը՚:
Մոնթեն հաճախում էր հանրակրթական դպրոց, նվագում կլառնետ ու հրաշալի բեյսբոլ էր խաղում: Տասներորդ դասարանում նա արդեն մաթեմատիկայի մասնավոր դասեր էր տալիս` մեկ ժամի համար ստանալով տասներկու դոլար: Գումար էր վաստակում նաև դասերից առաջ և հետո եղանով բեռնատար մեքենաներ բեռնելով: Նա շատ էր սիրում կենդանիներ և մտածում էր` եթե մարդիկ հոգի ունեն, ապա կենդանիները նույնպես հոգի ունեն և ընտելացրել էր բազմաթիվ կենդանիներ ու թռչուններ`ճագարներ, աղավնիներ, կրիաներ: Մանկական տարիներին համոզված էր, որ ինքը ոչ միայն լողալ կարող է սովորել գորտի նման կամ ճախրել արծվի պես, այլ աճել և դառնալ գորտ կամ արծիվ: Մոնթեն ուրախ ու անհոգ երեխա էր: Նրան դժվար էր բարկացնել, բայց երբ հանկարծ ափերից դուրս էր գալիս` անկառավարելի էր դառնում: Նրա հազվադեպ բռնկումներն առավել ևս վտանգավոր էին, որովհետև, թվում էր, զայրույթն ավելացնում էր նրա նպատակասլացությունը, անվրեպությունն ու արագությունը: Նա համառ ու հաստատակամ էր: Կար մի սահմանակետ, որից այն կողմ չէր զիջի, անկախ հետևանքներից, և չէին ազդում սպասելիք պատիժն ու սպառնալիքները:
-Ինչ վերաբերվում է մեր ազգային պատկանելությանը` մենք անորոշ գիտեինք, որ հայ ենք, բայց մեզ համար հստակ չէր , թե դա ինչ է նշանակում: Խոհանոցից դուրս մեր ծնողներն այդ մասին առանձնապես չէին խոսում,- գրում է եղբայրը` Մարգար Մելքոնյանը:
1969 թ. Մոնթեի ծնողները, ովքեր երիտասարդ տարիներից ճանապարհորդելու հակում ունեին, անակնկալ որոշում կայացրին` երեխաների հետ մեկ տարով շրջագայել Եվրոպայում: Երկարատև ճանապարհորդությունը լի էր բազմազան տպավորություններով: 1970թ. գարնանը նրանք եղան Արևմտյան Հայաստանում և գտան Զաբել մայրիկի հայրական տան տեղը: Այս ճանապարհորդությունը կարևոր էր պատանի Մոնթեի թե° զգայական աշխարհընկալման, և թե° անձի ձևավորման համար: Բայց ամենակարևորը` նրա ազգային պատկանելության ինքնագիտակցությունն էր: Տարիներ հետո Մոնթեն պիտի գրեր այս ամենի մասին, որպես հնագիտական գործնական ծրագրի մի մաս: Ճանապարհորդությունից հետո նա անհագորեն կարդում էր բազմաթիվ գրքեր` Աստվածաշունչ, Ս. Հայրերի գրքերից, ՙՌոբինզոն Կռուզո՚ և այլն: Ծնողների գրադարանում մի գիրք հայտնաբերեց`ՙՀայաստանը և հայերը կամ մի հայի պատմությունը Հայաստանի մասին՚ վերնագրով, որը գրվել էր 20-րդ դարասկզբին և Աբդուլ Համիդի կողմից հայերի բնաջնջման ծրագրի փաստի բացահայտումն էր: Այն սարսռացրեց տասնչորսամյա պատանուն: Թուրքերի ոճրագործության և սադիզմի անթաքույց նկարագրությունները Մոնթեին այնքան չցնցեցին, որքան զոհերի` հայերի խղճալի, ողբալաց և անարի կրավորականությունը: Իսկ ավելի ուշ, երբ Մոնթեն ուսումնասիրում էր 1915թ. ցեղասպանությունը, նրան ապշեցրել է այն փաստը, որ միլիոն ու կեսից ավելի հայերի սպանությունից ու ողջ մնացած մնացյալ հայության իրենց բուն հայրենիքից արտաքսելուց հետո ոչինչ գրեթե չի արվել փոխհատուցման կամ ոճրագործության հետևանքները դատի ներկայացնելու և կորուսյալ հայրենիքը ետ պահանջելու ուղղությամբ: Վաղ դեռահասության տարիքում Մոնթեն սկսեց մտածել իր ու իր պապերի կյանքի մասին և սիրով ու մտահոգ սկսեց ուսումնասիրել իր նախնիների արմատները: Սակայն անհրաժեշտ էր սովորել հայոց լեզուն: Նա ամեն առավոտյան բացում էր իր տատի թավշյա կազմով Նոր Կտակարանը և բարձրաձայն կարդում: Մոնթեն չէր հասկանում իր կարդացած բառերի իմաստը, բայց հաղթահարեց ամեն ինչ և սովորեց իր մայրենին` հայոց լեզուն: Նա գերազանց ուսանող էր Կալիֆորնիայի համալսարանում, իսկ Օքսֆորդի համալսարանում ուսումը շարունակելու համար հատուկ կրթաթոշակ սահմանվեց: Մոնթեն դատապարտված էր առաջնորդ, ղեկավար լինելու, քանի որ նա ուներ ղեկավարի բոլոր հատկություններն ու իմաստությունը: Մոնթեն ինքն իրեն միշտ զգում էր շատ ավելի մեծ ու հարատև փոփոխվող գաղափարի և աշխարհի մաս, որի վերջնական ըմբռնումը մարդկային մտածողությունից վեր է: Նա եղավ Լիբանանում, Իրանում, Աֆղանստանում և այլ երկրներում, և այդ երկրների հայկական համանքների դեպքերի զարգացումով Մոնթեն այն եզրակացության եկավ, որ հայերը երբեք չեն կարողանա իրենց պահանջատիրությունն իրականացնել, եթե զինված առաջապահ խումբ չստեղծեն, որը պետք է ոգևորի և ուղղություն ցույց տա երիտասարդներին: Եվ 1980թ. նա անդամագրվեց Հայաստանի ազատագրության Հայ Գաղտնի բանակին, իսկ հետո դարձավ նրա ղեկավարներից մեկը:1981թ. Մոնթեի աջակցությամբ կազմակերպվեց հայտնի ՙՎան՚ գործողությունը, որը ՀԱՀԳԲ-ին հասցրեց իր պատմության գագաթնակետին: 1981թ. նոյեմբերին Ֆրանսիայի Օրլի օդանավակայանում Մոնթեն ձերբակալվեց կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով: Սկզբում դատապարտվեց չորս ամսվա ազատազրկման, իսկ ավելի ուշ դատարանը որոշեց վտարել նրան Ֆրանսիայից:1985թ. Մոնթե Մելքոնյանը նորից կեղծ անձնագրով մտավ Ֆրանսիա և մի քանի ամիս անց նորից ձերբակալվեց ՙահաբեկչություն՚ կազմակերպելու մեղադրանքով: 1989թ. հունվարի 16-ին Մոնթեն բանտից դուրս է գալիս և իր ապագա կնոջ` Սեդայի հետ շրջագայում տարբեր երկրներում:Նա սիրահարվում է`իր ծրագրում չունենալով սիրահարվելը, քանի որ պարտավորվել էր ամուրի մնալ, ազատ լինել ու նվիրվել միայն հայրենասիրական պայքարին,սակայն կյանքը իր անակնկալն ունի… և 1991թ. օգոստոսին ամուսնանում է: Դեռևս 1990թ. հոկտեմբերին Մոնթե Մելքոնյանը հեռավոր Կալիֆորնիայից վերջնականապես եկավ Հայաստան, և հասավ արդեն սկսված Արցախյան ազատագրական պայքարին: Առաջին անգամ, տարիների ընթացքում նա ոչ բանտում էր, ոչ թաքստոցում, ոչ էլ փախուստի մեջ: Հայաստանում նա ընդունեց Ավո կեղծանունը և 1991թ. սեպտեմբերին մեկնեց Արցախ ու հիմնեց Հայրենասիրական ջոկատը:1992թ. Վազգեն Սարգսյանի առաջարկով ստանձնեց Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետի պարտականությունը: Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը: Իր անկեղծությամբ ու մաքրությամբ` նա շահեց բնակչության սերն ու հարգանքը: Նրա ղեկավարությամբ 1993թ. մարտ-ապրիլ ամիսներին ազատագրվեց Քարվաճառը: ՙԻնձ հանդիպածների մեջ Մոնթեն ամենա, ամենաազնիվն էր աշխարհում: Մոնթեի անձը բնորոշող ամենաուժեղ, ցայտուն երանգը ազնվությունն էր: Նա ենթարկեցրեց, իշխեց իր բանակը ազնվությամբ՚,- գրում է երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանը:
Մոնթեն վարել էր աստանդական կյանք, ապրել տասնյակ երկրներում, տարբեր մականուններով ու տարբեր անձնագրերով: Հայաստանում քիչ էր խոսում իր կյանքի մասին և լրագրողների հարցերին կարճ էր պատասխանում. ՙԻմ մասին շատ բան չունեմ ըսելու, օքե±յ: Ով որ կճանչնա` կճանչնա…Կարևորն այն է, որ Արցախի խնդիրը հասկնանք…և բան մը ընենք…՚ Նա անանձնական երջանկություն ունեցող և բոլորանվեր հայրենասեր էր, այն աստիճան, որ գիտակցորեն իր հոգևոր բոլոր կարողությունները և կյանքը` նվիրեց իր Հայենիքի ազատագրությանը: Մոնթե Մելքոնյանի մի շարք արժեքավոր աշխատությունները վկայում են նաև նրա լուջ մտավորական էության մասին, սակայն նա երբեք չէր բավարարվում տեսական զրույցներով ու վերլուծություններով, նրա համար գործն էր կարևորը: Նա ապրում էր գործելու համար: 1993թ. հունիսի 12-ին Մոնթեն և իր ընկերները Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մոտ հանդիպում են զրահամեքենայի: Կարծելով հայեր են` մոտենում են, պարզվում է ազերիներ են: Սկսվում է փոխհրաձգություն, որի արդյունքում սպանվում են Մոնթեն և ընկերը` Սարիբեկը: Նրա աճյունը ամփոփվեց Եռաբլուրում, իր սիրելի կնոջ` Սեդայի` Մարտունուց բերած մի բուռ հողի հետ միասին: Այսօր նորակոչիկները երդվում են Մարտունու քաղաքապետարանի հրապարակում հրամանատար Ավոյի կոթողային մարմարե հուշարձանի առջև: Իսկ Հայոց բանակի ապագա սպաները ուսանում են Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանում: Մեծ հայրենասերը հետմահու արժանացել է Հայաստանի Ազգային հերոսի և Արցախի հերոսի կոչումների, պարգևատրվելով ՙՀայրենիք՚,ՙՈսկե Արծիվ՚ և ԼՂՀ ՙՄարտական խաչ՚ առաջին աստիճանի շքանշաններով: Իսկ ամենաբարձր պարգևը Մոնթե Մելքոնյանի` Ավոյի համար ազատագրված Արցախն էր: Նա համազգային երևույթ է: Նա ճիշտ ժամանակին հասավ` իր ազգի օրհասական պահին, և ոչ միայն ճակատագիրն ու հոգին նվիրեց, այլ նաև իր երիտասարդ կյանքը: Դժվար է լիովին հասկանալ Ավոյի ներաշխարհը, որովհետև այն իր պարզության մեջ ինչքան ըմբռնելի է, այնքան էլ անըմբռնելի է իր բարդության մեջ:
ՙԵթե մենք կորցնենք Արցախը, մենք կշրջենք մեր ժողովրդի պատմության վերջին էջը՚,- այս թևավոր խոսքերի հեղինակը Մոնթե Մելքոնյանն է, որտեղ խոր իմաստ ու փիլիսոփայություն կա, և թերևս այս արտահայտությունը պիտի խթանի սերունդներ դաստիարակելու հայրենասիրության և հայրենատիրության ոգով: Իսկ Մոնթե Մելքոնյանի` Ավոյի հիշատակի հավերժացման ամենանվիրական արտահայտումը կլինի` իր կիսատ թողած գործը հաղթական ավարտին հասցնելը
ԱՆՆԱ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
:
Վերադառնալ